Wednesday, May 23, 2012

Մել Գիբսոնն ու հայկական կոալիցիան

«Լրագիր» 22-5-2012- Հայաստանի խորհրդարանի ընտրության վերջին օրը Սերժ Սարգսյանն արեց մի հայտարարություն, որը դուրս մնաց հանրային ուշադրությունից, բայց թերեւս կարող է բավական ուշագրավ լինել շատերի համար: Կենտրոն համայնքի ընտրողների հետ Մոսկվա կինոթատրոնի դահլիճում կազմակերպված հանդիպմանը Սարգսյանը հայտարարեց մի կինեմատոգրաֆիական նախաձեռնության մասին, որում ներգրավվելու է հոլիվուդյան հանրահայտ դեմքերից մեկը: Այդ հայտարարությունը դուրս մնաց ուշադրությունից թե նախընտրական վերջին օրվան հաջորդող Լռության օրվա, թե նաեւ վերջին նախընտրական օրը սեւացրած հրապարակային պայթյունի հետեւանքով, որը դարձավ տասնյակ անձանց այրվածքների պատճառ: Իսկ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, թե դիմել է մի հայտնի սփյուռքահայ մեծահարուստի, որ նա հայերի մասին մի ֆիլմ հովանավորի, որը կնկարահանվի աշխարհում հայտնի որեւէ ռեժիսորի մասնակցությամբ: Սերժ Սարգսյանը տվեց նաեւ ռեժիսորի անունը: Նա հայտարարեց, որ ֆիլմի նկարահանման հարցերի վերաբերյալ պայմանավորվելու նպատակով առաջիկա ամիսներին Երեւան կգա հոլիվուդյան հայտնի դերասան եւ ռեժիսոր Մել Գիբսոնը: Սերժ Սարգսյանն ասել էր նաեւ, որ նրան առաջարկում են ֆիլմ նկարահանել Ավարայրի ճակատամարտի մասին: Ըստ Սերժ Սարգսյանի, պատվիրում են ֆիլմ ճակատամարտի, այլ ոչ թե ասենք ցեղասպանության մասին, որովհետեւ ուզում են, որ հայերը աշխարհին ներկայանան հերոսականության, ոչ թե ողբերգականության “ֆոնին”: Հետաքրքիր է, ինչ ժանրի մեջ կլինի Ավարայրի ճակատամարտի մասին ֆիլմը: Այն կլինի բարոյական հաղթանակի մասին հոգեբանական դրա՞մա, թե ասենք հերոսական թրիլլեր, որտեղ հայերը ոչ միայն բարոյական հաղթանակ կտանեն, այլ նաեւ կջախջախեն հակառակորդին:Միայն թե հակառակորդի վերաբերյալ մի քանի հարցեր կարող են առաջանալ: Մասնավորապես, ինչ ասել Գիբսոնին՝ հակառակորդի ընտրության հարցում շեշտը դրվի փղերի՞, թե պարսիկների վրա: Բանն այն է, որ եթե շեշտը դրվի փղերի վրա, ապա ֆիլմի դեմ հուժկու բողոքի ալիք կբարձրացնեն կենդանիների պաշտպանության միջազգային կազմակերպությունները եւ հայությանը կմեղադրեն կենդանիների դեմ ագրեսիա քարոզելու համար: Թեեւ, մյուս կողմից, դա կարող է հիանալի հակագովազդ լինել ֆիլմի համար, քանի որ միջազգային սկանդալ հարուցած աշխատանքը կարող է ավելի մեծ շահութաբերություն ապահովել հեղինակների եւ պատվիրատուների համար: Իսկ եթե հակառակորդ ընտրվեն պարսիկները, դա կարող է միարժեք չընդունվել հարեւան Իրանում, որի հետ հարաբերությունը Հայաստանի համար բավական կարեւոր է տնտեսա-քաղաքական եւ ռազմա-քաղաքական տեսանկյուններից: Թեեւ, հնարավոր է, որ Հայաստանի իշխանությունն իր պատվերի մեջ հաշվարկել է աշխարհաքաղաքական հնարավոր զարգացումները եւ մտածել, որ իրանական վարչակարգը միեւնույն է փոխվելու է եւ նա չի հասցնի բողոքել ֆիլմի դեմ, կամ դժգոհել պատվիրատուներից, երբ Իրանում արդեն նոր, արեւմտյան արժեքների կրող, ավելի ազատ մտածող եւ հանդուրժող վարչակարգ կհաստատվի: Հայաստանի իշխանության պատվերի մեջ կա նաեւ մեկ այլ ուշագրավ հանգամանք: Բանն այն է, որ վերջին շրջանում Ավարայրի թեման արդիական էր, եւ թերեւս մինչեւ այժմ էլ արդիական է նաեւ Հայաստանի ներքաղաքական զարգացումների առումով, մասնավորապես ՀՀԿ եւ ԲՀԿ փոխհարաբերության: Մասնավորապես, տարբեր փորձագիտական շրջանակներ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին խորհուրդ էին տալիս, որ նա այսպես ասած Վարդան Մամիկոնյանի նման վարվի եւ առերես մի բան ասի, իրականում վարվելով այլ կերպ: Այսինքն, առերես հավատարիմ մնալ Սերժ Սարգսյանին, ինչպես Մամիկոնյանն արեց Տիզբոնում Հազկերտի առաջ, իսկ իրականում ընդդիմադիր լինի նրան եւ փորձի թուլացնել նրա իշխանությունն ու վերցնել այն, ինչպես Վարդանն արեց Տիզբոնից վերադառնալով եւ Ավարայրում հայկական զորքը գլխավորելով: Ըստ երեւույթին, պատահական էլ չէր, որ Սերժ Սարգսյանը Ավարայրի մասին Գիբսոնին ֆիլմ պատվիրելու համար հայտարարեց նախընտրական արշավի վերջին օրը՝ մայիսի 4-ին, երբ կուլմինացիային էր մոտենում ՀՀԿ-ԲՀԿ նախընտրական հակամարտությունը եւ ամեն ինչ վճռվելու էր մայիսի 6-ի քվեարկությամբ: Ըստ ամենայնի Սերժ Սարգսյանը դրանով փորձում էր հասկացնել ԲՀԿ առաջնորդին, որ Ավարայրն իր համար վաղուց պատվիրված կինո է եւ եթե ոմանք ուզում են Ավարայրի ճանապարհը անցնել ցերեկով, ապա ինքն այդ ճանապարհը գիշերով է անցել: Հետաքրքիր է, արդյոք Ավարայրի պատվերն ուժի մեջ կմնա նաեւ հնարավոր կոալիցիայի ձեւավորումից հետո, թե Գիբսոնին կառաջարկվի ասենք “Ախթամարը” նկարել: ԵՂԻՇԵ ՄԵԾԱՐԵՆՑ

No comments: