Wednesday, May 2, 2012

Պուրակը, Սարգսյանն ու խաղընկերները

«Լրագիր» 2-5-2012- Դժվար է ասել, թե Մաշտոցի պուրակ Սերժ Սարգսյանի այցի ու բուտիկներն ապամոնտաժելու հանձնարարականի բեմադրությունը որքանով ավելացրեց Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ ձայների թիվը խորհրդարանի ընտրության համար: Բայց հստակ է, որ Մաշտոցի պուրակի համար պայքարող քաղաքացիական նախաձեռնությունների պատասխան հայտարարությունը, որտեղ նրանք հստակ ընդգծում են խնդրի սահմանադրականության հանգամանքը եւ միմիայն այդ դաշտում լուծված լինելու անհրաժեշտությունը, ամեն ինչ դրեց իր տեղն ու կանխեց պուրակի պայքարին գեղարվեստաթատերական բնույթ հաղորդելու փորձը: Ընդ որում, հատկանշական է, որ իշխանության այդ փորձի առաջին ժամերը բավական ազդեցիկ էին, ու սոցցանցերը ողողվել էին Մաշտոցի պուրակի ակտիվիստներին իշխանության հետ գործակցության համար մեղադրող հայտարարություններով: Իսկ դա Սերժ Սարգսյանի երկրորդ նպատակն էր: Այսինքն, մեկն այն էր, որ բուտիկները հանելու հանձնարարականով որոշակի ձայներ հավաքի ընտրական պատկերի համար, իսկ մյուսն էլ այն, որ Մաշտոցի պուրակի պայքարը այսպես ասած ներկայացվի իշխանական “պռոյեկտի” համատեքստում: Դա վկայում է նաեւ, որ իշխանությունը թերեւս շատ լավ է հասկացել Մաշտոցի բուն իրավիճակը եւ դրա վտանգը համակարգի համար, հասկանալով, որ այստեղ բանն ամենեւին բուտիկները չեն, այլ համակարգի համար բոլորովին նոր որակի եւ տրամաբանության, բոլորովին նոր մեխանիզմների պայքարի օջախը, որը ինքզինքը դուրս է դրել Հայաստանի ավանդական քաղաքական համակարգի շրջանակից եւ հրաժարվել է մտնել ավանդական խաղի տրամաբանության մեջ: Սերժ Սարգսյանի այցը բնականաբար նպատակ ուներ ցույց տալ, որ պուրակն իրականում “իրենն” է եւ դուրս չէ ավանդական քաղաքական համակարգի եւ խաղի շրջանակից: Եվ Սարգսյանի փորձը բավական հաջող անցավ այն հանրույթի շրջանում, որի մի զգալի մասը թեկուզ միանգամայն անկեղծորեն եւ ազնվությամբ, այդուհանդերձ իր պայքարը կամա թե ակամա տեղավորել է հենց այդ ավանդական համակարգային քաղաքականության եւ խաղի շրջանակում: Այդ հանրույթի մի զգալի մասը հենց այդ պատճառով գրեթե սկզբից եւեթ ի դեմս Մաշտոցի պուրակի տեսնում էր մրցակցի, եւ Սերժ Սարգսյանը բավական հաջող խաղաց նաեւ այդ տեսանկյան վրա: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանի առաջին խաղընկերը դարձավ հենց այդ հանրույթը, նրա քայլին իր գրեթե հակապուրակյան հիստերիայի դրսեւորմամբ: Բայց, ակտիվիստների պատասխան հայտարարությունը դադարեցրեց այդ խաղը եւ հստակ ամրագրեց շեշտադրումները՝ Սահմանադրություն, օրենք: Սերժ Սարգսյանն ու նրա կամա թե ակամա ավանդական խաղընկեր հանրույթը կրկին մնացին “պուրակից այս կողմ”: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: