ոգևորված չեն հնարավոր պատերազմի հեռանկարով, քանզի հասկանում են, որ պատերազմի նախապատրաստությունն ավարտելու համար մի 7-10 տարի դեռ պետք է, և առհասարակ, ում-ում, գեներալներին դա պետք չէ: Իսկ ահա քաղգործիչները, առավել ևս Իլհամ Ալիևի վարչախմբի պաշտոնյաները, նրան շարունակ աշխատում են ներշնչել, թե հնարավոր է հաջողության հասնել ղարաբաղյան երկրորդ պատերազմում: Ստուգված տեղեկություններ կան, որ դա տեղի է ունենում ներքաղաքական խարդավանքների շրջանակներում, և միանգամայն հնարավոր է, որ անգամ նախագահի թիմում կան մարդիկ, ովքեր ձգտում են պատերազմի միջոցով ազատվել նրանցից, իհարկե, հասկանալով, որ հիմա, Ադրբեջանի համար խիստ աննպաստ իրավիճակում, սանձազերծված պատերազմը կհանգեցնի Ադրբեջանի ջախջախիչ պարտության: Ալիևի շրջապատի այս «տրամադրությունները», ավելի ճիշտ` նախաձեռնությունները, այս կամ այն չափով արդեն հաղորդվել են արևմտյան դիվանագետներին, փորձագետներին ու դիտորդներին: Իրավիճակն ամենից լավ հասկանում են ամերիկացիները, ամենից վատ` ռուսները: Այժմ Ալիևը հասկանում է, որ ինքը չափազանց շատ է բարձրացրել խոստումների նշաձողը, Սաակաշվիլու նման բախվել է պատերազմական գործողությունների անհրաժեշտությանը: Իրավիճակն այնքան լուրջ է, որ անգամ ամերիկացիները, որ շահագրգռված են Ալիևի արկածախնդրական ծրագրերի բացահայտ ձախողմամբ, հասկանում են, որ պատերազմը կարող է անխուսափելի դառնալ Ադրբեջանի ներսում քաղաքական ակտիվության նոր կենտրոնների առաջացման ներկա պայմաններում: Սակայն կա պատերազմի վերսկսման մեկ այլ, գուցե և ավելի կարևոր գործոն. դա Թուրքիայի դիրքորոշումն է: Արևմտյան տերություններն ու Ռուսաստանը միանգամայն անթույլատրելի են համարում այդ պատերազմին և առհասարակ Հարավային Կովկասում ուժային եղանակների կիրառմանը Թուրքիայի անմիջական մասնակցության հնարավորությունը: Ենթադրենք` դա այդպես է, թեև վերջին ժամանակներս Թուրքիան ուժային գործողությունների է դիմել հարևան տարածաշրջաններում` առանց ՆԱՏՕ-ի հետ որևէ համաձայնության: Ավելի շուտ, այդ կարծիքները հենվում են հարցի պաշտոնական ըմբռնման և Թուրքիայի մասին արևմտյան քաղգործիչների պատկերացումների վրա. նա կվարվի այնպես, ինչպես իրեն է նպատակահարմար, և ո՛չ ՆԱՏՕ-ն, ո՛չ ԱՄՆ-ն արդեն զսպիչ գործոն չեն նրա համար, անգամ Արևմտյան ընկերակցության հետ Թուրքիայի հարաբերությունների ծայրաստիճան հակասականության պարագայում: Միաժամանակ, ԱՄՆ-ն ակտիվորեն մշակում է Հարավային Կովկասի պետությունների գործառական դերաբաշխման ավարտի վարկածը: Գործընկերոջ իր գործառույթները կորցրած Վրաստանը դարձել է սոսկ տարանցիկ երկիր և, փաստորեն, հաշտվել է տարածքների կորստյան հետ: Հայաստանն այլևս չի համարվում բացառապես Ռուսաստանի գործընկեր, այլ դարձել է ամերիկյան տարածաշրջանային քաղաքականության մեջ Թուրքիայի նվաճողամտության զսպման կարևոր գործոններից մեկը, ինչպես նաև տարածաշրջանի «հավասարակշռող»: Ադրբեջանը կորցրել է «նավթի տակառի» և նավթի ու գազի տարանցիկ պետության ռազմավարական դերը և ԱՄՆ-ի քաղաքականության մեջ ձեռք է բերում զինված ուժերի բազավորման գործառույթներ: Այս ամենը համատեղ կարող է կոչվել Սև ծովում և Հարավային Կովկասում «երրորդ ուժի» առաջացման հայտ: Որքա՞ն է այդ իրավիճակը նպաստավոր Հայաստանի համար: Եթե այդ գործընթացները շարունակություն ստանան, ապա իրավիճակը տարածաշրջանում բավական կսրվի, իսկ դա կնշանակի թուրք-ռուսական դաշինքի ստեղծման սպառնալիքի վերացում: Ինչ վերաբերում է ղարաբաղյան խնդրին, ապա շահագրգիռ կողմերը կնախընտրեն մշակել թե՛ Ադրբեջանի, թե՛ Հայաստանի շահերն սպասարկող նմանակման նոր սցենարներ, այսինքն, տեղի կունենա վերադարձ ստատուս քվոյի պահպանման մարտավարությանը: Հարց է ծագում` ո՞ր իրավիճակում Ալիևը կդիմի այդ մարտավարության շարունակմանը. այն դեպքում, երբ սեփական երկրում հողը կսկսի տատանվե՞լ ոտքերի տակ, թե՞, ընդհակառակը, երբ նրա քաղաքական վիճակը կամրապնդվի: Մինչդեռ Ռուսաստանն ադրբեջանական ուղղությամբ ձեռնածությունից անցել է Վրաստանի հետ հարաբերությունների կարգավորման փորձերին, հուսալով, թե այս անգամ իրեն հաջողություն է սպասում: Իրանը շատ է մտահոգված Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ակտիվության բացահայտ վերականգնմամբ, երկյուղում է, ավելի շուտ, ոչ թե տարածաշրջանում և Արաքսի ափին կողմնակի պետությունների զորքերի երևալուց, այլ թուրք-ամերիկյան հարաբերություններում և թուրք-ռուսական դաշնազույգի ստեղծման գործում խոչընդոտների վերացման հնարավորությունից: Ահա, ըստ էության, ամբողջ իրավիճակը, բայց սա, իրականում, առայժմ սոսկ իրավիճակ է: Տարածաշրջանային քաղաքականության մեջ «առանձնահատուկ» տեղ գրավելու Մոսկվայի փորձերի ձախողումը Եվրոպայում ԱՄՆ-ի նվաճողամտության հերթական փուլի ազդանշան է, և Ռուսաստանը նորից ստիպված է «նեղ անել` տեղ անել»: Եվրոպայում հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունենում: Մեծ Բրիտանիան բացահայտորեն ռազմաքաղաքական առումով թուլանում է: Ֆրանսիան աշխատում է վարել բազմավեկտոր քաղաքականություն` ԱՄՆ-ի հետ իր հարաբերությունները կառուցելով անդրատլանտյան հարաբերությունների շրջանակներում, փաստորեն, նորովի սերտ պաշտպանական և տնտեսական հարաբերություններ ստեղծելով Գերմանիայի հետ և պաշտպանական նոր միություն ձևավորելով Մեծ Բրիտանիայի հետ, դրանով իսկ և՛ ԱՄՆ-ին, և՛ Գերմանիային հիշեցնելով իր ավանդական շահերի ու նպատակների մասին: Ֆրանսիան և Գերմանիան, հանդես գալով զուգադաշնությամբ, ձգտում են իրենց շահերին շաղկապել Ռուսաստանը, ընդ որում, տարածություն պահպանելով նրա հետ հարաբերություններում: Հետաքրքրություն են ներկայացնում Եվրոպայի մտադրությունները Թուրքիայի առնչությամբ, երբ աստիճանաբար ձևավորվում է եվրոպացիների ու ամերիկացիների նպատակների մի ընդհանրություն` ինչպես եվրոպական, այնպես էլ տարածաշրջանային ուղղություններում Թուրքիայի նվաճողամտությունն ու պահանջատիրությունը զսպելու քաղաքականության առնչությամբ: Եվրոպական քաղաքականության վրա ավելի ու ավելի է զգացվում տնտեսական ճգնաժամի ճնշիչ ազդեցությունը, որից զերծ չէ նաև ԱՄՆ-ը: Ռուսաստանն իր ներկա խոցելի տնտեսական և ռազմական վիճակում հարկադրված է ընդառաջելու եվրոպացիների ցանկացած առաջարկության, բայց, միաժամանակ, նման քաղաքականությունից որևէ դրական արդյունք չի ակնկալվում: Կենտրոնաարևելյան Եվրոպայում քաղաքական լճացում է, ինչը կապված է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին բալթյան-սևծովյան երկրների անդամակցության հետ: Այդ բոլոր երկրները ցույց են տվել իրենց անընդունակությունը` վարելու շատ թե քիչ ակտիվ արտաքին քաղաքականություն և չեն ձգտում դրան: Այդուամենայնիվ, նրանց վերապահված են Եվրոպայում անվտանգության գոտու ստեղծման և հավասարակշռողի միանգամայն ակնհայտ գործառույթներ: Փաստորեն, բոլորը շահագրգռված են այդ առաջադրանքի կատարմամբ, քանի որ Գերմանիայի և Ռուսաստանի դիրքերի չափից ավելի մերձեցումը սպառնում է նրանց անկախությանը և կրճատում արտքաղաքական ազատության աստիճանը: Տվյալ պայմաններում միայն Լեհաստանն է ձգտում վարել ակտիվ արտաքին ու տարածաշրջանային քաղաքականություն, ինչը պայմանավորված է բալթյան-սևծովյան ու հարավկովկասյան պետությունների հետ Լեհաստանի հարաբերություններով: Այսպես թե այնպես, Լեհաստանի առաջադրած աշխարհաքաղաքական խնդիրը Ռուսաստանի զսպումն է: Հենց այս առաջադրանքի կատարումն է Լեհաստանը համարում իր եվրոպական և, ընդհանուր առմամբ, արտաքին քաղաքականության խնդրի լուծում: Որքան էլ դրականորեն հռչակված լինեն Ռուսաստանի հանդեպ Լեհաստանի քաղաքականության նպատակները, առանց Ռուսաստանի զսպման առաջադրանքի կատարման Լեհաստանի ամբողջ արտաքին քաղաքականությունը կմնա թերիմաստ ու անհետաքրքիր, այդ թվում` տարածաշրջանի պետությունների համար: Լեհաստանի հետ հույսեր են կապում այդ տարածաշրջանի շատ պետություններ, քանի որ հենց Վարշավան է դարձել Արևելյան Եվրոպայի հանդեպ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքականության հիմնական իրագործողը և միայն Վարշավան է ընդունակ Վաշինգտոնին հասցնելու այն խնդիրները, որոնք ոչ միշտ են հստակորեն լսելի լինում ԱՄՆ-ի մայրաքաղաքում: Դրան զուգընթաց, «եվրոպական կարգի» պատասխանատվության զգացումով լի և չափավոր քաղաքական գործիչ Բրոնիսլավ Կոմորովսկու` Լեհաստանի նախագահ ընտրվելը այդ աշխարհաքաղաքական խնդրին մի ուրիշ, ավելի բովանդակալից քաղաքական ոճ հաղորդեց: Կոմորովսկու անձի հետ են հույսերը կապում ոչ միայն բալթյան-սևծովյան տարածաշրջանի պետությունները, այլև, նույնիսկ, հենց Մոսկվայի քաղգործիչները: Հասկանալի է, որ Լեհաստանը բավարար քաղաքական և տնտեսական հնարավորություններ չունի աշխարհաքաղաքական «բևեռի» դեր կատարելու համար, բայց հնարավորություններ կան վարելու այնպիսի հետևողական քաղաքականություն, որը տվյալ պետություններին արտաքին քաղաքականության մեջ այլընտրանք կարող էր ընձեռել: «Արևելյան գործընկերներ» նախագիծը, որի նախաձեռնողներն են Լեհաստանն ու Շվեդիան, կոչված է ոչ միայն Եվրոպայի հետ այդ պետությունների ներմիավորման այլընտրանքային ձևաչափ առաջարկելու, այլև նորովի ձևակերպելու Ռուսաստանի զսպման աշխարհաքաղաքական խնդիրը: Ֆրանսիան և Գերմանիան խիստ անբարյացակամ են վերաբերվել այդ նախագծին ոչ միայն տնտեսական նկատառումներով, այլև հասկանալով նախագծի նպատակները որպես Ռուսաստանի որոշ հակակշռի և Բեռլինի ու Մոսկվայի համագործակցության ճանապարհին հարուցվելիք արգելափակոցի: Սակայն պետք է նշել, որ, ի տարբերություն տխրահռչակ ՎՈՒԱՄ դաշնախմբի և այլ միակողմանի նախագծերի, որոնք բացառում էին Հայաստանի մասնակցությունը, «Արևելյան գործընկերությունը» և առհասարակ Արևելյան Եվրոպայի առումով Լեհաստանի նախաձեռնությունները Հայաստանի մասնակցություն ենթադրում են: Այսինքն, Հայաստանը, ըստ էության, հազիվ թե որևէ բան կորցնի, եթե պասիվ քաղաքականություն չվարի այդ նախաձեռնությունների նկատմամբ: Բացի այս հանգամանքներից, կան նաև որոշակի աշխարհաքաղաքական ակնկալիքներ: Եթե ուշադրության առնենք, որ ներկայումս ոչ միայն ԱՄՆ-ը, այլև Եվրոպայի առաջատար պետությունները տարբեր պատճառաբանություններով ու տարբեր արագությամբ, բայց, համենայն դեպս, ակտիվորեն իրականացնում են Թուրքիայի արտքաղաքական հավակնությունների ու նվաճողամտության զսպման քաղաքականություն, ապա պետք է ենթադրել, որ ցանկացած աշխարհաքաղաքական նախագիծ, հատկապես Սև ծովին առնչվող, կապված կլինի այդ խնդրի հետ: Բալթյան-սևծովյան և Սև ծով-կովկասյան տարածաշրջաններում նախատեսվող բաժանարար գծերը, այսպես թե այնպես, կապված են ոչ միայն Ռուսաստանի, այլև Թուրքիայի զսպման հետ: ՈՒստի, այդ նախագծի շրջանակներում Հայաստանի դերը ժամանակի ընթացքում անշեղորեն կդառնա աշխարհաքաղաքական: Ավելին, հենց Հայաստանը կարող է դառնալ այն երկիրը, որտեղ կկենտրոնանան Եվրոպայի և Ռուսաստանի շահերը Թուրքիայի զսպման առումով, չնայած Ռուսաստանը ջանում է ցուցադրել իր սերտ գործընկերային հարաբերությունները Թուրքիայի հետ: Լեհ քաղգործիչները որքան ասես դիվանագիտական հայտարարություններ կարող են անել, թե ցանկալի է Թուրքիայի անդամակցությունը Եվրամիությանը, սակայն միանգամայն պարզ է, որ Լեհաստանը չի կարող սահմանազատվել եվրոպական պետությունների ճնշող մեծամասնության դիրքորոշումից և ոչ մի հիմք չունի նպաստելու, որպեսզի Անկարան իրականացնի իր եվրոպական նախագիծը: Պետք չէ մոռանալ, որ միջնադարում հայ ժողովրդի մի զգալի համայնք բնակություն է հաստատել Ռեչ Պոսպոլիտայում և ներմիավորվել է լեհական հանրությանն ու քաղաքականությանը: Անհնար է ժխտել, որ տասնյակ, գուցե հարյուր հազարավոր լեհեր ունեն հայկական ծագում: Ինչպե՞ս կարելի է այս գործոնը դուրս նետել Լեհաստանի հետ Հայաստանի հարաբերություններից: Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ, Իրատես դե ֆակտո
Wednesday, May 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment