Saturday, May 5, 2012

Հանրապետության հրապարակում գազով փուչիկների բռնկվելու արդյունքում միջադեպ է տեղի ունեցել

Tert.am. 4-5-20125- Քիչ առաջ արտառոց միջադեպ է տեղի ունեցել Երևանի Հանրապետության հրապարակում։ «Հայաստանի հանրապետական կուսակցության» կազմակերպած համերգ–հանրահավաքի ժամանակ գազով լցված փուչիկներ են բռնկվել և այրվածքներ են ստացել նախնական տվյալներով շուրջ 30 քաղաքացիներ։ Հրապարակում գտնվող մարդիկ վախեցել են անակնկալ միջադեպից։ Tert.am–ի թղթակիցը դեպքի վայրից պատմում է, որ այժմ շտապօգնության մեքենաներ են ժամանում դեպքի վայր։ Հանրապետության հրապարակում բարձրախոսով հայտարարվել է, որ բոլոր վնասվածք ստացած մարդիկ հավաքվեն Կառավարության շենքի ժամացույցի տակ՝ որպեսզի անհրաժեշտ օգնություն ստանան։ Tert.am–ի թղթակիցը նաև հայտնում է նաև, որ Հանրապետության հրապարակում, դեպքի վայրում աշխատում են մեծ թվով ոստիկաներ, բուժօգնության աշխատակիցներ և փրկարարներ։ 20։43 Քիչ առաջ ՀՀ նախագահը ժամանել է «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ էլ տեղափոխվել են վնասվածքներ ստացած որոշ քաղաքացիներ։ ՀՀԿ համերգ–հանրահավաքը ժամանակից շուտ դադարեցվել է։ 21.26 Ըստ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության՝ նախնական տվյալներով վիրավորների թիվը 107 է, այդ թվում՝ Ճառագայթային բժշկության և այրվածքաբանության կենտրոն է տեղափոխվել՝ 30, «Արմենիա»բժշկական կենտրոն՝ 20, կլինիկական թիվ 1 հիվանդանոց՝ 9, Պռոշյան հիվանդանոց՝ 20, Հերացի թիվ 1 հիվանդանոց՝ 20, Մուրացանի բժշկական կենտրոն՝ 5 հոգի, Սուրբ Աստվածածին ծննդատուն՝ 2 երեխա:

No comments: