Monday, May 14, 2012

Թուրքիայից 100-ից ավել մարդ է այցելել Հայոց ցեղասպանության թանգարան

HayNews.am. 14-5-2012- Թուրքական «Ռադիքալ» պարբերականը ներկայացրել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հետ զրույցը: Հրանտ Դինք հիմնադրամի միջոցով Հայաստան են ժամանել մի խումբ թուրք լրագրողներ, ովքեր այցելել են Ծիծեռնակաբերդ և զրույց ունեցել Դեմոյանի հետ: Լրագրողների հետ զրույցում Դեմոյանը նշել է, որ միայն այս տարի Թուրքիայից 100-ից ավել մարդ է այցելել թանգարան: «Թուրքիայից եկած մարդիկ մինչ այցելելը հարցնում են, թե ինչպես հավատան այստեղ ներկայացվածին: Սակայն յուրաքանչյուր 10 այցելուից 9-ը թանգարանից համոզված են հեռանում: Մենք ունեն հյուրերի մատյան: Այստեղ թուրքերենով իրենց զգացածը գրողներ կան` ստորագրած իրենց անուններով: Մի թուրք լրագրող ցանկանում էր նկարել մատյանում գրված տողերը, ինչը միջադեպի առիթ դարձավ, քանի որ այնտեղ գրվածները շատ անձնական են: 25 տարեկան մի երիտասարդ էլ, ով Ստամբուլում տեղեկատվական տեխնոլոգիաներ էր սովորում, այստեղ սկսեց բարձրաձայն լացել, ապա ոչինչ չասելով` հեռացավ»,-զրույցի ժամանակ նշել է Դեմոյանը: Թուրք լրագրողներին հետաքրքրել է նաև այն անկյունը, որը նվիրված է հայերին փրկող թուրքերին: «Հայերին օգնող թուրքերը մեծ պատկերի մի մասն են: Մեր նոր ցուցադրությունը նվիրված է այս թեմային: Հայերին օգնելով` թուրքերը վտանգի էին ենթարկում իրենց: Անգամ պետության կողմից որոշումներ կային` պատժելու հայերին օգնողներին»,-հավելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենը:

No comments: