Sunday, May 13, 2012

Հայաստան` Անատոլիայի սփյուռքը. թուրք լրագրող

Tert.am. 12-5-2012- «Հրանտ Դինք» հիմնադրամի հովանավորությամբ հայաստանյան ընտրությունները լուսաբանելու համար Հայաստան էին այցելել մի խումբ թուրք լրագրողներ: Նրանց թվում եղել է նաև «Ենի շաֆաք» պարբերականի լրագրող Հիլալ Քափլանը, ով պարբերականի իր սյունակում կիսվել է տպավորություններով: «Հեռվում մի երկիր կա, սակայն երբ հասնում ես այնտեղ, զգում ես, որ ամեն ինչ այնքան էլ հեռու չէ: Ամենամեծ շուկաներից մեկի անունը Մալաթիա է, ամենահայտնի ռեստորաններից մեկի անունը` Այնթապ, թաղամասերի անունները` Արաբկիր ու Մարաշ, ամենահայտնի ռադիոկայաններից մեկի անունը` Վան. Հայաստանն է: Բնակչության առնվազն 70 տոկոսի նախնիներից գոնե մեկն Անատոլիայից եկած Հայաստանը»,- գրել է Քափլանը: Նա պատմել է Երևանում իրենց վերջին գիշերվա` վերջին ընթրիքի մասին և վերհիշել արմատներով Քայսերիից և Սըվասից Սալբի Ղազարյանի խոսքն այդ ընթացքում: «Հիշողությունները տարօրինակ բաներ են և միայն ձեզ չեն պատկանում, այլ փոխանցվում են սերնդե սերունդ: Տատիկիս հիշողությունները, ցավոք, այնքան էլ լավ հիշողություններ չէին: Սակայն վստահ եմ, որ եթե նա այստեղ, այս սեղանի մոտ լիներ, ձեզ հետ իրեն լավ կզգար: Երանի նա էլ այստեղ լիներ»,- հանդիպման ընթացքում ասել է Սալբի Ղազարյանը: «Մինչ տիկին Սալբիի աչքերն արցունքով են լցվում, մտածում եմ 1915թ-ի` կարևորության մասին երկու ազգերի համար: Հայերի համար հիմնական գործոն է եղել իրենց ստացած տրավման, իսկ մենք ապրել ենք այդ տրավմայի վրա կառուցված երկրում և մեր նախնիները գիտեին այդ մասին: Նրանց մեծամասնությունը նախընտրեց լռել, իսկ մի փոքր մասը մեր ականջին փսփսացին այդ մասին: Օրինակ այս այցին մասնակցող իմ ընկերներից շատերը գիտեին, որ իրենց գյուղերում հայկական տներ են եղել, ոմանք էլ պարզապես գլխի էին ընկել, որ իրենց տատիկները հայերեն գիտեն»,- գրել է Քափլանը: Նույն ճաշի ընթացքում թուրք լրագրողները լսել են նաև նաև Ստեփան Գալոշյանին: Նա Թուրքիայից Հայաստան է եկել 1980թ-ին: Նա ծնվել է 1932թ-ին` Մալաթիայում: Վաղ հասակում կորցրել է հորը: Ծառայել է թուրքական բանակում, ապա մոր և ընտանիքի հետ տեղափոխվել Ստամբուլ: Հոր գերեզմանը Մալաթիայում է, մայրիկինը` Ստամբուլում, սակայն նա ասել է, որ իրեն լավ է զգում Հայաստանում: Ստեփան Գալոշյանը պատմել է, որ Թուրքիայում 1915 թ-ի դեպքերի պաշտոնական թեզը չպատմելու համար իր որդուն դպրոցում նույն դասարանում են թողել, իսկ փողոցում, ընտանիքի հետ քայլելիս հետևից «գյավուր» են ասել ու հայհոյել: «Այցի ողջ ընթացքում զգում եմ, որ այստեղ բոլորը գիտակցում են, որ Թուրքիայում «լավ բաներ» էլ են լինում: Մեկը Վանի Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու բացմանն է ներկա գտնվել, մյուսը լսել է, որ Դիարբեքիրի Սուրբ Կիրակոս եկեղեցին է վերակառուցվել: Երրորդը հույսով է լցվել` Թաքսիմում Ապրիլի 24-ին նվիրված ցույցից հետո, ուրիշ մեկը գոհ է փոքրամասնությունների գույքի վերադարձից… Հայաստանից վերադառնում ենք դրական հիշողություններով: Կարծում եմ, որ երբ այդ հիշողություններն ավելանան, կթեթևանա նաև մեր վրա ծանրացած անտանելի ցավը…»,-եզրափակել է սյունակագիրը:

No comments: