«Լրագիր» 28-5-2012- Սերժ Սարգսյանը բավական հետաքրքրական ուղերձով է հանդես եկել Հայաստանի առաջին հանրապետության տոնի կապակցությամբ, որ նշվում է մայիսի 28-ին: “Մայիսի 28-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ շատերի համար չկար Հայաստան և չկար հայություն՝ որպես քաղաքական գործոն: Այդ օրը մենք բոլոր հարևաններին, հեռու և մոտիկ բարեկամներին ու թշնամիներին ասացինք, որ մենք կանք և կանք որպես լրջագույն գործոն տարածաշրջանում: Այդ օրը մենք բոլորին ասացինք, որ մենք կանք և չենք պատրաստվում չլինել, որ մենք ազգ ենք ու պետություն, ունենք շահեր և նպատակներ, որ վճռականորեն պաշտպանելու ենք մեզ, մեր շահերը և հետապնդելու ենք ազգային նպատակները”, ասում է Սերժ Սարգսյանն իր ուղերձում: Այն փաստացի Առաջին հանրապետության քաղաքական գնահատականն է, զգալիորեն արդարացի, թեւ որոշ նկատառումներով նաեւ հակասական: Օրինակ, ուղերձում Սերժ Սարգսյանը նշում է, թե Հայաստանի Առաջին հանրապետությունը մեր մտածողության փոփոխության արտացոլումն էր թղթի վրա: “Իրականում դարակազմիկ այդ փոփոխությունը, սակայն, կատարվել էր ավելի շուտ, կատարվել էր մեր հոգեբանության և քաղաքական մտածողության մեջ, երբ հայրենաբնակ հայությունը հասկացավ, որ սեփական հողի վրա պետք է ապրել ո՛չ թե որպես համայնք, այլ որպես պետություն, պետք է կռվել ո՛չ թե որպես ֆիդայական ջոկատ, այլ որպես բանակ: Ապրել ու պայքարել որպես Հայաստան. ահա սա էր նոր հոգեբանությունն ու քաղաքական մտածողությունը: Եվ մայիսյան հերոսամարտերը խարսխված էին առաջին հերթին հենց սրանց վրա: Մայիսի 28-ին թղթի վրա արձանագրվեց այն, ինչ տեղի էր ունեցել մեր մտածողության մեջ և կռվի դաշտում”, գրված է Սերժ Սարգսյանի ուղերձում: Եվ ուղերձի այդ պարբերությունը կարծես թե հակասության մեջ է ավելի վերը մեջբերվածի հետ. “Մայիսի 28-ից ընդամենը մեկ շաբաթ առաջ շատերի համար չկար Հայաստան և չկար հայություն՝ որպես քաղաքական գործոն”: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանը իր ուղերձում մի կողմից արդարացիորեն շեշտում եւ ընդգծում է մտածողության խնդիրը, մտածողության փոփոխության ռազմավարական նշանակությունը, մյուս կողմից սակայն անտեսում այն: Եթե մինչեւ մայիսի 28-ը տեղի է ունեցել մտածողության փոփոխություն, հոգեբանության փոփոխություն, գիտակցական փոփոխություն, ապա դա արդեն իսկ բավական էր, որ հայ ժողովուրդը տարածաշրջանում լիներ գործոն, դառնար գործոն: Իսկ Սերժ Սարգսյանը միաժամանակ նշելով, որ մայիսի 28-ն ավելի վաղ տեղի ունեցած մտածողության եւ հոգեբանության փոփոխության արգասիքն էր, միեւնույն ժամանակ նշում է, թե մայիսի 28-ից դեռ մեկ շաբաթ առաջ որեւէ մեկի համար չկար Հայաստան կամ հայ ժողովուրդ քաղաքական գործոն: Մինչդեռ քաղաքական գործոնը հենց մտածողությունն ու հոգեբանությունն է, հետեւաբար եթե այդ փոփոխությունն իսկապես եղել էր հայ ժողովրդի մոտ, ուրեմն հայ ժողոուրդ եւ Հայաստան գործոնը պետք է որ լիներ մայիսի 28-ից էլ շատ առաջ, եթե 28-ն իսկապես հայության մտածողության եւ հոգեբանության փոփոխության, ոչ թե դեպքերի պարզապես որոշակի բարեհաջող դասավորության արդյունք էր: Բայց, ինքնին կարեւոր է այն, որ չնայած որոշակի հակասականությամբ հանդերձ, Սերժ Սարգսյանի ուղերձում այդուամենայնիվ շեշտը դրված է մտածողության խնդրի վրա: Այդ խնդիրը ներկայիս Հայաստանի համար էլ արդիական է եւ գրեթե բոլոր մակարդակներում հանդիսանում է երկրի վերափոխման, զարգացման գլխավոր խնդիրներից մեկը, եթե ոչ ամենագլխավորը: Եվ թերեւս կասկած չկա, որ 28-ի առիթը Սերժ Սարգսյանն օգտագործում է հենց համատեքստում ներկայի խնդիրն ունենալով, փորձելով 28-ի օրինակով ցույց տալ մտածողության եւ հոգեբանության փոփոխության գործնական ազդեցությունը: Եվ այդ համատեքստում հետաքրքրական հարց է առաջանում մայիսի 28-ի առիթով Սերժ Սարգսյանի ուղերձից, քանի որ Հայաստանում առկա ներկայիս մտածողության խնդիրների ահռելի մասը, առանցքը, պայմանավորված է պատմական այն ժամանակահատվածով, որը եկավ Առաջին հանրապետությունից հետո: Խոսքը բնականաբար Խորհրդային Հայաստանի մասին է: Պատմության այդ մոտ 7 տասնամյակը էական ազդեցություն է ունեցել Հայաստանի հասարակության մտածողության, հոգեբանության, արժեքների, աշխարհընկալման, պարզապես մարդկային տեսակների ձեւավորման վրա: Եվ ներկայում, արդեն 20 տարի վերստին անկախ Հայաստանում, դեռ շարունակվում է Խորհրդային Հայաստանում ձեւավորված այդ երեւույթների բացահայտ կամ քողարկված, “սրբորեն” պահպանված կամ նոր ժամանակի եւ նոր հնարավորությունների ազդեցությամբ առավել “սրբապղծված” գերիշխանությունը: Հայաստանի թե հասարակության, թե ինչն առավել կարեւոր է՝ իշխող “էլիտայի” եւ անգամ ընդդիմադիր շատ “էլիտաների” ճնշող մեծամասնությունը շարունակում է լինել այդ մտածողության կրողը: Իշխանությունը միայն խոսում է մտածողության փոփոխության մասին, սակայն այդ ուղղությամբ որեւէ հիմնարար, հայեցակարգային աշխատանք չի իրականացվում, իսկ այն պրակտիկ կառավարումը, որ իրականացնում է իշխանությունը, ընդամենը հանրության գիտակցության մեջ վերհաստատում է այն, որ անկախ Հայաստանում էլ հաջողակ լինելու համար պետք է լինես խորհրդային արժեքային համակարգի կրողը, պատրաստ լինես խաբել ու թալանել թե պետությանը, թե ուրիշ ում որ հնարավոր է: Ու այդ առումով, հարցը, որ առաջանում է Մայիսի 28-ի, իսկ փաստացի մտածողության առումով Սերժ Սարգսյանի ուղերձից, այն է, թե իսկ ինչպես է Հայաստանի իշխանությունը գնահատում Առաջին հանրապետությանը հաջորդած, այդ հանրապետությունը փաստացի օկուպացրած Խորհրդային ժամանակաշրջանը: “Մյուս կողմից՝ մեր հռչակած հանրապետությունը որդեգրեց ամենաառաջադեմ գաղափարները, ժողովրդավարության և իրավունքի այն ամենաբարձր նշաձողերը, որոնք այդ պահին գոյություն ունեին աշխարհում: Մենք պետականորեն որդեգրեցինք համամարդկային ու ազգային արժեքներ՝ համոզված լինելով, որ դրանք փոխլրացնում են միմյանց”, Առաջին հանրապետության մասին իր ուղերձում նշում է Սերժ Սարգսյանը: Խորհրդային ժամանակաշրջանը փաստորեն եկավ, նվաճեց Առաջին հանրապետությունը, ոչնչացրեց այդ արժեքները, հաստատեց լրիվ հակառակ արժեքներ: Հայաստանի իշխանությունը կարծես թե որեւէ քաղաքական գնահատական չի տվել այդ ժամանակաշրջանին: Օրինակ, Հայաստանի իշխանությունը կարծես թե երբեւէ ուղերձ չի հղել նոյեմբերի 29-ի առիթով, որտեղ ցավ կհայտնվեր Առաջին հանրապետության օկուպացիայի, Առաջին հանրապետության հանդեպ բոլշեւիկյան ագրեսիայի առիթով, Բայց չէ որ դա տրամաբանական կլիներ, որովհետեւ եթե իշխանությունը միանգամայն արդարացիորեն այդպես խանդավառ կերպով ողջունում է Առաջին հանրապետությունը, պետք է որ համարժեք վերաբերմունքի եւ քաղաքական գնահատականի արժանացներ նաեւ Առաջինը նվաճած խորհրդային ժամանակաշրջանը, որը դրա արժեքային լիակատար հակապատկերն էր եւ ներկայիս Հայաստանում մտածողության ռազմավարական խնդրի հիմնական սկզբնաղբյուրներից մեկը: Բայց այդ մասին իշխանությունը լռում է: Մինչդեռ Հայաստանում մտածողության խնդիրը լուծելուն ուղղված կարեւոր քայլերից մեկն էլ պետք է հանդիսանար հենց այդ՝ խորհրդային ժամանակաշրջանին պաշտոնապես տրված քաղաքական գնահատականը, որպես հստակ մեսիջ հասարակությանը, եւ նաեւ որպես սեփական գործունեության պատասխանատվության նշաձող, որ այդ դեպքում կստանձներ անկախ Հայաստանի իշխանությունը: Միգուցե հենց այդ նշաձողից խուսափելու համար է նաեւ, որ անկախ Հայաստանի իշխանությունը խուսափում է քաղաքական գնահատական տալ Խորհրդային ժամանակաշրջանին: Թեեւ իհարկե կան գուցե այլ բազմաթիվ հանգամանքներ, թե ներքին, թե արտաքին: Օրինակ այն, որ Խորհրդային ժամանակաշրջանի քարոզով ներկայում զբաղվում է ոչ այլ ոք, քան անձամբ հենց Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը: Իսկ այդ դեպքում կարծես թե Հայաստանի իշխանության համար առավել քան անցակալի կլինի որեւէ բան ասելը այդ ժամանակաշրջանի հասցեին: Թեեւ, մյուս կողմից, տվյալ պարագայում գուցե ասելու խնդիրը էական չլիներ էլ, եթե Հայաստանի իշխանությունը թեկուզ առանց ասելու էական քայլեր աներ անկախությունից գոնե 20 տարի անց Հայաստանը խորհրդային ուղեծրից դուրս բերելու եւ ներկայում ողջունվող Առաջին հանրապետության արժեքային ուղեծրում գործնականում տեղավորելու ուղղությամբ: Մինչդեռ այսօր առկա է հարցը, թե արդյոք իրականում իրենց մտածողությունը փոխել են Սերժ Սարգսյանն ու իշխող դասի մյուս պատասխանատուները: Չէ որ նոր մտածողության եւ հոգեբանության վրա խարսխված նրանց գործունեության օպերատիվ արդյունքի արգասիքն է միայն լինելու հանրային մտածողության փոփոխությունը, եւ դրանով նաեւ Հայաստանում տեղի պահաջվող վերափոխումների հասարակարգային անշրջելիությունը: Արդյոք նրանք գործնականում նոր մտածողության եւ հոգեբանության անկեղծ կրողներ են, արդյոք իշխող համակարգում բարձր մակարդակում խրախուսվում է նոր մտածողությունն ու հոգեբանությունը, դառնում որոշումների կայացման եւ իրագործման ելակետ, թե այդ ամենը միայն ուղերձներում ու ելույթներում է ամրագրվում եւ ծառայում որպես հնի նոր փաթեթավորում, իսկ գործնական կյանքում՝ ինչպես ցույց է տալիս կառավարման ներկայիս որակը, նրանց մոտ շարունակում է իշխել խորհրդային մտածողությունը, իրականում անշրջելի պահելով հենց խորհրդային հասարակարգի իշխանությունը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Monday, May 28, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment