Tuesday, May 1, 2012

Թուրքական բանակը կզրկվի «հատուկ դերից»

Tert.am. 1-5-2012- Թուրքիայի խորհրդարանում հատուկ բազմակուսակցական կոմիտե է ձևավորվել, որը զբաղվում է երկրի նոր սահմանադրության մշակման աշխատանքներով, հայտնում է BBC News-ը: Նոր մայր օրենքը «կլինի լիովին ժողովրդավարական, դրանում այսուհետ բանակի «հատուկ դերի» համար տեղ չի լինի, կհանվեն քաղաքացիական ազատությունների ու փոքրամասնությունների, մասնավորապես` քրդերի իրավունքների սահմանափակումները»: Ակնկալվում է, որ նոր սահմանադրությունը պատրաստ կլինի տարեվերջին: Գործընթացի մասնակիցները վստահեցրել են, որ մշակման աշխատանքները հարթ են ընթանում` և իշխող կուսակցության, և ընդդիմության կողմնակիցները փոխհամաձայնության գալու պատրաստակամություն են դրսևորում: Հիմնական օրենքի մշակման աշխատանքներին մասնակցում են նաև իրավապաշտպան կազմակերպությունները: Սակայն, ըստ BBC-ի, կոմիտեի աշխատանքներում բարդություններ, այնուամենայնիվ, սպասվում են, քանի որ առավել վիճահարույց` քրդերի իրավունքների ու նախագահի ապագա դերի վերաբերյալ հարցերի քննարկումներն առջևում են: Հատկապես «թեժ» են լինելու պետության ղեկավարի լիազորությունների մասին քննարկումները: Այժմյան Թուրքիան խորհրդարանական հանրապետություն է, սակայն ներկայիս իշխանությունները ցանկանում են այն վերածել նախագահականի: Ընդդիմության կարծիքով` դա հատուկ արվում է ներկայիս վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի համար, ով մտադիր է մոտ ապագայում դառնալ նախագահ:

No comments: