Saturday, May 19, 2012

Վրացի փորձագետ. Ադրբեջանցիները աղվանների հետնորդնե՞ր. հիմարություն է

News.am. 19-5-2012- Վրաց-ադրբեջանական սահմանին Դավիթ Գարեջի վանական համալիրի շոււրջ վեճը Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ ռազմական ընդհարման պատճառ չի դառնա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն` հավելելով, որ հարցը, ըստ էության, վիճելի չէ: «Ադրբեջանական կողմի հավակնությունները հանգում են «փաստարկին», թե իրենք կովկասյան աղվանների հետնորդներ են: Դա հնչում է նույն կերպ, որ թուրքերը հայտարարեին, թե իրենք Բյուզանդիայի հետնորդներն են: Լուրջ գիտնականի մոտ դա միայն հեգնական ժպիտ կառաջացնի, այն էլ այն դեպքում, եթե այդ գիտնականը կոռեկտ եւ ոչ ագրեսիվ մարդ է»,- ասել է զրուցակիցը: Նաեւ ադրբեջանցիները չունեն աղվանների հետ ընդհանրություններ, ինչպես աղվանները կապ չունեն Դավիթ Գարեջիի հետ: Ըստ Ցինցաձեի, խնդիրը չկարգավորված տարածքային վեճ է Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ արդեն 18 տարի կախված է Վրաստանի գլխին դամոկլյան սրի պես: «Այնտեղ նույնիսկ կույրը կտեսնի, որ բոլոր պատերին վրացերեն գրառումներ են: Դա հնուց եկած վրացական ժառանգություն է, ի՞նչ գործ ունեն աղվանները»,- ասել է Ցինցաձեն: Խոսելով խնդրի հնարավոր կարգավորման մասին, քաղաքագետը նշել է, թե առավել ընդունելի տարբերակը տարածքային փոխանակումն է, ընդ որում Ադրբեջանին կարող են զիջել ավելի մեծ կտոր: Հարցին, թե ինչպե՞ս կլուծվի խնդիրը, եթե Ադրբեջանը չհամաձայնի, Ցինցաձեն ասել է, թե «գործող նախագահ Միխայիլ Սահակաշվիլին խնդիրը ժառանգություն է ստացել իր նախորդից` Էդուարդ Շեւարդնաձեից: Ցավալի կլինի, որ պետության հաջորդ ղեկավարը դա ժառանգություն ստանա Սահակաշվիլիից»: Ինչպես ավելի վաղ նշել էր NEWS.am-ը, Ադրբեջանը սահմանապահ անցակետ էր դրել Թբիլիսիից 60 կմ հեռավորության վրա գտնվող վանքի մոտ սահմանազատման-սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի ավարտից առաջ: Վանականների խոսքով, ադրբեջանցիները վանքի տարածք չեն թողնում վրացի զբոսաշրջիկներին: Թբիլիսիում մայիսի 20-ին երթ է լինելու ի պաշտպանություն վանքի:

No comments: