Wednesday, May 2, 2012

Բաքվի և Բեռլինի միջև «սառը պատերազմ» է սկսվել

Tert.am. 1-5-2012- Ադրբեջանի և Գերմանիայի հարաբերություններն ապրում են իրենց պատմության
ամենավատ ժամանակաշրջանը: Արդեն մի քանի շաբաթ է Ադրբեջանի իշխանությունները «սառը պատերազմի» մեջ են Գերմանիայի հետ. գրում է «Ռեգնում» գործակալությունը: Ադրբեջանի իշխանամետ լրատվամիջոցներն իրենց էջերում ամեն օր քննադատում են Գերմանիային: Վերջերս նրանց թիրախում հայտնվել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Հերբերտ Քվելլեն` ընդդիմադիր դիվանագետների հետ հանդիպումների մասնակցելու պատճառով: Բաքվում կարծում են, որ գերմանական լրատվամիջոցներով Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների խիստ քննադատությունը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի «թեթև ձեռքով» է տեղի ունենում: Ադրբեջանում իշխող ռեժիմը վրդովվել է Բեռլինից Ադրբեջանի մարդու իրավունքների և խոսքի ազատության մակարդակի մասին հնչող կոշտ հայտարարությունների պատճառով: Ադրբեջանի պաշտոնական խոսափող համարվող «Ենի Ազերբայջանը» մեղադրել է Գերմանիայի դեսպանին Ադրբեջանի գործերին միջամտելու մեջ: Իսկ Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատունը դարձյալ «Ենի Ազերբայջան» թերթում պատասխանել է Գերմանիայի դիվանագիտական ներկայացուցչության քննադատություններին, որում, մասնավորապես նշվում է, որ Ադրբեջանի` «Եվրատեսիլում» հաղթանակից հետո գերմանական որոշ շրջանակներ «հակաադրբեջանական քարոզչություն» են սկսել: «Ցավալի է, որ այդ քարոզչությանն ակտիվորեն մասնակցում են Գերմանիայի մարդու իրավունքների պաշտպան Մարկուս Լյոնինգը, Եվրամիությունում Գերմանիայի ներկայացուցիչ Քրիստոֆեր Շտրասսերը և մի շարք պատգամավորներ»,- ասված է հայտարարության մեջ: Հայտարարության հեղինակների խոսքերով` նման քարոզչության նպատակը Ադրբեջանին վարկաբեկելն է:

No comments: