«Լրագիր» 2-5-2012- Մաշտոցի պուրակի ապամոնտաժող առաջին խմբի անդամ Ստեփան Դանիելյանը անդրադարձել է Սերժ Սարգսյանի` Մաշտոցի պուրակ կատարած այցին և ապամոնտաժման հրահանգին: Ստեփան, Ֆեյսբուքում շատ ընդդիմադիրներ Սերժ Սարգսյանի` Մաշտոցի պուրակ կատարած այցից հետո դիմում են ձեզ, թե բա ձեզ պե՞տք էր այս պայքարը, տեսնում եք, որ դուք աշխատեցիք Սերժ Սարգսյանի օգտին: Ի՞նչ կպատասխանեք նրանց: Սերժ Սարգսյանը կոնկրետ ինձ համար ոչինչ է և ինձ նա ընդհանրապես չի հետաքրքրում: Պայքարը շատ կոնկրետ նպատակ ուներ, և այդ նպատակին երիտասարդները հասել են: Իսկ թե ով ինչպես դրանից կօգտվի, դա այլ խոսակցություն է: Դրանից առաջին հերթին կօգտվեն երևանցիները, որոնց համար գոնե մեկ պուրակ փրկվեց: Իսկ մնացած օգտվողների հարցը, գոնե այդ երիտասարդներին, բացարձակապես չի հետաքրքրում: Իսկ ինչ վերաբերվում է Սերժ Սարգսյանին և նրա շուրջը խմբված մարդկանց, ապա դա այլ խոսակցության թեմա է: Կատարվածը պետք է փորձել հասկանալ, ինչը, իմ կարծիքով, դուրս է գալիս պուրակի սահմաններից: Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանին հրահանգեց ձև գտնել և ապամոնտաժել կրպակները: Պարզվում է` Սերժ Սարգսյանին էլ դուր չեկան կրպակները: Սա նախընտրական քարոզարշավո՞վ եք պայմանավորում, ինչո՞ւ հանկարծ երկուսուկես ամիս հետո նրանց սկսեցին դուր չգալ բուտիկները: Կարծում եմ, ամեն ինչ ավելի լուրջ է: Ո՞րն է այս պայքարի փիլիսոփայությունը. Այս պայքարի իմաստը իշխող խմբավորմանը իրավական դաշտ բերելն է: Իրավական դաշտը «Հայաստանի իշխանություն» կոչվող համակարգի մահը կարող է դառնալ: Դրա տակ պետք չի հասկանալ միայն գործած անօրինականությունների համար պատասխանատվություն կրելը: Գործող իշխանությունները ձևավորված են իրավական դաշտին զուգահեռ գործող այլ հարաբերությունների վրա, որոնք 5 տարին մեկ ճշգրտվում են «ընտրություններ» կոչվող միջոցառումների ժամանակ, որի ընթացքում ձեռք են բերվում պայմանավորվածություններ ապագա 5 տարվա համար: Եվ այդ ամենի ամենավտանգավորը պահն այն է, որ այդ միջոցառման ժամանակ իշխանությունների հետ պայմանավորվածությունների են գալիս նաև սուբյեկտներ քաղաքական ընդդիմությունից: Դա այդ համակարգի ամենակարևոր հենասյուներից մեկն է: Բնապահպանները և մտավոր գործունեությամբ զբաղված մարդկանցից կազմված ապամոնտաժող բրիգադները պուրակի հարցի լուծումը տեսնում են իրավական դաշտում, որի հիմքը հենց իրավունքներն են: Եթե հանկարծ ոստիկանները ձերբակալեին և գործ հարուցեին բնապահպանների և ապամոնտաժողների նկատմամբ, ապա ավտոմատ կերպով հարցը կտեղափոխվեր իրավական դաշտ, որից այդքան սարսափում է իշխող խմբավորումը: Ահա թե ինչու էր Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնում ոստիկաններին, որոնք կարողացան դիմակայել ապամոնտաժողների «պրովակացիաներին» ու թույլ չտվեցին հարցը տեղափոխել իրավական դաշտ: Երբ Տ.Մարգարյանը ասում էր «իմ հետ օրենքով չխոսաք», դա իրականում իշխող համակարգն էր ասում. «մեզ հետ օրենքով չխոսաք», և Սերժ Սարգսյանը պատրաստ է ցանկացած դաշտ մտնել, անգամ իրենց համար խորթ էսթետիկական դաշտ (բուծիկները չեն նայվում), միայն թե խույս տալ իրավական հարաբերություններից: Եվ պատահական չէր, որ Սարգսյանը ոչ թե ասում էր, որ հարցը լուծեք օրենքի սահմաններում, այլ ասում էր, որ ձև գտեք հարցը լուծելու համար: Սա «ձևի» և «օրենքի» միջև ընթացող պայքար է: Իսկ գուցե նրանք նաև խուսափում էին, որ այդ շարժումը տարածվեր ու ավելի շատ մարդիկ ընդգրկվեին դրա մեջ: Իմ կարծիքով, մարդկանց վրա նրանք թքած ունեն ու առանձնապես չեն անհանգստանում մարդկանց քանակական աճից, նրանց ավելի շատ անհանգստացնում է որակական «աճը»: Տեսեք, կիրակի օրվա «ապամոնտաժման» փորձից հետո 7 մարդ տարվել էր ոստիկանություն, արդեն կային վիրավորներ: Ապամոնտաժումը վերածվում էր զանգվածային ընդհարումների, ոստիկանների նյարդերն արդեն չէին բավականացնում, և նրանք անցնում էին իրենց հարազատ եղանակներին` բռնության կիրառմանը: Եվս նման մի «ապամոնտաժում»` այն էլ մայիսի 6-ին, 7-ին, 8-ին, և իրավիճակը փոխվելու էր, նրանք չէին կարող խույս տալ իրավական դաշտից, որտեղ նրանք չունեն դրված հարցերի պատասխանները: Ստեփան, հնարավո՞ր է, որ Մաշտոցի պուրակով Սերժ Սարգսյանը ուզում էր ցույց տալ, որ իրենք փոխվելու միտում ունեն, որ սկսում է գործել իրենց կարգախոսը`“Հավատանք, որ փոխենքը”: Այդ կարգախոսին կարելի է շատ կոնկրետ պատասխան տալ`“փոխվեք, որ փոխվենք”, երբ իրենք կփոխվեն, այդ ժամանակ մենք նույնպես կսկսենք փոխվել: Եթե Սերժ Սարգսյանը ուզում է, որ մենք փոխվենք, թող սկսի Թեղուտից: Ո՞րն է Թեղուտի հիմնական խնդիրը` վստահ եմ, որ Թեղուտը նույնպես իրենց հարազատ պայմանավորվածությունների դաշտում է գտնվում, այլ ոչ թե իրավական դաշտում: Մաշտոցի այգին ստիպողական քայլ է եղել: 80 օրվա պայքարից հետո գալ և հրահանգ տալ ապամոնտաժել` առնվազն ծիծաղելի է: Դա իրենց պարտությունն էր, իսկ երիտասարդ բնապահպանների՝ հերթական հաղթանակը: Նրանք այս պայքարը սկսել են մի քանի տասնյակ մարդկանցով, երբ ոչ ոք չէր հավատում հաղթանակի հնարավորությանը: «Հավատանք, որ փոխվենք» կարգախոսը հանրապետականները բնապահպաններից են գողացել և, ինչպես ցանկացած գողացված ապրանք, իրենց երկար չի ծառայի: Ստեփան, այսքան լռությունից հետո շատ հեռուստաընկերություններն առաջին անգամ անդրադարձան խնդրին, գուցե հասարակության շատ շերտերի հավատալ տալո՞ւ, որ Սերժ Սարգսյանը քայլեր է անում: Նախ մենք պետք է ճշտենք` ինչ է հասարակությունը: Իմ կարծիքով, Հայաստանի հասարակությունն ընդամենը մի քանի հազար հոգի է: Գուցե ես լավատես եմ, և այդ թիվը ուռճացրել եմ… Հասարակությունը ձևավորվում է կոնկրետ արժեքների վրա, և Մաշտոցի պուրակում հավաքված անձինք այդ հասարակությանն են ներկայացնում: Իսկ եթե խոսքը ոչ թե հասարակության, այլ ժողովրդի մասին է, ապա ժողովրդին խաբելը շատ հեշտ է, ժողովրդի հետ նրանք վարվելու այլ եղանակներ ունեն, ժողովրդին նրանք ստիպում են, վախեցնում են, և այդ մի քանի հազար հոգանոց հասարակության մոդելը կարող է տարածվել ողջ երկրի վրա: Կայացած երկրներում ամեն ինչ հենց այդպես է կայացել: Այսօր այդ մի քանի հազարանոց հասարակությունն ավելի վտանգավոր է նրանց համար, քան երկու միլիոնը: Տեսակետ կար, որ շատ ավելի դժվար է մեկ բուտիկ տալը, քան 15 պատգամավորական աթոռ: Ստացվեց` հաղթահարեցի՞ն դժվարությունը: Ես համաձայն եմ Մանվել Սարգսյանի այդ տեսակետի հետ: Մեկ բուտիկ վերցնելը ավելի դժվար է, քան 15 մանդատ ձեռք բերելը, առավել ևս, որ մենք գիտենք ինչպես են Հայաստանում մանդատները ձեռք բերվում: Մեր խնդիրը երկու կետով կարելի է ներկայացնել. առաջին կետը՝ Մաշտոցի այգին վերադարձնել երևանցիներին, որից հետո արդեն երկրորդ կետը պետք է լուծվի` Հայաստանը պետք է վերադարձվի Հայաստանի քաղաքացիներին: Ապամոնտաժող բրիգադները պետք է շարունակեն կազմավորվել, որպեսզի կարողանան աջակցել երիտասարդ բնապահպաններին այդ խնդիրը լուծելու համար: Ստեփան, իսկ այս շարժման շարունակությունը կարո՞ղ է վերածվել քաղաքական շարժման: Այն իմաստով, ինչ Հայաստանում հասկանում են «քաղաքականություն» ասելուց, ապա հույս ունեմ, որ ոչ: Այդ տրամաբանությամբ, Հայաստանի իշխանությունը` ի դեմս նրա այսօրվա խորհրդանիշ Սերժ Սարգսյանի, որոշ իրավիճակներում պատրաստ կլինի անգամ զիջել իշխանությունը, սակայն դա նա կանի միմիայն պայմանավորվածությունների դաշտում, սակայն ոչ ընտրությունների միջոցով: Դա է նրանց արժեքային համակարգը` անել ամեն ինչ ոչ իրավական դաշտում: Մեր խնդիրն է, որ Հայաստանում իշխանությունները փոխվեն միմիայն ընտրությունների միջոցով` իրավական դաշտի պահանջների համապատասխան: Այ, նման քաղաքական մտածողությունն է Հայաստանի համար անհրաժեշտ, և հույս ունեմ, որ այս իմաստով այն կվերածվի քաղաքական շարժման, եթե արդեն չի վերածվել: Սիրանույշ Պապյան
Wednesday, May 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment