Saturday, May 5, 2012

Մաշտոցի պուրակի ակտիվիստները Երևանի քաղաքապետին նվիրեցին ՀՀ Սահմանադրությունը

Մաշտոցի այգու պահպանության համար պայքարող ակտիվիստներն այսօր կազմակերպված քայլերթով
այցելեցին քաղաքապետարան և քաղաքապետարանի ներկայացուցիչներին հանձնեցին քաղաքապետ Տարոն Մարգարյանի համար պատրաստած նվերը՝ ՀՀ Սահմանադրությունը։ Քայլերթն ուղեկցվում էր նվագակցությամբ, իսկ Սահմանադրությունն ակտիվիստները դրել էին գեղեցիկ փաթեթավորված ծրարում։ Ակտիվիստներն ասացին, որ ցանկություն ունեն նմանատիպ նվեր հանձնելու նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին։ «Երբ նրանք հանդիպեցին այգում (Տարոն Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը - խմբ.), Սերժ Սարգսյանն ասաց, որ այս բուծիկներն այնքան էլ դուր չի գալիս իրեն, մի կողմ դնելով օրինականության հարցը, ինչի համար մենք 80 օրը պայքարում էինք»,- մինչ քայլերթի սկիզբը Tert.am-ի հետ զրույցում ասաց բնապահպաններից մեկը՝ Արփինե Գալֆայանը: Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Տարոն Մարգարյանի հետ այցելելով Մաշտոցի այգի, քաղաքապետին առաջարկեց ապամոնտաժել կրպակները, համարելով, որ դրանք այդքան էլ «գեղեցիկ» չեն: Ակտիվիստ Արփինե Գալֆայանը նաև հիշեցրեց, որ իրենց պահանջը օրինականության վերականգնում էր և ոչ թե հակասահմանադրական քայլերով անօրինական ճանապարհ ընտրելը: «Դրա համար ՀՀ Սահմանադրությունը նվիրում ենք՝ որպես նվեր Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիներից, մասնավորապես, նշում ենք Սահմանադրության 7-րդ գլուխը, որը վերաբերում է տեղական ինքնակառավարմանը և որտեղ հստակ ասվում է, որ տեղական մարմինը որևէ ձևով կախված չէ նախագահից և չպետք է լսի նախագահի ցուցումները, առավել ևս չընդունի՝ նրա ճաշակին համապատասխանող որոշումներ»,- ասաց ակտիվիստը: Նվերը հանձնելուց հետո, ակտիվիստներից Գոռ Հակոբյանը տեղեկացրեց, որ 10 բնապահպաններ, այդ թվում և ինքը, այսօր գնացել են դատափորձաքննության՝ ապրիլի 29-ին Մաշտոցի այգում Ոստիկանության հետ ունեցած բախումի հետևանքով ստացած վնասվածքների ուսումնասիրման նպատակով: «Մենք հայտարարել ենք, որ պահանջատեր ենք լինելու, որպեսզի այն ոստիկանները, ովքեր բռնություն են գործադրել, մասնավորապես, հրաման տվողները՝ Երևանի փոխոստիկանապետեր՝ Ռոբերտ Մելքոնյանն ու Կարեն Մովսիսյանը, նրանք պատասխանատվության են ենթարկվելու իրենց գործունեության համար, որովհետև որևէ ոստիկան իրավունք չունի խաղաղ ցուցարարի նկատմամբ բռնություն կիրառել»,-ասաց Գոռ Հակոբյանը: Ակտիվիստը հիշեցրեց իրենց պահանջները՝ դադարեցնել շինարարությունը, ապամոնտաժել կրպակները, բարեկարգել այգին, պատասխանատվության ենթարկել անօրինական որոշում ընդունողներին, պատասխանատվության կանչել նաև Ոստիկանության կողմից ուժ կիրառած անձանց: «Մեր պահանջներից դեռևս չիրականացված են մնում՝ պատասխանատվության ենթարկել անօրինական որոշում ընդունողներին, հանրային տարածքներում տեղադրված ապօրինի բուծիկները հանել ու պատասխանատվության կանչել նաև ոստիկանության կողմից ուժ կիրառած անձանց»,- ընդգծեց Գոռ Հակոբյանը: Բնապահպան ակտիվիստները քաղաքապետարանի շենքի պատերից մեկին փակցրեցին ցուցապաստառ, որտեղ գրված էր՝ «Գեղեցիկ չէ, ապամոնտաժե՛ք»: Նվերը Երևանի քաղաքապետին հանձնելուց հետո, ակտիվիստները նոր ակցիա կազմակերպեցին Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջև: Այս կերպ նրանք իրենց համերաշխությունը հայտնեցին ռուս բնապահպաններին, ովքեր բողոքում են ՌԴ-ում ավտոճանապարհներ կառուցելու նպատակով անտառահատումների դեմ:

No comments: