«Լրագիր» 23-5-2012- Եթե խորհրդարանական ընտրությունները նախագահականի փորձարկումն էին, եւ եթե որեւէ մեկը ԲՀԿ-ից, հնարավոր է նույնիսկ Ռոբերտ Քոչարյանը, մտադիր էին առաջադրվել նախագահական ընտրություններին, ապա, ըստ ամենայնի, նրանք կհրաժարվեն իրենց մտադրությունից: Խորհրդարանական ընտրությունները ցույց են տվել, որ ներկայիս ընտրական մեխանիզմի կիրառման դեպքում ոչ ոք, բացի Սերժ Սարգսյանից, հնարավորություն չի ունենա նախագահ դառնալ: Պետք է կոտրել կեղծիքների մեքենան, որպեսզի հայտնվեն այդ հնարավորությունները: Իսկ այդ մեքենան կարող է կոտրել միայն Բարգավաճ Հայաստանի բողոքը: Ոչ թե կոալիցիա կամ այլ ձեւաչափ մտնելը, այլ հենց ընտրությունների բողոքարկումը: ԲՀԿ-ն չի բողոքել, չի վիճարկել ընտրությունների արդյունքը: Չնայած որ կուսակցությունում կան ուժեր, որոնք հասկանում են, որ առանց Սերժ Սարգսյանի մեքենայի կոտրման իրենց ոչ մի լավ բան չի սպասվում գալիք նախագահական ընտրություններին, կուսակցության հիմնական մասը, երեւում է, տրամադրված չէ նախագահական արշավի: Այն մարդկանց շարքում, ովքեր չեն կարող բողոքել, կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է: Նախքան ընտրությունները Սերժ Սարգսյանը քայլ է արել, որը կանխել է ԲՀԿ բողոքը: Նա ՀՀԿ նախընտրական շտաբի ղեկավար է նշանակել Հովիկ Աբրահամյանին, ով Գագիկ Ծառուկյանի խնամին է: Եւ եթե Ծառուկյանը հանկարծ որոշեր բողոքել, ողջ պատասխանատվությունը կդրվեր Հովիկ Աբրահամյանի վրա: Փաստացի, Աբրահամյանն արգելակի դեր է խաղացել Ծառուկյանի համար: Եվ եթե նախագահական ընտրությունների ժամանակ կրկին շտաբի պետ նշանակվի Աբրահամյանը, ԲՀԿ-ն կարող է նույնիսկ թեկնածու չառաջադրել: Կամ էլ Գագիկ Ծառուկյանը ստիպված կլինի կտրել խնամիական կապը Հովիկ Աբրահամյանից: Հիմա էլ, որպեսզի խնամին դրսում չմնա, Ծառուկյանը ստիպված է համագործակցել ՀՀԿ-ի հետ: Նաիրա Հայրումյան
Thursday, May 24, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment