Tuesday, May 29, 2012

Ազդանշան Հայաստանին

1in.am. 29-5-2012- Հիլըրի Քլինթընի Հայաստան կատարելիք այցը, որ տեղի կունենա հունիսի 4-ին, թերևս հետաքրքրական է երկու հարթության վրա՝ ներքին ու արտաքին: Այն, որ այցը ունենալու է ներքին լուրջ բովանդակություն, թերևս զգալի է ԱՄՆ Պետդեպարտամենտի հայտնի զեկույցի ֆոնին, որ Հիլըրի Քլինթընը հրապարակեց իր տարածաշրջանային այցի մասին տեղեկատվության նախօրեին: Ինչպես հայտնի է, այդ զեկույցի Հայաստանին վերաբերող մասում բավական լուրջ քննադատություն կար ներքին կյանքի մի շարք ոլորտների իրավիճակի վերաբերյալ: Մասնավորապես` խոսք կա թե՛ բանակում տեղի ունեցող սպանությունների և արատավոր երևույթների մասին, թե՛ քրեակատարողական հիմնարկների և կալանատների վիճակի ու մթնոլորտի, խոշտանգումների մասին, թե՛ երեխաների իրավունքների խախտման, թե՛ աշխատողների շահագործման, թե՛ խոսքի ազատության խնդիրների մասին: Այդ տեսանկյունից, Հայաստանի իշխանությանը, թերևս, բավական լուրջ զրույց է սպասում, հատկապես Հայաստանի խորհրդարանի ընտրությանը ԱՄՆ տված գնահատականի ֆոնին: Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը հայտարարեց, թե գրանցվել է զգալի առաջընթաց: Այդպիսով, Միացյալ Նահանգները թերևս լեգիտիմացրեց Սերժ Սարգսյանի բացարձակ խորհրդարանական իշխանության ձևավորումը: Միևնույն ժամանակ, դրանից ընդամենը օրեր անց եղավ ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցը` իր կոշտ գնահատականներով հանդերձ: Այդպիսով, ստացվում է մի իրավիճակ, երբ փաստացի հավանություն տալով Սերժ Սարգսյանի կազմակերպած ընտրությանը և իր մասով հավանության արժանացնելով դրա արդյունքը բացարձակ մեծամասնության տեսքով, ԱՄՆ-ը փաստացի մեկ առ մեկ մատնանշում է նաև, թե որ ուղղությամբ իրավիճակը բարեփոխելուն պետք է ծառայեցնի իր բացարձակ մեծամասնությունը Սերժ Սարգսյանը: Կասկած չկա, որ հունիսի 4-ին Երևանում Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը Հիլըրի Քլինթընը կքննարկի ներքին կյանքին վերաբերող այդ հարցերը, և չի բացառվում, որ դրանց լուծման գործընթացով պայմանավորվի նաև ԱՄՆ վերաբերմունքը Հայաստանի նախագահի ընտրության հանդեպ: Միևնույն ժամանակ, ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում բավական կոշտ և տհաճ արձանագրում կա Ղարաբաղի հակամարտության մասով, որտեղ նշվում է, որ «էթնիկ հայ անջատողականները» շարունակում են իշխել Ղարաբաղում և հարակից տարածքներում: ԱՄՆ Պետդեպարտամենտը առաջին անգամ չէ, որ Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ անցանկալի արձանագրումներ է անում իր զեկույցներում: Այստեղ չի բացառվում, որ ԱՄՆ Պետդեպարտամենտը փորձում է Քլինթընի տարածաշրջան այցից առաջ որոշակիորեն սիրաշահել Ադրբեջանին, առավել ևս այն ամենից հետո, ինչ Արևմուտքը այդ երկրի գլխին բերեց «Եվրատեսիլի» առիթով: Ինչպես հայտնի է, բազմաթիվ արևմտյան ոչ կառավարական կազմակերպություններ թիրախ դարձրին Ադրբեջանն այդ օրերին, իսկ բրիտանական հանրային հեռուստաընկերությունը նույնիսկ Ալիևի իշխանությունը մերկացնող ֆիլմ նկարահանեց և ցուցադրեց` խայտառակելով Ադրբեջանին այդ մակարդակում: Այդ պայմաններում Ադրբեջանն, անշուշտ, բավական նեղացած կլինի Արևմուտքից ու նաև անկասկած, այսպես ասած, նեղանալու լուրջ պատճառ ունի նաև մասնավորապես ԱՄՆ-ից: Խոսքը մի քանի շաբաթ առաջ ԱՄՆ հեղինակավոր հանդեսներից մեկի տեղեկության մասին է, որտեղ հղում անելով ԱՄՆ վարչակազմի աղբյուրին, հանդեսը նշել էր, թե Ադրբեջանը պատրաստվում է Իրանի դեմ գրոհի համար տարածք տրամադրել Իսրայելին և արդեն համաձայնություն կա Իսրայելի հետ: Փաստորեն, ԱՄՆ-ը Ադրբեջանին դրել էր Իրանի առաջ բավական տհաճ վիճակում: Այդ պայմաններում այցելելով Բաքու` Հիլըրի Քլինթընն, իհարկե, կարող էր զրկված լինել բարենպաստ միջավայրում Բաքվի հետ խոսելու հնարավորությունից: Չի բացառվում, որ Ղարաբաղի խնդիրը այս դեպքում դարձել է Բաքվի հետ Քլինթընի հարաբերության գինը, երբ ԱՄՆ-ը փորձել է այդ դրվագով սիրաշահել Ադրբեջանի իշխանությանը Բաքվում կայանալիք զրույցին ընդառաջ: Բայց կասկած չկա նաև, որ այստեղ պետք է արձագանքի նաև Հայաստանը, և ըստ երևույթին այդ արձագանքը կլինի Քլինթընի հայաստանյան այցի ժամանակ: Իհարկե, խնդիրն այն է, թե արդյոք պաշտոնական Երևանը կհամարձակվի՞ խնդիրը Վաշինգտոնի դեմ դնել բավական հստակ և նաև միաժամանակ հրապարակային, որպեսզի նաև լինի հրապարակային պատասխանի անհրաժեշտություն: Միևնույն ժամանակ, Երևանի դիրքը այս տեսանկյունից խոցելի է հենց ներքին կյանքի այն խնդիրների պատճառով, որոնք մատնանշել է ԱՄՆ Պետդեպարտամենտը Հայաստանի մասով զեկույցում: Մյուս կողմից` Ղարաբաղի վերաբերյալ անցանկալի ձևակերպումները բացատրել միայն Ադրբեջանին սիրաշահելու ԱՄՆ կոնյունկտուրային ձգտումով` թերևս կլինի սխալ: Ի վերջո, եթե սիրաշահելու գին է ընտրվում այդ հանգամանքը, ապա դա նաև որոշակի վերաբերմունք է Հայաստանի և Ղարաբաղի հանդեպ: Հետևաբար, ԱՄՆ-ը, թերևս, միաժամանակ փորձում է երկու հարցն էլ լուծել մեկ արձանագրումով: Այսինքն` Հայաստանն ու Ղարաբաղը այստեղ իսկապես մտածելու բան ունեն` թե՛ կոնկրետ ԱՄՆ վերաբերմունքի, թե՛ ընդհանրապես միջազգային միտումի մասով: Բանն այն է, որ Ղարաբաղի վերաբերյալ միջազգային ձևակերպումներում ավելի ու ավելի են սկսել ի հայտ գալ հայկական կողմի համար անցանկալի ձևակերպումներ: Բացարձակապես էական չէ, թե արդյոք այդ ձևակերպումները ենթադրում են պարտադիր իրավական հետևանք Հայաստանի համար, թե ընդամենը խորհրդանշական կամ քաղաքական արձանագրումներ են: Ի վերջո, այդ խորհրդանշական արձանագրումները մթնոլորտ են ձևավորում, և այդ մթնոլորտում գուցե հեռու չէ նաև այն օրը, երբ հայկական կողմերի ոչ ադեկվատության հետևանքով արդեն կլինեն մեզ իրավական քայլեր պարտադրող անցանկալի լուծումներ: Այս տեսանկյունից, արտաքին ու ներքին խնդիրները, թերևս, շաղկապվում են իրար, քանի որ Հայաստանն արտաքին ոլորտում իր շահը առավել արդյունավետ սպասարկելու և իր դիրքերը պահելու համար պետք է բարեփոխումներ կատարի ներքին կյանքում` այդպիսով նվազեցնելով իր տնտեսա-քաղաքական արտաքին խոցելիությունը: Հետևաբար, Հայաստանի ներքին բարեփոխումները էական նշանակություն ունենալով արտաքին քաղաքականության ասպարեզում, նաև ինքնաբերաբար կարող են էապես անդրադառնալ նաև տարածաշրջանային իրավիճակի վրա: Այդ իմաստով էլ նաև բացատրվում է այդ իրավիճակով շահագրգիռ գերտերությունների հետաքրքրվածությունն ու վերաբերմունքը Հայաստանի ներքին կյանքի գործընթացների հանդեպ: Այդ իմաստով, ԱՄՆ բացահայտ ահազանգերը, թերևս, ավելի շատ ենթադրում են ոչ թե դրանք Հայաստանի դեմ ծառայեցնելու մտադրություններ, այլ պարզապես Հայաստանի համար այդ մարտահրավերներին պատրաստ լինելու հուշումներ: Թերևս, պատահական չէ նաև, որ ԱՄՆ Պետդեպի զեկույցում ներքին կյանքի կոշտ գնահատականն ու անցանկալի ձևակերպումը Ղարաբաղի հարցում զուգորդում են իրար` այդպիսով ըստ ամենայնի պաշտոնական Երևանին հասկացնելով, որ Ղարաբաղի հարցում անցանկալի զարգացումներից խուսափելու համար, անհրաժեշտ է լուծել ներքին կյանքում Արևմուտքի համար անցանկալի համակարգային արատները: Իսկ թե որն է այստեղ Արևմուտքի շահը, առիթ ունեցել եմ քննարկելու նախկին հոդվածներում և թերևս կանդրադառնամ հաջորդիվ:

No comments: