«Լրագիր» 18-5-2012- Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Ազատություն ռադիոկայանին ասել է, որ խորհրդարանի անցած ընտրությունը զգալի առաջընթաց է եղել Հայաստանի համար: Հեֆերնը միեւնույն ժամանակ նշել է, որ ընտրակաշառքի պարագան եւ վարչական ռեսուրսը շարունակում է մնալ խնդիր, եւ իրենք կփորձեն Հայաստանի հետ աշխատել դրանք հաղթահարելու ուղղությամբ: Դեսպանն ասել է, որ իշխանության, ընդդիմության եւ ընտրական գործընթացի մեջ ներգրավված այլ սուբյեկտների հետ աշխատանքի շնորհիվ աշխատում են անել հնարավորը, որ Հայաստանում ընտրական մեխանիզմը արձանագրի առաջընթաց: ԱՄՆ դեսպանի դիրքորոշումը շատերի համար կլինի դժգոհության առիթ: Նրանք, ովքեր քաջատեղյակ են այն ընտրախախտումներին, որ տեղի են ունեցել խորհրդարանի ընտրությանը, անկասկած կդժգոհեն դեսպանի հայտարարությունից: Միեւնույն ժամանակ պետք չէ կարծել, թե ԱՄՆ դեսպանը տեղյակ չէ ընտրության մանրամասներին եւ չի պատկերացնում, թե ինչ է կատարվել Հայաստանում մայիսի 6-ին կամ դրանից առաջ: Բայց, նաեւ թերեւս մի փոքր պարզունակ կլինի այդ դիրքորոշումը պայմանավորել միայն նրանով, որ Արեւմուտքին ձեռնտու է Հայաստանի իշխանության լեգիտիմ չլինելը, որպեսզի այդ իշխանությունից կորզվեն անհրաժեշտ զիջումներ արտաքին հարցերում: Բանն այն է, որ Հայաստանում, հատկապես ընդդիմությունը, արդեն ավելի քան տասնամյակ է, ինչ հիմնականում հենց այդպես է բացատրում Արեւմուտքի լոյալ վերաբերմունքը Հայաստանում համապետական ընտրությունների արդյունքների կեղծմանը: Իսկ Արեւմուտքի այդ լոյալությունը շարունակվում է 1995 թվականից ի վեր, արդեն մոտ քսան տարի: Միթե քսան տարվա ընթացքում Արեւմուտքը չկարողացավ ստանալ ոչ լեգիտիմ իշխանություններից այն, ինչի համար լոյալ է վերաբերում ընտրակեղծիքներին: Իսկ եթե Արեւմուտքին ինչ որ բան խանգարում էր, ապա այդ բանը բարեհաջող խանգարելով քսան տարի, կարող է եւս մի քանի տասնյակ տարի էլ խանգարել: Իսկ Արեւմուտքը հազիվ թե այդքան միամիտ լինի եւ չպատկերացնի, որ այդ դեպքում անիմաստ է քսան տարուց ավելի ապավինել ընտրության գնահատման նույն մարտավարական ելակետերին: Խնդիրն այստեղ թերեւս այլ է: Ինչ խոսք, այն, որ Արեւմուտքը Հայաստանի հետ որեւէ հարաբերություն կառուցելիս առաջնորդվում է սեփական աշխարհաքաղաքական շահով, աներկբա է: Այդպես վարվում է ցանկացած նորմալ երկիր, լինի Արեւմուտքում, Արեւելքում, Հյուսիսում, թե Հարավում: Իսկ Արեւմուտքում առավելապես նորմալ երկրներ են, հետեւաբար բնական է, որ նրանք Հայաստանի հետ հարաբերություն կառուցելիս առաջնորդվում են իրենց շահով: Հարցն այն է, թե արդյոք այդ շահերն ինչքանով են համընկնում Հայաստանի պետական եւ հասարակական շահին: Տվյալ դեպքում, համընկնում են զգալի, քանի որ շահերի եւ դրանց սպասարկման տեխնոլոգիաների առանցքում սահմանադրական, իրավական պետության գաղափարն է: Իսկ Հայաստանի համար դա զարգացման, հասարակական համերաշխության միջավայրի ձեւավորման եւ այդպիսով երկրի մրցունակությունը եւ պաշտպանունակությունը հնարավորինս բարձր մակարդակի հասցնելու ամենաարդյունավետ, եւ թերեւս միակ տարբերակն է: Խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանի համար, եւ առաջին հերթին հասարակության համար, թերեւս չարժե ներքաղաքական խնդիրներից ելնելով նեղացնել արեւմտյան տերությունների շահի ընկալումը, դրանով իսկ նեղացնելով այդ տիրույթում Հայաստանի մանեւրի հնարավորությունը որպես պետություն: Ի վերջո այդ շահի սպասարկման հարցում արեւմտյան տերությունները հաշվի են առնում նաեւ Հայաստանում առկա հիմքերը՝ հանրային հոգեբանության, մտածողության, պատկերացումների առումով: Հետեւաբար դրանք պետք է առավել լայն լինեն, թեկուզ արեւմտյան շահի իմաստով, որպեսզի դրա շնորհիվ Հայաստանն ունենա նաեւ իր հանդեպ առկա կամ իրեն առնչվող այդ արտաքին շահերի սպասարկման եւ անգամ ձեւավորման գործընթացի վրա որոշակի ազդեցություն գործելու առավել մեծ հնարավորություն: Այլապես, ինքներս նեղացնելով աշխարհի համար մեր հետաքրքրություն ներկայացնելու շրջանակը, դրանով ընդամենը մեզ ենք զրկում ավելին լինելու կամ անելու առնվազն հոգեբանական պոտենցիալից: Իսկ իրականում ավելին լինելու կամ անելու համար նախ եւ առաջ անհրաժեշտ է համապատասխան հոգեբանական հենք: Այդպիսով, ընտրության հանդեպ արեւմտյան վերաբերմունքի բացատրությունը գտնելով ընդամենը նեղ ակնկալիքների հռչակման մեջ, քաղաքական ուժերն իրականում բացասական ազդեցություն են թողնում Հայաստանի հասարակական պոտենցիալի այսպես ասած ստեղծագործական բազայի վրա, սահմանափակելով այն: Ի վերջո, ընտրության արդյունքի ճանաչման առումով կարեւոր է, թե արդյոք ինչպիսին է ժողովրդի, հասարակության վերաբերմունքը: Եվ եթե հասարակությունը ճանաչում է այդ արդյունքը, թեկուզ անտարբերությամբ, ապա այդ դեպքում Արեւմուտքի ճանաչել-չճանաչելը դառնում է երկրորդական: Եվ դա լավ գիտակցում են նաեւ արտերկրում, հասկանալով տեղի նրբությունները, նաեւ լավ տիրապետելով, թե ինչպիսին են քաղաքական սուբյեկտները, դրանցում վճռորոշ դեր ունեցող եւ որոշում կայացնող անհատները: Արեւմուտքի վերաբերմունքը թերեւս ձեւավորվում է հենց այդ ամենը հաշվի առնելով եւ համադրելով Հայաստանում իշխող քրեաօլիգարխիկ սարդոստայնի հետ՝ որը զգալիորեն ներառում է նաեւ ընդդիմադիր քաղաքական ուժերին, որոնք կամա թե ակամա հայտնվել են այդ սարդոստայնում, փոփոխությունների հարցում սեփական դերակատարության միակ օպտիմալ տարբերակ է դիտարկում փուլային գործընթացը, հանգույցը ոչ թե կտրելու, այլ կամաց-կամաց քանդելու մարտավարությունը: Այդ մարտավարության ընտրության համար էական դեր թերեւս խաղում են ոչ միայն ներքին իրողությունները, այլ նաեւ այն, որ Հայաստանում իշխող համակարգն ունի ազդեցիկ հովանավոր, ի դեմս Ռուսաստանի, որն իր հովանին զգալիորեն տարածում է նաեւ ընդդիմադիր դաշտի մեծամասնության վրա: Այդ պայմաններում, արեւմտյան քաղաքական եւ փորձագիտական էլիտաները թերեւս պատկերացնում են, որ չոր գնահատականներն ընդամենը կազդեն իրենց հետագա աշխատանքային հնարավորությունների վրա, փակուղու առաջ դնելով իրենց, ոչ թե համակարգը: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Saturday, May 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment