Wednesday, May 23, 2012

Ոչ մի հայ երբեք չի մոռանա, չի լռի Ցեղասպանության մասին. Էդվարդ Նալբանդյան

Tert.am. 23-5-2012- ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը մայիսի 22-ին մասնակցել է Բոստոնի կենտրոնում գտնվող Հայկական ժառանգության այգու և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի պաշտոնական բացման արարողությանը և ասել, որ ոչ մի հայ երբեք չի մոռանա Հայոց ցեղասպանության մասին։ Ցեղասպանության հուշարձանի բացումը խորհրդանշող ժապավենը կտրել են ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկը, կոնգրեսմեն Էդ Մերկին, Բոստոնի քաղաքապետ Թոմաս Մենինոն, Հայկական ժառանգության հիմնադրամի նախագահ Ջիմ Գալստյանը, ԱՄՆ արևելյան ափի հոգևոր առաջնորդները: «Հայկական ժառանգության այգին Բոստոնի սրտում առաջին հուշարձանն է, որը հիմնվել է Մասաչուսեթսի պետական սեփականություն հանդիսացող տարածքում ու նվիրված է Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին. այն նաև խորհրդանշում է հայ համայնքի ներդրումը ամերիկյան հասարակության մշակութային բազմազանության մեջ։ Այս այգին նաև հայկական համայնքի երախտագիտության արտահայտությունն է Միացյալ Նահանգներին, ամերիկյան ժողովրդին, Մասաչուսեթս նահանգին և այս քաղաքին, որն ընդունել է Հայոց Ցեղասպանության հետևանքով հայրենազրկված հազարավոր հայերի»,– բացման արարողության ժամանակ ասել է Էդվարդ Նալբանդյանը։ Անդրադառնալով պատմական հիշողության կարևորությանը՝ Էդվարդ Նալբանդյանը նշել է. «Ասում են՝ մարդկային հիշողությունը կարճ է, բայց վստահաբար այդպիսին չէ մարդկության հիշողությունը։ Նրանք, ովքեր հույս էին տածում, որ ժամանակը մոռացության կմատնի Ցեղասպանության հրեշավոր հանցագործությունը, խորապես սխալվել են։ Այսօր, գրեթե 100 տարի անց, հազարավոր մարդկանց ներկայությունն այս հուզիչ արարողությունը՝ դրա վառ ապացույցն է։ Այս նախաձեռնությունն իրականություն է դարձել Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին և վերահաստատում է, որ աշխարհում ապրող յուրաքանչյուր հայ երբեք չի մոռանալու, չի լռելու, ճշմարտություն ու արդարություն է պահանջելու: Եվ հայ ժողովրդի՝ այս արդար պահանջներին պետք է աջակից լինեն բոլոր նրանք, ովքեր մտահոգ են մարդկության խաղաղ ապագայի համար: Ցեղասպանությունների ժխտումը, անպատժելիությունը մարդկության դեմ նոր հանցագործությունների իրականացման ճանապարհ են հարթում։ Անկախ աշխարհաքաղաքական և այլ շահերից, միջազգային հանրությունը պետք է միասնաբար պայքարի ցեղասպանության դատապարտման և դրա կանխարգելման համար։ Այդ միասնականության բացակայության պատճառով է, որ մարդկությունն ականատես է լինում ցեղասպանությունների իրագործման նոր փորձերի»։ Նախարար Նալբանդյանն ընդգծել է. «Մեր միասնական ջանքերը սկսում են արդյունքներ տալ։ Շուրջ մեկ դար Թուրքիայում փակի տակ գտնվող քննարկումը բացվում է: Այդ առումով թուրք հայտնի գործարար Իցհակ Ալատոնի կոչը խորհրդանշական է. նա ասում է. «Եսկե՛ք բարձրացնենք մեր ձայնը Անկարայի խորհրդարանում, եկեք հարգենք անմեղ զոհերի հիշատակը և առճակատվենք մեր անցյալի հետ»։ Ավելի ու ավելի շատ մարդիկ են Թուրքիայում սկսում մտածել Ալատոնի պես։ Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունները Ստամբուլում և այլ թուրքական քաղաքներում դրա վկայությունն են։ Կցանկանայի հույս հայտնել, որ այս այգին կդառնա մի վայր, մի ուխտատեղի, որտեղ կգան ոչ միայն Ցեղասպանության զոհերի ժառանգները, այլ նաև այդ հանցագործությունն իրագործողների ժառանգները և միասին ծաղիկներ կդնեն անմեղ զոհերի հիշատակին»։ Այգու բացման արարողությունից առաջ Էդվարդ Նալբանդյանն ու Հրանուշ Հակոբյանը հանդիպել են Մասաչուսեթսի նահանգապետ Դեվալ Պատրիկի հետ, ում շնորհակալություն հայտնել Մասաչուսեթսի հայկական կազմակերպությունների նախաձեռնություններին աջակցելու համար: Հանդիպմանը հանգամանալից քննարկում է տեղի ունեցել հայ-ամերիկյան բարեկամական գործընկերության ամրապնդմանն առնչվող հարցերի, Հարավային Կովկասի տարածաշրջանային խնդիրների շուրջ: Բոստոնում Հայաստանի արտաքին գործերի և սփյուռքի նախարարները այցելել են նաև Սուրբ Երրորդության եկեղեցի, Հայկական մշակութային և կրթական կենտրոն և Հայկական թանգարան: Հայաստանից միջոցառմանը ներկա են եղել նաև Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը: Նորաբաց այգին օրհնել են ամերիկահայ հոգևորականները: «Սա մեր հայկական համայնքի և մեր նահանգի շփման հպարտ խորհրդանիշն է», - այգու բացման առիթով ասել է Մասաչուսեթսի նահանգապետը: Հայկական ժառանգության հիմնադրամը ստեղծվել է 2005-ին, ներառում է Մասաչուսեթսի ավելի քան 35 հայկական կրոնական, մշակութային, կրթական և մարդասիրական կազմակերպություններ:

No comments: