Tert.am. 1-5-2012- Այս տարվա հունվար-մարտին բոլոր տեսակի տրանսպորտներով Հայաստանից մեկնածների թիվը ժամանողներից ավելի է 28 հազար 100-ով: Այս տվյալը հրապարակել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայությունը: Անցած տարվա նույն ժամանակահատվածում մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 20 հազար 400-ով: Այսինքն, այս տարի մեկնող-ժամանողների տարբերության բացասական հաշվեկշիռն աճել է 7 հազար 700 մարդով: Պաշտոնական վիճակագրության այս թվերով ստացվում է, որ 2012-ի առաջին երեք ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, 38 տոկոսով ավելի մարդ է մեկնել և չի վերադարձել: Իհարկե, այս տարվա առաջին եռամսյակի մեկնում-ժամանումների վերը բերված 28 հազար 100 թվին չի կարելի վերապահումով չմոտենալ, քանի որ դրա ստացման հետ կապված որոշ հարցեր են ծագում: Բանն այն է, որ պաշտոնական վիճակագրությամբ` միայն այս տարվա մարտին բոլոր տեսակի տրանսպորտային միջոցներով Հայաստանից մեկնողների թիվը ժամանողներից ավելի է եղել 13 հազար 700-ով: Այս տարվա հունվար-փետրվար ամիսներին մեկնողների թիվը ժամանողներից ավելի էր 17 հազար 500-ով: Թվում է, թե այս երկու թվերի հանրագումարը պետք է կազմեր 31 հազար 200: Բայց ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն ծառայության հրապարակած վիճակագրությամբ` այդ երկու թվերի հանրագումարը կազմել 128 հազար 100: Իսկ թե ինչպես են այդ թիվը ստացել, միայն այդ կառույցի մասնագետներին է հայտնի:
Tuesday, May 1, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment