Պաշտոնական հանդիպումների ընթացքում որքան էլ, որ Իրանն ու Թուրքիան հայտարարում են, թե տարածաշրջանային խնդրիների առնչությամբ կողմերը պատրաստ են արդյունավետ համագործակցել, սակայն վերջերս Թուրքիայի վարչապետի` Իրան կատարած այցելությունը ցույց տվեց, որ թե ՛ Իրանի միջուկային ծրագրի, թե ՛ Սիրիայի հարցում Թեհրանի և Անկարայի դիրքորոշումներում առայժմ գոյություն ունեն լուրջ տարաձայնություններ:
Նկատենք, որ Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերի (ՀՀՊ) տեղակայման փաստի հետ կապված դեռևս 2011թ. վերջերին իրանա-թուրքական հարաբերություններում որոշակի լարվածություն նկատվեց: Իրանի ռազմաքաղաքական ղեկավարությունն Անկարային ուղղակի նախազգուշացրեց, որ ցանկացած սպառնալիքի դեպքում Իրանը կտրուկ հակահարված կտա այդ երկրին:
Եթե ՆԱՏՕ-ի ՀՀՊ համակարգերի առնչությամբ Իրանի և Թուրքիայի միջև տեղի ունեցած բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով կատարված փոխայցելությունները փոքր-ինչ մեղմեցին երկկողմ հարաբերություններում առաջացած լարվածությունը, (ս.թ. մարտին Իրան կատարած այցի ընթացքում Էրդողանն Իրանի ղեկավարությանը հավաստիացրեց, որ ՀՀՊ համակարգերը տեղակայելու համար Թուրքիան առաջ է քաշել որոշակի նախապայմաններ, և եթե ՆԱՏՕ-ն խախտի այդ պայմանները, ապա Թուրքիան վերոնշյալ համակարգերը դուրս կբերի իր տարածքից), ապա նաև սիրիական հարցը քննարկելու նպատակով Թեհրան ժամանած Էրդողանի այցից հետո Անկարայի և Թեհրանի հարաբերություններն էլ ավելի սրվեցին:
Նկատենք, որ բացի Սիրիայի ներքաղաքական հարցերի շուրջ բանակցություններ վարելուց, Էրդողանն Իրան էր մեկնել առաջիկայում Իրանի և 5+1 խմբի (ՄԱԿ-ի ԱԽ 5 մշտական անդամներ և Գերմանիա) հանդիպումը Ստամբուլում անցկացնելու առաջարկով: Պաշտոնական Թեհրանը ողջունեց Թուրքիայի առաջարկը, սակայն Էրդողանի` Իրանից վերադառնալուց հետո Ստամբուլում գումարվեց «Սիրիայի բարեկամների» համաժողովը, որին հրավիրված չէր Իրանը, իսկ Չինաստանն ու Ռուսաստանը մերժեցին մասնակցել:
Հիշեցնենք, որ դեռևս ս.թ. փետրվարին ԻԻՀ Մեջլիսի նախագահի խորհրդական, ԱԳ նախկին փոխնախարար Հոսեյն Շեյխոլէսլամը, խոսելով Սիրիայի ներքաղաքական գործընթացների մասին, նշել էր. «Թուրքիայի գործած սխալների պատճառով է, որ այդ երկիրը խնդիրներ ունի իր հարևանների հետ, Անկարան խնդիրներ ունի և Իրանի, և Սիրիայի և Իրաքի հետ»: Իսկ մինչ այդ իրանական «իրդիփլոմաթիք.քոմ» կայքը, Թուրքիայի փոխվարչապետի` սիրիական հարցում Իրանի հասցեին հնչեցրած մեղադրանքները որակելով որպես դատարկաբանություն, գրել էր. «Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությունն այն պարագայում է հնչում, երբ պաշտոնական Թեհրանը Սիրիայի հարցում բազմիցս հանդես է եկել իր հստակ դիրքորոշմամբ, այն է` սիրիական ճգնաժամը պետք է լուծվի խաղաղ բանակցությունների ճանապարհով` առանց արտաքին ուժերի միջամտության: Ի հեճուկս Իրանի, Թուրքիան միջամտելով Սիրիայի ներքին գործերին և միջազգայնացնելով այդ հարցը, ջանում է վնաս հասցնել Դամասկոսին»:
Դառնալով օրերս Ստամբուլում գումարված «Սիրիայի բարեկամների» համաժողովին` Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին, անդրադառնալով Սիրիայի հարցով գումարված Ստամբուլի կոնֆերանսին, նշեց, որ կոնֆերանսի մասնակից երկրների նպատակը տարածաշրջանում կրոնական պատերազմ առաջացնելն է: Իրանի պաշտպանության նախարարի հայտարարությունից հետո Թուրքիայում Իրանի դեսպան Բահման Հոսեյնփուր Դաշթեգոլին կանչվեց արտաքին գործերի նախարարություն, որտեղ նրանից Ստամբուլի կոնֆերանսի վերաբերյալ իրանցի բարձրաստիճան պաշտոնյաների արած հայտարարությունների վերաբերյալ պարզաբանումներ էին պահանջել:
Թուրքիայի հասցեին քննադատական հայտարարություններով հանդես եկավ նաև Իրանի Քաղաքական համակարգի նպատակահարմարությունը կողմնորոշող խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզային, ով քննատելով Անկարայի քաղաքականությունը, նշել էր, որ Թուրքիան հավատարիմ չէ իր ստանձնած պարտավորություններին:
Իրանի և Թուրքիայի հարաբերությունների լարվածությունն հասավ իր գագաթնակետին, երբ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառնալով Իրանի և 5+1 խմբի բանակցությունները Ստամբուլում անցկացնելու Անկարայի առաջարկն Իրանի կողմից մերժելու փաստին, հայտարարեց, որ իրանցիներն հավատարմություն և անկեղծություն չունեն:
Իրանի Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Էսմայիլ Քոուսարին, արձագանքելով Թուրքիայի վարչապետի` Իրանի հասցեին հնչեցրած վիրավորական հայտարարությանն ու Թուրքիայում ԻԻՀ դեսպանին ԱԳՆ կանչելու փաստին, հայտարարեց, որ Թուրքիան իր հնչեցրած հայտարարությունների և իրագործած քայլերի հանդեպ պետք է ամոթի զգացում ունենա:
Իրանցի խորհրդարանականը նշեց, որ Էրդողանն այլևս չի տիրապետում քաղաքական իրավիճակին, և որ Թուրքիայի իշխանությունները գերտերությունների ձեռքին գործիք են դարձել և այլևս չեն կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել:
Իրանի և Թուրքիայի միջև տեղի ունեցող վերջին զարգացումների առնչությամբ` նախօրեին հեռախոսազրույց է տեղի ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի և Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սայիդ Ջալիլիի միջև: Հայտարարությամբ հանդես է եկել նաև ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը, ով հայտարարել է, որ երկու երկրների պաշտոնյաների կողմից հնչեցրած հայտարարությունները չպետք է բացասական ազդեցություն գործեն երկու երկրների հարաբերությունների վրա:
Եթե մինչ այժմ Թեհրանն Իրանի միջուկային ծրագրի հարցում որոշակի հույսեր էր կապում Անկարայի հետ, ապա իրանա-թուրքական հարաբերություններում վերջին օրերին արձանագրված իրադարձությունները վկայում են, որ պաշտոնական Իրանն այլևս չի վստահում Թուրքիային, քանի որ վերջինիս հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում միմյանց: Հակառակ Թուրքիայի իշխանությունների պնդումներին, թե Անկարան երբեք չի միանա Իրանի նկատմամբ կիրառվող տնտեսական պատժամիջոցներին, Էրդողանի` Իրան կատարած այցի հաջորդ օրը Թուրքիան որոշում ընդունեց 20 տոկոսով նվազեցնել իրանական նավթի ներկրման ծավալները:
Մյուս կողմից, Թուրքիայի վարչապետը Մաշհադում ԻԻՀ հոգևոր առաջնորդի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, թե երկու երկրները պետք է միասին օգնեն Սիրիային, սակայն Թուրքիա վերադառնալուց հետո Ստամբուլում գումարվեց «Սիրիայի բարեկամների» համաժողովը, որի մասնակիցներին պաշտոնական Թեհրանն անվանեց «Սիրիայի թշնամիներ»: Ակնհայտ է, որ Անկարան Սիրիայի իշխանությունների վրա ճնշում գործադրելով, այդ կերպ փորձում է տարածաշրջանում հնարավորինս թուլացնել Իրանի դիրքերը:
Հեղինակ` Արմեն Իսրայելյան
Saturday, April 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment