«Լրագիր» 23-5-2012- Չիկագոյում օրերս տեղի ունեցած ՆԱՏՕ Վեհաժողովի ժամանակ կարճատեւ հանդիպում էին ունեցել ԱՄՆ եւ Թուրքիայի նախագահները, որի ընթացքում նաեւ խոսակցություն էր եղել հայ-թուրքական հարաբերության վերաբերյալ: Ինչպես հայտնի է, ԱՄՆ հանդես է գալիս այդ հարաբերության կարգավորման գործընթացը վերսկսելու դիրքորոշմամբ, գոնե հրապարակային առումով: Հայտնի է նաեւ, որ գործընթացը սառեցված է եւ դրա պատճառն էլ այն է, որ Թուրքիան դնում է Ղարաբաղի հակամարտության նախապայմանը, հայտարարելով, թե միայն այդ հարցում համաձայնությունից հետո կբացի հայ-թուրքական սահմանը: Եվ ահա հետաքրքրական է, որ ԱՄՆ-ում Օբամա-Գյուլ հանդիպումից հետո թուրքական լրատվամիջոցները տեղեկություն են տարածել այն մասին, որ Գյուլը կարող է 2014 թվականին՝ իր նախագահության ժամկետի ավարտից հետո, դառնալ ՆԱՏՕ Գլխավոր քարտուղար: Արդյոք այս տեղեկությունը որեւէ կապ կարող է ունենալ Օբամա-Գյուլ հանդիպմանը շոշափված հայ-թուրքական թեմատիկայի հետ: Օրինակ, արդյոք ԱՄՆ կարող է Գյուլին խոստանալ նախագահությունը թողնելուց հետո բարձր եւ հեղինակավոր պաշտոն ՆԱՏՕ-ում, եթե Թուրքիայի նախաահը մինչեւ 2014 թվականը իր երկրում կարողանա հասնել այն բանին, որ հայ-թուրքական հարաբերության գործում որեւէ բեկում արձանագրվի առանց Ղարաբաղի նախապայմանի: Ինչ պետք է անի Գյուլը նախագահությունը թողնելուց հետո: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը նրա համար կարող է բավական գայթակղիչ առաջարկ լինել: Միեւնույն ժամանակ, հայ-թուրքական հարցում բեկումը մինչեւ 2014 թվական, թերեւս անհրաժեշտ է նաեւ միջազգային հանրությանը, հատկապես գերտերություններին եւ մասնավորապես ԱՄՆ-ին, քանի որ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ անկասկած ուժգնանալու է թե հայկական լոբբի ճնշումը ճանաչման ուղղությամբ, թե նաեւ միեւնույն ժամանակ այն բարոյահոգեբանական մթնոլորտային ճնշումը, որն անկասկած թույլ չի տա բավարարվել ճանաչումից խուսանավելու ավանդական ձեւերի կիրառմամբ: Իսկ ահա հայ-թուրքական հարաբերության որեւէ բեկումը կարող է հիանալի առիթ եւ պատճառ լինել, 100-ամյա տարելիցի հետ եկող մթնոլորտային ճնշումից խուսափելու համար: Կգնա արդյոք Աբդուլլահ Գյուլն այդօրինակ գործարքի: Բանն այն է, որ եթե նա ՆԱՏՕ գլխավոր քարտուղար դառնա այդ “պայմանով”, ապա դրանով կարող է նաեւ փոքր ինչ չեզոքանալ Գյուլի քարտուղարության թողնելիք տհաճ նստվածքը, որ կարող է մնալ Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունում եւ ընդհանրապես Հարավային Կովկասի հանդեպ ՆԱՏՕ քաղաքականությունում այդ որոշման ընդունման դեպքում: Բանն այն է, որ եթե Գյուլը նպաստի հայ-թուրքական հարցում առանց նախապայմանային որեւէ բեկման, ապա դա նաեւ պաշտոնական Երեւանին որոշակի հնարավորություն կտա ընդունել Գյուլի քարտուղարությունը Հյուսիսատլանտյան դաշինքում: Սակայն, անշուշտ մեծ հարց է, թե արդյոք Օբամա-Գյուլ հանդիպումն ու Գյուլի ՆԱՏՕ-ական ապագայի հետ կապված թուրքական խոսակցությունները կապ ունեն միմյանց հետ: Առավել եւս, որ նկատի ունենալով թուրքական կառավարման համակարգի առանձնահատկությունները, թերեւս պարզ է, որ որոշիչը ոչ թե նախագահ Գյուլն է, այլ վարչապետ Էրդողանը: Թեեւ, ով իմանա, թե ինչպես կփոխվի ուժերի հարաբերակցությունը, եթե օրինակ Գյուլն ու Նահանգները պայմանավորվեն: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ
Wednesday, May 23, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment