Saturday, May 12, 2012

Որն է լինելու կոալիցիայի գինը

«Լրագիր» 11-5-2012- ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը lragir.am-ին տված հարցազրույցում, խոսելով քաղաքական ուժերի հետ հնարավոր կոալիցիայի սկզբունքների մասին, ասել է, որ «մենք նախապատրաստվում ենք նախագահի ընտրություններին, թեկնածուն արդեն հրապարակել ենք: Մեր ընդհանուր ծրագրերը, որպես քաղաքական ծրագիր, վերաբերում են հենց նախագահի ընտրություններին»: Նա ակնարկել է, որ այլ ուժերի հետ համագործակցությունը լինելու է հենց այդ ծրագրի շուրջ: «Եթե եղան նախկին մոտեցումները, ինչ մինչեւ ընտրություններն էին, ապա կոալիցիոն հուշագիր կա, դրա շրջանակում նորից պիտի լինեն քննարկումներ», ասել է Գալուստ Սահակյանը, ակնարկելով կոալիցիոն հուշագիրը, որտեղ կետ կա նախագահի ընտրությանը Սերժ Սարգսյանին աջակցելու մասին: Ներկայում ամենաշատ քննարկվող հարցերից է ՀՀԿ-ի եւ Բարգավաճ Հայաստանի կոալիցիայի հարցը: Այս հարցի շուրջ ԲՀԿ-ում համաձայնություն չկա: Ըստ մամուլի հրապարակումների, ԲՀԿ այսպես կոչված քաղաքական թեւը Վարդան Օսկանյանի գլխավորությամբ դեմ է կոալիցիային, համարելով, որ այդպիսով ԲՀԿ-ն կվերածվի ՕԵԿ-ի: Ինքը Գագիկ Ծառուկյանը, ըստ մամուլի հրապարակումների, իր շրջապատում հայտարարել է, որ եթե չմտնի կոալիցիայի մեջ, ապա «ինչ է ասելու այսքան մարդուն»: Նա նկատի է ունեցել կուսակցության մեջ զգալի թիվ կազմող տարբեր մակարդակի չինովնիկներին, ովքեր այդ կուսակցության մեջ են մտել պաշտոն եւ աշխատանք ունենալու համար, եւ կոալիցիայից դուրս մնալու պարագայում պարզապես «հավատափոխ» կլինեն: Փաստացի, ԲՀԿ-ն գտնվում է անելանելի վիճակում: Եթե ՀՀԿ-ի հետ կոալիցիա է կազմում, ապա կորցնում է իր դեմքն ու վարկանիշը, իսկ եթե չի կազմում, ապա կորցնում է իր ռեսուրսը: Կոալիցիա մտնելու դեպքում ՀՀԿ-ն Բարգավաճ Հայաստանից պահանջելու է հայտարարություն այն մասին, որ նախագահի ընտրությանը ԲՀԿ-ն աջակցելու է Սերժ Սարգսյանին: Գալուստ Սահակյանն այդ մասին ակնարկել է բավական հստակ, հասկացնելով, որ ՀՀԿ-ն չի նահանջելու իր այդ պահանջից: Տեսականորեն, իհարկե, մնում է հնարավորությունը, որ ԲՀԿ-ն չի մտնում կոալիցիա, դառնում է ընդդիմություն, կորցնում է իր վարչական ու տնտեսական ռեսուրսը, դրանից բխող հետեւանքներով: Սակայն, պատրա՞ստ է արդյոք այդ կուսակցությունը նման հեռանկարի: Եւ ի՞նչ կմնա «տակը», ընդդիմություն դառնալուց հետո: Այնուամենայնիվ, գուցե արժե՞ դառնալ ընդդիմություն, եւ պայքարել Հայաստանում հաստատված քաղաքական ու տնտեսական արատավոր համակարգի վերացման, ընտրական մեխանիզմների արմատավորման, քաղաքական դաշտի գաղափարականացման, օրենքի ու Սահմանադրական կարգի հաստատման համար, այն բանի համար, որպեսզի կուսակցությունները չվերածվեն աշխատատեղ ապահովող առեւտրային կազմակերպությունների, որոնք առաջին իսկ հարվածի դեպքում հայտնվում են անելանելի իրավիճակում: Հայկ Արամյան

No comments: