
Tert.am. 29-5-2012- Շվեդական Expressen-ը բացահայտել է շվեդ քաղաքական գործիչ և լոբբիստ Գորան Լինդբլադի և ադրբեջանական իշխանությունների համագործակցության ոչ այնքան հայտնի կողմերը: Պարբերականը, մասնավորապես, անդրադառնում է Լինդբլադի և Եվրոպայի ադրբեջանական միության՝ «Ադրբեջանի ռեժիմի հետ սերտորեն կապված կառույցի» համագործակցությանը:
Կազմակերպության փողերը Լինդբլադը ատամնաբուժական գործունեության վրա է ծախսում (նա ատամնաբույժ է) և ավելի քան կես միլիոն կրոն էլ ստանում է Շվեդիայի խորհրդարանից՝ երաշխավորված եկամտով: 13 տարի Չափավոր կոալիցիոն կուսակցության անդամ եղած Լինդբլադը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական հանձնաժողովի նախագահն էր՝ մի կազմակերպության, որը զբաղվում է ժողովրդավարության և մարդու իրավունքների տարածմամբ: Լինդբլադը նաև ԵԽԽՎ փոխնախագահի պաշտոնն է զբաղեցրել: «2010-ի խորհրդարանական ընտրություններից ընդամենը մի քանի շաբաթ անց նրա հետ կապվել էին Եվրոպայի ադրբեջանական միությանից, որն աշխատում է ի շահ Եվրոպայի ադրբեջանցիների: 2010-2011-ին Լինդբլադը սկսեց լոբբիստ աշխատել կազմակերպության Բրյուսելի գրասենյակում». գրում է Expressen-ը՝ նշելով, որ «Միությունը սերտորեն կապված է Ադրբեջանի բռնապետական ռեժիմի հետ: Այդ կազմակերպության նախագահը Տալե Հեյդարովն է՝ Քամալադդին Հեյդարովի՝ Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարի որդին»: Հեյդարով ընտանիքը Ադրբեջանի բացարձակ էլիտային է պատկանում՝ թե քաղաքական, թե տնտեսական, և վերահսկում է մի ընկերություն, որը արտադրում է ամեն ինչ՝ հյութից մինչև ձկնկիթ»,- գրում է շվեդական թերթը: Ըստ WikiLeaks-ի հրապարակած՝ ամերիկացի դիվանագետների էլեկտրոնային նամակագրության՝ Միությունը ադրբեջանական ռեժիմի խոսափողն է Եվրոպայում: «Մենք գիտենք, որ ռեժիմը ծայրահեղ կոռումպացված է և վերահսկվում է Ալիև ընտանիքի կողմից, որը վիթխարի հարստության տեր է, որին շատ քչերը մատչում ունեն: Հեյդարով ընտանիքը այդ էլիտայի մի մասն է», - ասում է Էլիզաբեթ Լոֆգրենը՝ Amnesty International-ի Շվեդիայի մասնաճյուղի մամլո քարտուղարը: Ըստ նրա՝ «Եվրատեսիլի պատճառով» Ադրբեջանը աչքի ընկավ՝ հատկապես մարդու իրավունքների հարցում իր մոտեցումներով: Amnesty-ի կարծիքով այդ պարագայում ադրբեջանական կազմակերպության լոբբիստ աշխատելով՝ Լինդբլադը կարող է նպաստել մարդու իրավունքների ոտնահարմանը: Expressen-ը գրում է, որ մի կողմից «Լինդբլադը վիճում է, որ Միությունն անկախ կազմակերպություն է, բայց նաև ընդունում է կապերը Ադրբեջանի ռեժիմի հետ: Նրա առաջադրանքը Ադրբեջանի և Հայաստանի հակամարտության հարցում լոբբինգ անելն է: Նա ուղիղ ասում է, որ այժմ լոբբինգ է անում Եվրոպայի խորհրդի իր հին գործընկերների դեմ»: Նա ստիպված է ընդունել, որ Ադրբեջանում մարդու իրավունքների առումով «դեռ շատ անելիք կա»: Իսկ իր վճարման մասին հրաժարվում է խոսել՝ ասելով, որ «հաճախորդի հետ պայմանագրով, ինքը չի կարող ասել դա»: Սակայն ստացված փողը նա ներդնում է իր ատամնաբուժական գործունեության մեջ: 2011-ին Լինդբլադի առավելագույն երաշխավորված եկամուտը խորհրդարանից եղել է 518 199 շվեդական կրոն՝ 72 633 դոլար: Եվրոպայի ադրբեջանական միությանը Լինդբլադի աջակցությունը շատ է քննադատվում: Շվեդիայի կառավարությունում Եվրամիության գործերով նախարար է Բրիգիտա Օլսոնն ասում է. «Ադրբեջանը բռնապետություն է, որտեղ այլախոհ բլոգերները, անկախ լրագրողները և սեռական փոքրամասնությունների ակտիվիստները հալածվում և բանտարկվում են: Այն փաստը, որ Շվեդիայի խորհրդարանի նախկին անդամը ռեժիմի հետ կապ ունի, ոչ այլ ինչ է, քան քննադատության արժանի երևույթ»: Լինդբլադի գործունեությունը քննադատում է նաև նրա կուսակցությունը: «Շատ խնդրահարույց է, որովհետև, եթե նա աշխատում է ադրբեջանական ռեժիմի համար, ապա դա հակասում է մեր հիմնարար արժեքներին», - Expressen-ի հետաքննությունը եզրափակում է նրա կուսակից Աննա Քինբերգ Բաթրան:
No comments:
Post a Comment