Wednesday, May 23, 2012

Թուրքիան 11 տարում կդառնա աշխարհի ամենազարգացած տնտեսություններից մեկը. Էրդողան

Tert.am. 23-5-2012- Մինչև 2023 թ.-ը Թուրքիան նախատեսում է մտնել աշխարհի ամենախոշոր տնտեսություններն ունեցող պետությունների առաջին տասնյակը. Աստանայում ընթացող տնտեսական ֆորումի ընթացքում հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք համոզված ենք, որ կհասնենք այդ նպատակներին և ջանքեր չենք խնայի դրա համար: Այդ պատճառով էլ մեծ ուշադրություն ենք դարձնում մասնավոր սեկտորին և արդեն հաջողություններ ենք գրանցել այս ոլոտում»,- ասել է Էրդողանը: Թուրքիայի Կենտրոնական բանկի արժութային պաշարները ներկայում 93 միլիարդ դոլար են, մինչդեռ 9 տարի առաջ այդ ցուցանիշը 27 միլիարդ է եղել: Էրդողանը նաև հիշեցրել է, որ 10 տարի առաջ երկրի պետական պարտքը կազմել է ՀՆԱ-ի 74 %-ը: «Այժմ այդ թիվն էապես կրճատվել է, ինչը հնարավորություն կտա մեծացնել զբաղվածության մակարդակը, զարգացնել տնտեսությունն ու առևտուրը` ավելացնելով նաև Թուրքիայի հանդեպ վստահությունը»,- ասել է Էրդողանը: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Իլհաս» գործակալությունը` Էրդողանն իր ելույթում նաև խիստ քննադատության է ենթարկել միջազգային վարկանիշային կազմակերպություններին: Անդրադառնալով Standard & Poor's կազմակերպության կողմից վերջերս Թուրքիային ցածր նիշ տալու փաստին` Էրդողանն ասել է, որ այդ կազմակերպությունները չպետք է երկրների հանդեպ գաղափարական մոտեցում ունենան: «Դա անարդար պայմաններ է ստեղծում և կարող է վնասել զարգացող երկրներին: Ես զգուշացնում եմ այդ կազմակերպություններին և տեղեկացնում, որ այդ հարցը բարձրացնելու եմ նաև «Մեծ քսանյակի» երկրների հերթական հավաքի ընթացքում»,- ասել է նա:

No comments: