Saturday, May 19, 2012

ԱՄՆ ամենափոքր նահանգի օրենսդիրները բանաձևով կոչ են արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը

Tert.am. 18-5-2012- ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի Կոնգրեսը բանաձև է ընդունել, որով ԱՄՆ-ի նախագահին և դաշնային Կոնգրեսին կոչ է անում ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը, հայտնում է «Ասպարեզ»-ը: Բանաձևով խրախուսվում են հանրապետության՝ «որպես ազատ և անկախ ազգ զարգանալու շարունակական ջանքերը»: Ինչպես նաև՝ գնահատանք է հայտնվում Արցախի՝ «միջազգային հանրություն կառուցողական ներգրավման և գոյություն ունեցող տարածաշրջանային խնդիրների տևական լուծման հասնելու ջանքերի» առիթով: «Ես երախտիքս եմ հայտնում Ռոդ Այլենդի Կոնգրեսին այս բանաձևն ընդունելու համար՝ ի նպաստ Ղարաբաղի ազատության ձգտման, և հույս ունեմ, որ մարդու իրավունքների և ազատության մեր ընդհանուր արժեքների ընդունումը օրենսդրի կողմից օրինակ կծառայի ԱՄՆ-ի այլ օրենսդիր մարմինների համար», - այս առիթով ասել է ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը: Բանաձևի ընդունումը տեղի է ունեցել Ավետիսյանի ներկայությամբ, որին Կոնգրեսի խոսնակ Գորդոն Ֆոքսը ջերմորեն ողջունել է ներկայացնելիս: Նա նաև ողջունել է Ավետիսյանին ուղեկցող` տեղի հայերից կազմված պատվիրակությանը՝ ի դեմս Ռոդ Այլենդի Հայկական մշակութային ընկերակցության (ՀՄԸ) նախագահ Հակոբ Դոնոյանի, ՀՄԸ-ի Երիտասարդության հարցերով խորհրդական Լևոն Աթարյանի, Սբ Վարդանանց եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամ Սթիվեն Էլմասյանի և ՀՅԴ Արևելյան ափի Կենտրոնական կոմիտեի անդամ Անի Հարոյանի: Նիստի ընթացքում տասնյակ ամերիկահայեր են ներկա գտնվել խորհրդարանի դահլիճում: Գրեթե միաժամանակ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում, կոնգրեսական Ջեյմս Լանջևենը և Դեվիդ Սիսիլայնը արցախանպաստ հայտարարություններ են արել: «Առավել քան երբևէ կարևոր է, որպեսզի Միացյալ Նահանգները սկզբունքային սատարում ցուցաբերի տարածաշրջանում խաղաղությանը, ցույց տա, որ հակամարտությունից կարող է ժողովրդավարություն ծնվել և աջակցի Լեռնային Ղարաբաղին», - ասել է Լանջևենը՝ հավելելով՝ «Ազնվորեն կարծում եմ, որ ինքնորոշման՝ Լեռնային Ղարաբաղի իրավունքը կարող է հաստատվել այլևս առանց կյանքի կորստի»: «20 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կռվեց ու զոհվեց հանուն իր անկախության՝ խորհրդային ազերիական ռեպրեսիայից և խտրականությունից: Այսօր ես միանում են նրանց անկախության 20-րդ տարեդարձը, Հանրապետության բանակի ձևավորումն ու Շուշիի ազատագրմումը ճանաչելով», - ասել է կոնգրեսկաան Սիսիլայնը: Առաջիկա օրերին Ավետիսյանը շարունակելու է հանդիպումները Ռոդ Այլենդում՝ ԼՂՀ-ի տնտեսական զարգաման հարցերով: Նրա այցը կեզրափակվի մայիսի 20-ին, երբ ամբողջ համայնքը կնշի Շուշիի ազատագրման 20-ամյակը:

No comments: