«Լրագիր» 26-5-2010- Շվեդիայի թագավոր Գուստավ 16-րդը որոշել է, որ անձամբ է իր դստերը` արքայադուստր Վիկտորիային, որը հոր ժառանգորդն է, ուղեկցելու խորանի մոտ, Վիկտորիայի ամուսնական արարողությանը, որ նշանակված է հունիսի 19-ին: Թագավորի այդ որոշումն արդեն իսկ դարձել է բուռն քննարկումների առարկա, արժանացել Շվեդիայի եկեղեցու քննադատությանը: Քննադատները համարում են, որ թագավորական ընտանիքը հասարակ ընտանիք չէ, եւ թագավորի որոշումը հակասում է արքունիքային կանոններին: Արքայադուստր Վիկտորիան ամուսնանում է իր անձնական ֆիտնես-մարզչի` Դաբիել Վեստլինգի հետ:
Դա եվրոպական արքունիքների առաջին օրինակը չէ, երբ արքայադուստրը կամ արքայազնը ամուսնանում են “հասարակ” քաղաքացու հետ, խախտելով արքունական կանոնները: Շվեդական թագավորական ընտանիքն այդ առումով բացառություն չէ, թեեւ թագավոր Գուստավը գուցե մի քայլ առաջ է գնում եւ անձամբ է “ոտնձգություն” կատարում այդ կանոնների հանդեպ: Մինչ այդ կարծես թե եվրոպական թագավորների շրջանում չի եղել այդպիսի բան, որ թագավորն ինքը գնա արքունական կանոնների դեմ: Այդ տեսակետից Շվեդիայի թագավորը երեւի թե արժանի է ողջույնի:
Շրջապատը գուցե հաճույք է ստանում այդ նիստուկացի եւ արարողակարգի պահպանությունից, դրա մեջ տեսնում ազգային ինչ որ նկարագրի կամ դիմագծի, ազգային ինքնության դրսեւորումներ, թեեւ արքունիքներն ամենուր էլ մեծ հաշվով նույնն են, եւ ազգայինն այստեղ ավելի քիչ է, քան օրինակ բնազդայինը: Առավել եւս 21-րդ դարում մի քիչ անհասկանալի է դառնում թագավորական նիստուկացի գոյությունը: Այն իրենից թերեւս միայն պատմամշակութային արժեք է ներկայացնում: Ու միանգամայն բնական է, որ թագավորական ընտանիքների անդամները աստիճանաբար, կամաց-կամաց հասկանում են, որ շնչավոր “էքսպոնատի” չվերածվելու համար, կամ “էքսպոնատից” մարդու վերածվելու համար հարկավոր է ազատվել այդ նիստուկացի գերությունից: Նրանք ցանկանում են լինել մարդ, ապրել ինչպես մարդ, ոչ թե լինել ցուցադրության եւ պաշտամունքի առարկա:
Անշուշտ, ամենայն հավանականությամբ նրանցից շատերի մեջ “կապտարյունության” բարդույթները հաղթահարված չեն, գուցե նույնիսկ հասարականալու որոշումներից հետո էլ նրանց մոտ տեւական ժամանակ ներքին պայքար է, որը մինչեւ կյանքի վերջ գուցե չի էլ ավարտվում, կամ ավարտվում է նրանով, որ ոչ թե արքունականությունն է դառնում ձեւական, այլ հասարակությունը: Բայց նկատելի է, որ Եվրոպայի արքունիքներում առկա է “մարդանալու” որոշակի միտում, գործընթաց, որն ունի ծավալվելու եւ հիմնարար դառնալու հուսադրող միտում: Թեեւ շատերը գուցե կասեն, թե մեզ ինչ` ինչ կլինի եվրոպական արքունիքների հետ: Մեզ իսկապես, ոչինչ: Բայց խնդիրը տվյալ դեպքում այն է, որ եվրոպական այդ միտումների ֆոնին, էլ ավելի են ակնառու դառնում Հայաստանում առկա որոշակի հակառակ միտումները:
Խոսքն իհարկե առայժմ հայկական արքունիքի վերականգնման մասին չէ, բայց եթե հայաստանյան “էլիտա” համարվող խավի մտածողությունը մի քիչ էլ հարատեւի, ապա կասկած չկա, որ այդ “էլիտայի” հաջորդ քայլը լինելու է արքունիքի ձեւավորմանն ուղղված ջանքը: Բանն այն է, որ հայաստանյան “էլիտան” գտնվում է այսպես ասա “թագավորական վայելքների” մեջ: Բավական է քիչ թե շատ հետեւել այդ “էլիտայի” ապրելակերպին` սկսած բնակարանների արքունական տեսքից եւ հասարակության շրջանում այդ “էլիտայի” ներկայացուցիչների, նրանց հարազատների` կանանց ու երեխաների պահվածքից, որպեսզի նկատելի լինի, թե որքան շատ են նրանց արքունական հավակնությունները: Իսկ ինչպես հայտնի է, հայաստանյան “էլիտան”` բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ, սովոր է իր հավակնությունները արագ ու օպերատիվ բավարարելուն: Այնպես որ, ամենեւին զարմանալի չի լինի, եթե մի օր պարզվի, որ Հայաստանում իշխողն այլեւս նժդեհականությունը կամ տարոնականությունը չեն, այլ “ազնվականությունը”:
Ընդ որում, հայկական “ազնվականությունն” իհարկե կունենա իր առանձնահատկությունը, ի տարբերություն եվրոպականի: Եթե այնտեղ ազնվականությունը կարծես թե թանգարանային էքսոնատի է վերածվել եւ պայքարում է մարդ դառնալու կամ մնալու համար, ապա հայկական “ազնվականության” համար մարդիկ կվերածվեն “էքսպոնատի”, եթե իհարկե արդեն չեն վերածվել: Թեեւ չկա չարիք առանց բարիքի, եւ գուցե այդ միջոցով մարդիկ այդ “ազնվականության” համար կդառնան անձեռնմխելի, քանի որ ինչպես հայտնի է էքսպոնատներին չի կարելի ձեռք տալ: Թեեւ այս անգամ էլ գուցե կսկսեն “ոտք տալ”:
Իրականում, իհարկե, խնդիրը բավական լուրջ է եւ պայմանավորված է ազգային հոգեբանությամբ, բարդույթներով, արժեհամակարգով: Բայց խնդիրն այն է, որ այդ հոգեբանությունն ու արժեհամակարգը պետք է փոխի, բարդույթները պետք է հաղթահարի հենց էլիտան: Բայց ակնհայտ է նաեւ, որ Հայաստանի ներկայիս իշխանական էլիտան կամ էլիտա կոչվածը անկարող է դա անել: Ընդ որում, հատկանշականն այն է, որ մեծ հաշվով այդ խնդիրը Հայաստանի անկախ հանրապետության ուղեկիցն է դրա ծննդի հենց առաջին իսկ տարիներից, երբ տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ սկսեցին Երեւանում շրջել շքեղ մեքենաներով, կառուցել շքեղ բնակարաններ: Դրանք անշուշտ անհամեմատելի են ներկայիս շքեղությունների հետ, բայց իրենց ժամանակին էլ դրանք էին շքեղության չափանիշները:
Մինչդեռ, Հայաստանի Հանրապետության ստեղծման ժամանակաշրջանը կարծես թե ինքնին ենթադրում էր, որ էլիտան իր առաջ պետք է դներ սակավակյացության` ասկետության խնդիրը, այն դարձնելով պետական պաշտոնյայի առաջնահերթ բնութագրիչներից մեկը: Բայց այդ բանը տեղի չունեցավ, այլ արձանագրվեց հակառակ միտումը, որը խորացավ, ձեւավորելով եւ բյուրեղացնելով նորաստեղծ պետականության “էլիտար” մտածողությունը: Ինչպես եւ ով պետք է հաղթահարի այդ ամենը, եթե դա հաղթահարելու հիմնական պարտականությունն ու լծակներն ունեցող “էլիտան” անկարող է թե հոգեբանորեն, թե մտածողության, թե նաեւ կամքի տեսանկյունից: Բանն այն է, որ հասարակական այդ հոգեբանությունն ու մտածողությունը հաղթահարելու գործում այլընտրանքային համակարգերի ձեւավորումը եւ դրանց միջոցով հասարակական արժեհամակարգն ու մտածողությունը փոխելը բավական բարդ է այն առումով, որ հանրային հոգեբանության եւ մտածողության ձեւավորման համար չափազանց մեծ ազդեցություն ունեն կյանքի պայմանները: Եթե մարդը քշված է անկյուն եւ անգամ գոյություն պահպանելու համար ստիպված է գրեթե ամեն քայլափոխի առնվազն կոմպրոմիսի, իսկ հաճախ էլ ուղղակի միակողմանի զիջման գնալ ներկայիս “էլիտայի” հաստատած համակեցության կանոնների հետ, ապա շատ դժվար է նրա հոգեբանության մեջ այլ արժեքներ սերմանելը: Մարդու հոգեբանությանն ավելի շուտ եւ շատ հասնում է այն արժեքը, որը նրան օգնում է ապահովել իր նյութական կարիքները: Լավ է դա, թե վատ, բայց դա փաստ է, որն ուղղակի անհնար է չնկատել ու հաշվի չառնել Հայաստանի իրավիճակի որակական փոփոխության մասին մտածելիս եւ այդ ուղղությամբ նախաձեռնություն ցուցաբերելիս:
Հետեւաբար, հանրային հոգեբանությունն ու արժեհամակարգը փոխելը գործնականում անհնար է, եթե չի փոխվում հասարակության կյանքի որակն ու համակեցության կանոնները: Շատ հաճախ ներկայացվում է հակառակ ուղղությունը` հասարակության հոգեբանության եւ մտածողության փոփոխությունն է կյանքի որակն ու համակեցության կանոնները փոխելու գրավականը: Մի քիչ նման է հավի ու ձվի պատմությանը, բայց միայն առաջին հայացքից: Իրականում, այդ հակառակ տարբերակը շրջանառության մեջ է դրվում պատասխանատվությունը փոշիացնելու համար: Դա հիմնականում անում է իշխանությունը, որը Սահմանադրությամբ եւ օրենքներով պարտադրված իր գրեթե բոլոր գործառույթների ձախողումը արդարացնում է նրանով, որ հասարակության մտածողությունն այն չէ եւ հասարակությունը չի օգնում իշխանությանը:
Մյուս կողմից, թերեւս “վատ օրինակը վարակիչ” է սկզբունքով, իշխանության այդ մարտավարական հնարքը հաճախ կիրառվում է նաեւ ընդդիմադիր ուժերի մոտ, որոնք իրենց հռչակած նպատակների չիրականացումը հաճախակի, քողարկված կամ ուղղակի բաց ակնարկների միջոցով պատճառաբանում են հասարակության պասիվությամբ, հասարակության անտարբերությամբ, անհետեւողականությամբ:
Մինչդեռ, Հայաստանի նորանկախ պատմության ընթացքում արձանագրված օրինակները վկայում են, որ հասարակությունը շատ արագ եւ օպերատիվ կազմակերպվում ու արձագանքում է, եթե նրան առաջարկվում է իրավիճակից ելքի հստակ տարբերակ: Հասարակությունն առաջին հայացքից է թվում կարծրացած օրգանիզմ, իրականում թերեւս կարծրացած են հայաստանյան տարբեր էլիտաները, ինչն էլ արտացոլվում է նրանց հայելին հանդիսացող հասարակության մեջ:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, May 26, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment