
Mamul.am. 29-5-2012- Այսօր ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում, ինքնասպանությունները լայն տարածում են ստացել: Ի՞նչն է դրա պատճառը: Ինչո՞ւ է մեր հասարակությունում ինքնասպանությունը դարձել սովորական երևույթ: ՄԱՄՈՒԼ.am լրատվականի թղթակիցը զրուցել է մի քանի երիտասարդների հետ, ովքեր նախկինում փորձել են կատարել ինքնասպանություն:
Հասմիկն ասել է, որ դեռ վաղ տարիքից ինքն ընտանիքում սիրված երեխա չի եղել: Ծնողների շարունակական անուշադրությունը նրան մի քանի անգամ ստիպել է մտածել կյանքին վերջ տալու մասին: ''Ես վստահ եմ, որ ճիշտ եմ վարվել` ինքնասպանություն չգործելով: Ես հիմա տեսնում եմ, թե ինչքան լավն է կյանքը'': Իսկ Անուշն ինքնասպանության մասին մտածել է սիրած մարդուց բաժանվելուց հետո: ''Կյանքն ինձ համար անհետաքրքիր էր դարձել, չէի ուզում ապրել, անպայման մի վնաս ուզում էի ինձ հասցնել: Բայց մինչև ամենավերջին պահը մտածում էի, որ կփրկվեմ: Ու, փառք Աստծո, անդառնալի ոչ մի հետևանք չեղավ: Այդ պահից սկսած ես գնահատում եմ կյանքը'': Գևորգն ինքնասպանության փորձ է արել ֆինանսական դրությունից դրդված: ''Ես տեսնում էի, որ ծնողներս չեն կարողանում ինձ ապահովել անգամ նվազագույն չափով: Իսկ իմ ընկերներն ամեն ինչ ունեին: Այդ փորձից հետո հասկացա, թե ինչքան մեծ ցավ կպատճառեի ծնողներիս, եթե վերջ դնեի կյանքիս: Ամեն հարց էլ լուծելի է, հիմա ես աշխատում եմ, օգնում եմ ծնողներիս ու գտնում եմ, որ ուղղակի երջանկություն է, որ հիմա ապրում եմ'': Թեմայի շուրջ պարզաբանումներ է տալիս ՀՊՄՀ զարգացման և կիրառական հոգեբանության ամբիոնի դոցենտ, հոգեբանական գիտությունների թեկնածու` Կամո Վարդանյանը: ''Ինքնասպանությունը հոգեբանական դեզադապտացիայի արդյունք է, երբ անձն ախտաբանական կամ սահմանային վիճակում ինքնակամ դիմում է լետալ (մահացու) ավարտով գործողությունների: Ինքնասպանությունը դարձել է դեռահասների ու երիտասարդների մահացության երրորդ հիմնական պատճառը` դժբախտ պատահարներից ու սպանություններից հետո: Այն հաճախակի գործածվում է անձի կողմից` որպես իրավիճակից դուրս գալու ելք: Ինքնասպանության հոգեբանական իմաստը հասկանալու համար անհրաժեշտ է նաև պարզել, թե ինչպես է մարդը հակազդում կոնֆլիկտային իրավիճակներին: Փաստերը վկայում են, որ մարդիկ հոգետրավմատիկ բնույթ ունեցող երևույթներին (բաժանում, ընտանեկան վեճեր, վիրավորանք և այլն) տարբեր ձևերով են հակազդում: Ոմանք պայքարի մեջ են մտնում, մյուսներն օգնություն են հայցում, ոմանք էլ հուսալքվում են ու իրենց թողնում բախտի քմահաճույքին: Հակազդման այս տարբերությունները պայմանավորված են անձի անհատական հոգեբանական առանձնահատկություններով: Անլուծելի թվացող պրոբլեմների հետ բախվելով` անգամ ամենաուժեղ մարդն է հայտնվում անօգնական վիճակում: Այդպիսի դեպքերում մարդու գիտակցությունը մթագնում է, թուլանում է կամային հսկողությունը և անգիտակցականը սկսում է զբաղեցնել գիտակցական դաշտը: Հոգեկան ճգնաժամը, որով լի է մարդկային կյանքը, և որի ընթացքում յուրաքանչյուր աֆեկտ լիովին տիրում է մարդուն, հեշտությամբ գցում է նրան ինքնաոչնչացման բնազդի ճիրանները: Ի վերջո, ինքնասպանությունը կարելի է որակել որպես ուժերը դրսևորելու և փորձությունը հաղթահարելու մերժում'':
No comments:
Post a Comment