Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը. «Ռուսաստանը մշտապես հանդիսացել է խաղաղ ճանապարհով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կողմնակից: Ռուսաստանի նոր նախագահի առաջին հրամանագրերից մեկն առնչվում է արտաքին քաղաքականությանը: Դրանում նշված է, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ շարունակելու է աշխատանքներ տանել այդ հակամարտության կարգավորման ուղղությամբ՝ հենվելով 2009-2011 թվականների ձեռք բերված բարձր մակարդակի պայմանավորվածությունների վրա: Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ հանդիպումների ժամանակ մենք քննարկեցինք հենց այդ պայմանավորվածությունների, այդ թվում՝ Սոչիի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության հարցը: Ինչ վերաբերում է ապագա շփումներին, ապա հուսով ենք, որ մոտակա ամիսներին մեր շփումները կշարունակվեն: Մոտ ամիսներին կշարունակվեն Հայաստանի և Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների միջև հանդիպումները»: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ռոբերտ Բրադտկեն իր հերթին հայտարարել է, որ իրենք այս անգամ պլանավորել էին այցելել Լեռնային Ղարաբաղ, սակայն եղանակային պայմանները խանգարեցին:
Monday, May 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment