Tuesday, May 1, 2012

Պետդեպարտամենտը հերքել է այն տեղեկատվությունը, ըստ որի ԱՄՆ-ն Իրանին թույլ կտա ուրանը հարստացնել մինչեւ 5%

News.am. 1-5-2012- ԱՄՆ-ի պետդեպարտամենտը հերքել է որոշ լրատվամիջոցների տեղեկատվությունն այն մասին, որ Վաշինգթոնը պատրաստ է Իրանին թույլ տալ ուրանը հարստացնել մինչեւ 5%` որոշակի զիջումների դեպքում: «Ես չգիտեմ, թե որտեղից է այդ տեղեկատվությունը: Հնարավոր է, այն անհաջող հոդվածից է, որը ես տեսել եմ հանգստյան օրերին… Ես կասեի, որ մեր դիրքորոշումը նույնն է մնում, որ մենք ուզում ենք, որ Իրանը կատարի իր միջազգային պարտավորությունները, այդ թվում դադարեցնի ուրանի հարստացումը, որը պահանջում են ՄԱԿ-ի մի քանի բանաձեւերը», - ապրիլի 30-ի ճեպազրույցում ասել է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտորյա Նուլանդը: Նա ընդգծել է, որ Իրանի հետ հարաբերությունների հետ ցանկացած մանրամասներ կքննարկվեն «վեցյակի» բանակցային սեղանի շուրջ, հաղորդում է «ՎԶԳԼՅԱԴ»-ը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, տեղեկատվությունն այն մասին, որ ԱՄՆ-ի ղեկավարությունում հանգում են Իրանի միջուկային ծրագրի լուծման համար փոխզիջման տարբերակի, հայտնվել էր Los Angeles Times թերթում: Հրատարակչությունը, հղում անելով ամերիկյան աշխատակազմի իր աղբյուրներին, նշել էր, որ Իրանի միջուկային օբյեկտների նկատմամբ միջազգային վերահսկման փոխարեն ԱՄՆ-ը կարող է համաձայնել, որ Իրանն ուրանը հարստացնի մինչեւ 5%:

No comments: