Sunday, May 13, 2012

Վազգենը թեթեւացած շունչ կքաշի

«Լրագիր» 12-5-2012- 2008 թ. նախագահի ընտրությունների ժամանակաշրջանում իրենց պահվածքի համար Վազգեն Մանուկյանը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ գործիչներ հրապարակային դատապարտվեցին Սերժ Սարգսյանի «հաճախորդը» դառնալու համար: Նրանց ուղղված մեղադրանքը բավական ազդեցիկ էր՝ Սարգսյանի ճամբար անցնելով, նրանք փորձել են լեգիտիմացնել կեղծված ընտրությունը: Մարդու իրավունքներ-96 կուսակցությունը, որն ի դեպ մտնում է Կոնգրեսի կազմի մեջ, Կոնգրեսի կողմից մանդատներից չհրաժարվելու կապակցությամբ այսօր տարածել է հաղորդագրություն, որում մասնավորապես ասվում է. «...Ապօրինի ընտրության օրինականացման այդ դավաճանական գործընթացը սկսեց ՀԱԿ հիմնադիր սկզբունքները վաղուց անտեսած ՀՀ Առաջին Նախագահը, որը... հանգիստ և վերջնականապես հանգրվանեց իր սիրելի ԱԺՄ սիրելի առաջնորդի կողքին»: Նկատի ունի Վազգեն Մանուկյանին, որի հետ Տեր-Պետրոսյանին իսկապես կապում են «ջերմ հուշեր»: Ի դեպ, մինչեւ 2008 թ. նախագահի ընտրությունը, Վազգենն ու Լեւոնը հանդիպել ու երկար զրուցել էին, բայց Վազգենն այդպես էլ նրան չէր ներել 1996 թ. նախագահի ընտրությունը: Այն ժամանակ իշխանությունը խոստովանեց, որ Լեւոնը չէր հաղթել, սակայն պնդում էր, որ «Վազգենն էլ չէր հաղթել»: Այսինքն, Լեւոն-Վազգեն ընտրությունը, ըստ պաշտոնական տեսակետի, փաստորեն ավարտվել էր ոչ ոքի: Այդպիսի բան երեւի միայն Հայաստանում է հնարավոր, ընտրությունների ժամանակ, ինչպես ասենք «ՀՀԿ բացարձակ մեծամասնությունը»: Ահա այսպիսի բաներ: Հիմա Վազգեն Մանուկյանը, եւ մյուս «հաճախորդները» հանգիստ շունչ կքաշեն: Հիմա Լեւոն-Վազգեն մրցամարտում կրկին ոչ ոքի է՝ ինչ վերաբերում է թե նախագահի ընտրությանը, թե Սերժ Սարգսյանի «հաղթանակը» լեգիտիմացնելուն: Ի դեպ, Մարդու իրավունքներ-96 կուսակցությունը ստեղծվել է 1996 իրադարձություններից հետո:

No comments: