Tuesday, May 29, 2012

Ադրբեջանի հակամարտություններն իր բոլոր հարևանների հետ պարունակում են պոտենցիալ պատերազմի սպառնալիք

Mardik.am. 28-5-2012- Ոչ թե Ադրբեջանը խնդիրներ ունի իր հարևանների հետ, այլ հակամարտության մեջ է նրանց բոլորի հետ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակետ հայտնեց ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը: Վերջինիս խոսքով` այդ հակամարտություններն, իհարկե, զարգացաման տարբեր փուլերում են, սակայն դրանք բոլորն էլ ունեն պոտենցիալ պատերազմի սպառնալիք: Նա նշեց, որ պատերազմը քիչ հավանական է Ռուսաստանի հետ, իսկ ահա Թուրքմենստանի, Վրաստանի, Իրանի հետ առկա հակամարտությունները կարող են վերածվել պատերազմի, քանի որ Ադրբեջանն այդ երկրների հետ ստեղծել է լարված իրավիճակ: Ա.Հովհաննիսյանի հավաստմամբ` սա փաստում է, որ Ադրբեջանը չկայացած, արհեստական, ներքին և արտաքին լուրջ խնդիրներ ունեցող պետություն է: Նա համոզված է, որ Ադրբեջանին նմանատիպ գաղափարներով սնուցողը և իր պայքարում վստահություն տվողը Թուրքիան է, ինչն, ըստ նրա, առիթ է, որ Ադրբեջանը լրացուցիչ լկտիությամբ զինվի: Սակայն նա վստահ է, որ Թուրքիան այսպիսով պարզապես փորձում է որպես գործիք օգտագործել Ադրբեջանին` առաջ մղելու իր շահերը: Ռազմական փորձագետը գտնում է, որ հայկական կողմը պետք է կարողանա ցույց տալ միջազգային հանրությանը, որ արցախյան հիմնախնդիր, որպես առանձին կոնֆլիկտ, գոյություն չունի, ադրբեջանցիները խնդիրներ ունեն բոլորի հետ, պարզապես, ըստ նրա, ինչ-ինչ զարգացումների արդյունքում ԽՍՀՄ փլուզումից հետո մյուս հակամարտությունները զարգացում չստացան, բացառությամբ ԼՂ հիմնախնդրի: Ա.Հովհաննիսյանը նշեց, որ Ադրբեջանը փորձեց հիստերիա բարձրացնել, թե իր և Իրանի միջև հարաբերությունների սառեցման հետևում կանգնած են հայերը: Նրա կարծիքով` շատ ուրախալի կլիներ, որ դա համապատասխաներ իրականությանը` եթե հայկական լոբբին այդքան հզոր լիներ, և Իրանը Հայաստանի շահերն այդքան առաջնային դասեր: Սակայն, նրա խոսքով, հարևանների հետ խնդիրներ ստեղծողն Ադրբեջանն է: Իրանի հետ կապված կոնֆլիկտը, ըստ ռազմական փորձագետի, առայժմ շատ չի զարգանա, քանի որ Իրանի խնդիրը շատ լուրջ քննարկման է դրված Արևմուտքում: Բայց Իրանի հետ հարաբերություններում, նրա հավաստմամբ, սրացումներն ակնհայտ են: Նրա կարծիքով` այսօր Ադրբեջանի համար Թուրքմենստանի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան արցախյան հիմնահարցը: Ռազմական փորձագետը պարզաբանեց, որ Ադրբեջանի հիմնական սնուցման և եկամտի աղբյուրը նավթն է, և եթե առկա է նավթի հետ կապված խնդիր, ապա այն Ադրբեջանի համար դառնում է առաջնային: «Այսօր Ադրբեջանը Թուրքմենստանի հետ խնդիր ունի նավթը կիսելու հարցում, և ինչքան էլ Ադրբեջանը փորձի քողարկել այս խնդիրը, միևնույն է` մի օր պետք է խոստովանի, որ առաջինն իր համար նավթի հարցն է, հետո մյուս կոնֆլիկտները»,- ասաց Ա.Հովհաննիսյանը: Նրա դիտարկմամբ` այս համատեքստում Թուրքմենստանի հետ կոնֆլիկտը կարող է լուրջ զարգացումներ ունենալ: Ռազմական փորձագետը վստահ է, որ Ադրբեջանի և իր հարևանների միջև առկա հակամարտությունների լուծումը մեծապես կախված է Եվրասիայի խոշոր խաղացողների` Թուրքիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի դիրքորոշումների հետ, թե նախևառաջ ինչպես կզարգանան հարաբերություններն այդ երկրների միջև:

No comments: