Wednesday, May 2, 2012

Սերգեյ Մինասյան. Վրաստանը չափազանց շատ է կախված Թուրքիայից` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար

News.am. 2-5-2012- Վրաստանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը քիչ հավանական է: Այդ մասին NEWS.am-ին ասաց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը` ավելացնելով, որ դրա համար կան որոշակի պատճառներ: «Չնայած նրան, որ հայերն այսօր Վրաստանում առավել խոշոր ազգային փոքրամասնություններից են, այդ երկիրը սերտ քաղաքական, տնտեսական կապեր ունի Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ: Ընդ որում թուրքերն ու ադրբեջանցիները եւս Վրաստանում քիչ չեն: Այսօր Վրաստանը կախվածության մեջ է այդ հարեւան երկրներից, եւ այդ համապատկերում չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը»,-նկատեց քաղաքագետը: Խոսելով Վրաստանի խորհրդարանի կողմից անցած տարի չերքեզների ցեղասպանության ճանաչման մասին, Մինասյանը նշեց, որ այդ քայլը վառ արտահայտված քաղաքական ենթատեքստ ուներ եւ ուղղված էր ընդդեմ Ռուսաստանի: Քաղաքագետը Վրաստանում հայկական հարցի հետ կապված իրավիճակը համեմատեց Իսրայելում տեղի ունեցող գործընթացների հետ. «Այս երկրներում տեղի ունեցող գործընթացները բավականին նման են: Ոչ այստեղ, ոչ այնտեղ ոչ մի լուրջ քաղաքական կամ հասարակական գործիչ, վրացական ոչ մի ծանրակշիռ ուժ չի կասկածում, որ ցեղասպանություն տեղի է ունեցել, սակայն քաղաքական իրողությունները ստիպում են մի դիրքորոշում որդեգրել, որը տարբերվում է պատմական իրադարձությունների իրական գնահատականից»,-ընդգծեց փորձագետը:

No comments: