Saturday, May 12, 2012

Ադրբեջանական քարոզչամեքենան լռում է կամ ռազմական հռետորության «իմպոտենցիան»

Panorama.am. 11-5-2012- Սույն թվականի մայիսի 9-ին Արցախը և համայն հայությունը առիթ ունեցան բարձր մակարդակով նշելու մայիսյան հաղթանակները, որոնք նախապես ծրագրավորածի համաձայն՝ ուղեկցվեցին տպավորիչ զորահանդեսով: Վերջինս, համաձայն հայաստանյան և օտարեկրյա բազմաթիվ փորձագետների գնահատականների, աչքի ընկավ կազմակերպչական բարձր մակարդակով, ինչպես նաև Արցախի պաշտպանության բանակի մարտական բարձր ներուժը փաստող ցուցադրություններով: Սակայն արցախահայության ճակատագրով խորապես «մտահոգ» Ադրբեջանը կամ, ավելի շուտ, Ի. Ալիևի կլանի պահպանման և հակահայկական քարոզչության գործառույթ իրականացնող ադրբեջանական քարոզչամեքենան խորհրդավոր լռությամբ շրջանցեց արցախյան զորհանդեսի թեմատիկան: Արտաքուստ այստեղ տարօրինակ ոչինչ չկա, սակայն միայն արտաքուստ: Բանն այն է, որ բացառապես տարածական և ֆինանսական մակարդակում ռազմական հռետորության անզուգական որակներ դրսևորած հարևան պետությունը պատեհ առիթը բաց չի թողնում սեփական հաղթանակի անայլընտրանքային լինելը հիմնավորել ՀՀ տնտեսական, քաղաքական, սոցիալական կյանքի և ռազմական վիճակի ողբերգականության մասին փսեվդոփաստարկներով, որոնց շարքում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում նաև 2011թ. սեպտեմբերի 21-ի հայաստանյան զորահանդեսի տապալվածության փաստարկը: Հայ ընթերցողին վաղուց հայտնի է, որ ադրբեջանական կողմը հիմնավոր կերպով չկարողանալով վերհանել զորհանդեսի թերությունները՝ ստիպված էր սեփական ազգաբնակչությանը համոզել, որ Հայաստանում անգամ վառելիք չկա, որպեսզի ապահովվի զրահատեխնիկայի շարժը զորահանդեսի ժամանակ: Սեփական ազգաբնակչության մտավոր կարողությունների վերաբերյալ այսօրինակ «խոստովանությունը», անշուշտ, Ադրբեջանի իշխանությունների խղճի գործն է, սակայն այստեղ կարևորն այն հարցն է, թե ինչու՞ Ադրբեջանը ոչ միայն չլուսաբանեց Արցախի զորահանդեսը, այլև այս առնչությամբ քննադատական մտքի «հանճար» չդրսևորեց: Ասվածի համատեքստում հատկանշական է, որ ադրբեջանական էլեկտրոնային բազմաթիվ ռեսուրսներ (www.vesti.az, www.day.az, www.aze.az, www.milaz.info, www.contact.az, www.apa.az և այլն) առհասարակ անտեսեցին զորահանդեսի թեման, ինչը կարող է վկայել հետևյալի մասին. 1. Զորահանդեսն իր որակական բնութագրով նաև ադրբեջանական կողմի համար էր անակնկալ և զերծ էր Ադրբեջանի ազգաբնակչության համար հակահայկական քարոզչություն իրականացնելու համար անհրաժեշտ թերություններից 2. Զորահանդեսի լուսաբանումը կարող էր ստվերել Ադրբեջանի քարոզչամեքենայի այն թեզը, որ սեփական տարածքային ամբողջականության վերականգնումը ընդամենը օրերի կամ շաբաթների գործ է և Ադրբեջանը պարզապես մեծահոգաբար չի հրաժարվում խաղաղ կարգավորման բանակցային տարբերակից 3. Ադրբեջանը ստիպված է լինելու վերանայել իր ռազմական հռետորաբանության բովանդակությունը եթե ոչ ներքին, ապա արտաքին (մասնավորապես հայկական) լսարանի համար, քանզի զորահանդեսը ՀՀ և Արցախի հայության համար փաստումն էր այն բանի, որ Ադրբեջանի ռազմական բազմապատիկ գերազանցության գաղափարը սոսկ միֆ է: 4. Ադրբեջանի ԶԼՄ-ները իրապես անազատ են և ղեկավարվում են նախագահի ապարատի կողմից, քանզի, հակառակ դեպքում, ադրբեջանական ԶԼՄ-ները միահամուռ կերպով և նույնատիպ ձեռագրով սեփական ժողովրդին չէին զրկի թշնամի պետության մեջ տեղի ունեցող ռազմական «խայտառակության» մասին քննադատական լուսաբանումներից: Հեղինակ` Արմեն Սարգսյան

No comments: