Wednesday, May 30, 2012

Բոյկոտը եւ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունը

ՀՀ իշխանությունները մշտապես հայտարարում են, որ ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունները պետության անվտանգության ապահովման շրջանակներում են: Նրանք նշում են, որ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանը մասնակցում է համագործակցային անվտանգությանը: Պետական պաշտոնյաները շեշտում են, որ գոհ են առկա հարաբերությունների մակարդակից եւ ջանում են պահպանել այն: Սակայն կա արդյոք ներկայիս հարաբերությունները պահպանելու բավարար ռեսուրս: Վերջերս Սերժ Սարգսյանը բոյկոտեց Չիկագոյում կայացած ՆԱՏՕ-ի գագաթաժողովը: Ինքնին այս փաստը չափից ավելի խոսուն է: Նման մակարդակի միջոցառման նկատմամբ դրսեւորած այդ վերաբերմունքը խոսում է այն մասին, որ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերություններում կան լուրջ խնդիրներ: Հայկական կողմը ակնարկեց, որ Սարգսյանի բոյկոտի համար “մեղավորը” ՆԱՏՕ-ն է: ԱԳՆ նախարար Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Սերժ Սարգսյանը որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի` Չիկագոյում ընթացող գագաթաժողովին՝ նրա հռչակագրի նախագծում ներառված մտահոգիչ ձեւակերպումների պատճառով: Ըստ Նալբանդյանի, այդ ձեւակերպումները հակասում են Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին: Այստեղ առաջանում են մի շարք հարցեր` եթե ՀՀ իշխանություններն իսկապես հավատում են իրենց իսկ կողմից հնչեցված պատճառաբանությանը, ապա ի՞նչ են նրանք արել, որպեսզի Հայաստանի համար մտահոգիչ ձեւակերպումներ տեղ չգտնեին հռչակագրում: Բարձրացրե՞լ է արդյոք հայկական կողմը այս հարցը ՆԱՏՕ-Հայաստան հարաբերությունների շրջանակներում գտնվող որեւէ հարթակում: Սրա մասին չկա որեւէ տեղեկություն: Եթե չի բարձրացրել, ապա որն է դրա պատճառը, եթե բարձրացրել է, ապա ինչու է ձախողել: Մինչդեռ կա երկու հանգամանք, որը թույլ է տալիս ենթադրել, որ Սերժ Սարգսյանի կողմից ՆԱՏՕ-ի գագաթաժողովի բոյկոտումը կարող է պայմանավորված լինել այլ դրդապատճառով, այն է` Ռուսաստանի Դաշնության հետ միեւնույն աշխարահաքաղաքական ճամբարում գտնվելու փաստը ցուցադրելու ցանկությամբ: Առաջին` պետք է նշել, որ նախքան ՀՀ նախագահի կողմից գագաթաժողովը բոյկոտելու վերաբերյալ հայտարության տարածումը, արդեն հայտնի էր, որ այն բոյկոտել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաշվի առնելով հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս բնույթը, Սերժ Սարգսյանի բոյկոտը կարող է դիտարկվել որպես բարեկամական ժեստ` ուղղված իր հյուսիսային ռազմավարական գործընկերոջը: Սարգսյանի այդ քայլից միջազգային հանրությունը կարող է եզրակացնել, որ արտաքին քաղաքական հիմնական խնդիրների առումով պաշտոնական Երեւանն ու Մոսկվան շարունակում են ունենալ միեւնույն մոտեցումները: Եվ երկրորդ` վերոնշյալ թեզը ամրապնդում է նաեւ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ընդունված դրույթների վերլուծությունը, որը ցույց է տալիս, որ ԱԳՆ գնահատականները, մեղմ ասած, չափազանցված են եւ որ հռչակագրի` ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող դրույթներն իրականում չէին կարող հանդիսանալ գագաթաժողովին Սարգսյանի չմասնակցելու լուրջ պատճառ: Նախ նշենք, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված փաստաթղթում կոչ է արվում հարգել բանակցային ներկայիս ձեւաչափերը: Հայտնի է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով կա մեկ բանակցային ձեւաչափ` դա Մինսկի խումբն է: Հայաստանը միշտ հայտնել է, որ Մինսկի խումբը միակ ընդունելի ձեւաչափն է իր համար: Ուրեմն այս առումով որեւէ խնդիր Հայաստանի համար չի կարող լինել: Հռչակագրում վկայաբերվում է այն իրավական բազան` ՄԱԿ-ի կանոնադրություն, Հելսինկյան եզրափակիչ ակտ եւ, ընդհանուր առմամբ, միջազգային սկզբունքները, որոնց միշտ հղում է կատարվում, եւ Հայաստանը երբեւէ առարկություն չի ունեցել այս առումով: Կարող ենք ենթադրել, որ դժգոհության առարկա կարող էին լինել փաստաթղթի այն տողերը, որոնցում ասվում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականությունը: Հնարավոր է` Հայաստանը դժգոհ է, որ այստեղ տարածքային ամբողջականության սկզբունքը հիշատակվել է առանց ազգերի ինքնորոշման եւ ուժի չկիրառման սկզբունքը հիշատակելու: Սակայն դա կարող էր դժգոհության առիթ հանդիսանալ բացառապես այն դեպքում, երբ նշվեր միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին: Մինչդեռ այստեղ նշված է նաեւ Հայաստանի տարածքային ամբողջականության ընդունման մասին, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը որեւէ կապ չունի ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետ: Ուստի ակնհայտ է, որ այստեղ տարածքային ամբողջականություն բառակապակցությունը նշվել է լրիվ այլ համատեքստում` ոչ որպես հակամարտության կարգավորման երեք հայտնի սկզբունքներից մեկի: Վերոնշյալ պետությունների տարածքային ամբողջականության ընդունման հարցն առանձին շեշտադրելը ընդամենը նշանակում է, որ ՆԱՏՕ-ն եւս մեկ անգամ հաստատում է, որ առնվազն մեր տարածաշրջանում ճանաչում է միայն դե յուրե պետություններին: Իսկ այս դիրքորոշումը նորություն չէ պաշտոնական Երեւանի համար: Էդգար Վարդանյան, ՌԱՀՀԿ փորձագետ

No comments: