Wednesday, May 30, 2012

Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանից պահանջել է կրոնական սրբությունները նվաստացնողների գործը մանրամասն քննել

Panorama.am. 29-5-2012- Իրանի ԱԳՆ-ն Ադրբեջանից պահանջել է կրոնական սրբությունները նվաստացնողների գործի առնչությամբ մանրակրկիտ քննություն իրականացնել: Այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Ռամին Մեհմանփարաստը: Իրանի ԱԳՆ մամլո խոսնակը, մասնավորապես, նշել է. «Ադրբեջանի իշխանություններից պահանջում ենք, որպեսզի կրոնական սրբություններ դեմ վիրավորական արարք կատարած անձանց գործը մանրակրկիտ ուսումնասիրվի և նրանց դեմ համապատասխան քայլեր ձեռնարկվի»: Հիշեցնենք, որ իրանական «ԻՌԱՍ» լրատվական գործակալությունը հաղորդմամբ՝ Ադրբեջանի իշխող կուսակցության (Ենի Ադրբեջան) ենթակայությամբ գործող որոշ շրջանակներ, ինչպես նաև, անջատողական և ազգայնական որոշ խմբեր օրերս Ադրբեջանում Իրանի դեսպանության շենքի առջև կազմակերպած ցույցի ժամանակ Իրանի հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ էին հնչեցրել և նույն բովանդակությամբ պաստառներ պարզել: Ի նշան բողոքի, Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհամմադ Բաղեր Բահրամին մայիսի 21-երեկոյան լքեց Ադրբեջանը և միջադեպի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու նպատակով վերադարձավ Իրան: Հաջորդ օրն Իրանի ԱԳՆ կանչվեց Իրանում Ադրբեջանի դեսպան Ջավանշիր Ախունդովը: ԻԻՀ հոգևոր առաջնորդի հասցեին վիրավորական հայտարարություններ հնչեցնելու փաստի առնչությամբ՝ ԻԻՀ ԱԳ փոխնախարար Աբբաս Արաղչին Ադրբեջանի դեսպանին ներկայացրեց իրանական կողմի բողոքի նոտան:

No comments: