Tuesday, May 1, 2012

Ադրբեջանը ստանձնեց ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահությունը

Tert.am. 1-5-2012- Ադրբեջանն այսօր մեկ ամսով ստանձնեց ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահությունը` այս պաշտոնում փոխարինելով ԱՄՆ-ին: Հունիսին նախագահությունը կանցնի Չինաստանին: «ՄԱԿ-ի ԱԽ-ի նախագահման ժամանակ, Ադրբեջանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները կմնան նույնը»,- «ԻՏԱՌ ՏԱՍՍ» գործակալության հետ զրույցում ասել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Ագշին Մեհթիևը: Ադրբեջանի անդամակցությունը Խորհրդին ոչ մի կերպ չի ազդի արտաքին քաղաքականության առաջնահերթությունների վրա, որոնք, ըստ Մեհթիևի, կայուն ու մշտական բնույթ են կրում: Քանի որ ԱԽ-ի առաջիկա 31 օրվա աշխատանքային ծրագիրը դեռ հաստատված չէ, դեսպանը չի մանրամասնել այդ մասին: Այնուամենայնիվ, նա ընդգծել է, որ նախագահության ժամանակ «օրակարգում կլինեն միջազգային խաղաղության ու անվտանգության աջակցությանը, նաև Բալկաններում, և, բնականաբար, Մերձավոր Արևելքում ու Աֆրիկայում տիրող իրավիճակին նվիրված հարցեր»: Ըստ նրա` չի շրջանցվի նաև Սիրիայի խնդիրը: Ընդգծելով, որ Ադրբեջանը հանդիսանում է Իսլամական համագործակցության կազմակերպության ու Չմիանալու շարժման անդամ, Մեհթիևը հայտնել է, որ իր երկիրն «ունի ԱԽ օրակարգի շատ հարցերի շուրջ սեփական դիրքորոշումը»: «Եթե մեր կարծիքը համընկնում է այլ երկրների դիրքորոշումների հետ, ապա հրաշալի է, իսկ եթե ոչ, ապա մենք ունենք մեր սկզբունքները, որոնցից հրաժարվել չենք պատրաստվում»,- հայտարարել է նա: Պատմության մեջ առաջին անգամ Ադրբեջանը 2011թ.-ի հոկտեմբերին ընտրվեց ՄԱԿ-ի ԱԽ անդամ: 2012-ի հունվարի 1-ից այն ստացավ ԱԽ-ի ոչ մշտական անդամի կարգավիճակ:

No comments: