«Լրագիր» 26-4-2012- Ադրբեջանը որոշել է ստուգել հայկական ուժերի ամրությունը եւ կրակում է բոլոր ուղղություններով: Օրերս 2 ժամվա ընթացքում կրակ է բացվել Տավուշի մարզի Դովեղ գյուղի մանկապարտեզի վրա, իսկ ապրիլի 24-ին ադրբեջանցիները Ղարաբաղում կրակել են սանիտարական մեքենայի վրա, ինչի արդյունքում երկու վիրավոր կա: Այս աղաղակող փաստերը հրապարակային քննարկման առարկա չեն դարձել, սակայն գլխավորը, որ դրանք դիվանագիտական գործողությունների առիթ չեն հանդիսացել: Փաստացի, հայկական դիվանագիտությունը մանկապարտեզի եւ սանիտարական մեքենայի գնդակոծումը բավարար առիթ չի համարում միջազգային մակարդակով բողոք արտահայտելու համար: ԱԳՆ-ն այդպես էլ բողոքի նոտա չի ուղարկել միջնորդներին, ովքեր որոշակի առումով պատասխանատու են հրադադարի ռեժիմի պահպանման համար: ԵԱՀԿ Մինսկի խումբը պարտավոր է միջոցներ ձեռնարկել, որպեսզի Ադրբեջանին ստիպի հետեւել պայմանավորվածություններին: Եվ եթե Բաքուն հետ է կանգնում պայմանավորվածություններից, ապա պետք է նրան պատասխանատվության ենթարկել: Փաստացի լռության մատնելով այս միջադեպերը, հայկական կողմը խոստովանում է սեփական անզորությունը, իսկ ԵԱՀԿ-ն խոսոտովանում է, որ պարտավորությունների իրականացման համար իր անդամներին ստիպելու մեխանիզմների չի տիրապետում: Այնպիսի տպավորություն է, որ Էդվարդ Նալբանդյանն արդեն հրաժեշտ է տվել աթոռին եւ միայն ձեւի համար է աշխատանքի գնում՝ մտածելով, թե ով կզբաղեցնի իր տեղն ընտրություններից հետո: Հակառակ դեպքում նա բաց չէր թողնի Ադրբեջանին մեղադրելու հնարավորությունը, առավել եւս Բաքվում Եվրատեսիլի նախօրեին: Հայ երիտասարդությունը, որը թույլ չի տվել ադրբեջանական տխմար ֆիլմերի ցուցադրությունը եւ իրենից գոհ տուն է գնացել, հարկ չի համարում հավաքվել ԱԳՆ մոտ եւ պահանջել, որ հայկական պետությունը միջոցներ ձեռնարկի իր երեխաներին պաշտպանելու համար: Ներկայիս իրավիճակը կարող է թեստ դառնալ Հայաստանի համար, եւ արձագանքի բացակայությունը, ըստ երեւույթին, կոգեշնչի Ադրբեջանին առավել վճռական գործողություններ ձեռնարկելու համար: Նաիրա Հայրումյան
Friday, April 27, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment