Wednesday, May 2, 2012

Պատասխանատու է քաղաքապետարանը

«Լրագիր» 1-5-2012- Մաշտոցի պուրակ. քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երևանի հանրությանը Մաշտոցի պուրակի ապօրինի կրպակների պատասխանատուն Երևանի քաղաքապետն է. քաղաքային իշխանությունը պետք է ենթարկվի Երևանի հանրությանը Կապված այսօր նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ այցելության և նրա կողմից Երևանի քաղաքապետին տրված ապամոնտաժման մասին ցուցումների հետ` Մաշտոցի պուրակը պաշտպանող ՀՀ քաղաքացիները հայտարարում են. - Մաշտոցի պուրակում ապօրինի կրպակների ապամոնտաժումը և տեղի ունեցած ապօրինությունների վերացումը գտնվում է բացառապես Երևանի քաղաքապետարանի և իրավապահ մարմինների լիազորությունների շրջանակում՝ ըստ ՀՀ Սահմանադրության, - արդեն շուրջ 80 օր է, ինչ Երևանի քաղաքապետարանը և քաղաքապետը բացահայտ անգործություն են ցուցաբերում Մաշտոցի պուրակի ապօրինաբար կառուցապատվող հանրային տարածքը երևանցիներին և ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու գործում, - Երևանի քաղաքապետը պարտավոր է ենթարկվել երևանցիների կամքին և ոչ թե մեկ անձի էսթետիկ նախասիրություններին և դիրքորոշումներին՝ անկախ այդ մարդու ով լինելուց և նրա զբաղեցրած պաշտոնից. նման հարցերը կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ և ժողովրդի գերակա շահով: Ոստիկանության գործողությունների նկատմամբ գնահատականները պետք է բխեն ՀՀ Սահմանադրությունից, հանրային սեփականության պաշտպանությունից, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանությունից: Պետք է դատապարտել ոստիկանության բռնության և ոչ իրավաչափ գործողության որևէ դրսևորում, այլ ոչ թե շնորհակալություն հայտնել և համարել դա ձեռքբերում: Սերժ Սարգսյանը ոչ մի կերպ չի անդրադարձելՀՀ քաղաքացիների իրավունքներին և ժողովրդի գերակա շահերի պաշտպանությանը, որոնք ըստ ՀՀ Սահմանադրության Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության հիմքն են և պետական պաշտոնյաների (նախագահ, քաղաքապետ և այլն) լեգիտիմության աղբյուրը: Ելնելով այս ամենից` պահանջում ենք. Երևանի քաղաքապետարանից` • անհպաղ պաշտոնապես չեղյալ համարել Մաշտոցի պուրակում ապօրինի կառուցապատման մասին որոշումներն ու վերադարձնել պուրակը հանրությանը` ապամոնտաժելով բոլոր ապօրինի կառույցները, • կատարել բարեկարգում` հաշվի առնելով լայն հանրության կարծիքը և իրական մասնակցությունը որոշումների կայացմանը: ՀՀ պատկան մարմիններից` գտնել և պատասխանատվության ենթարկել ապօրինի որոշումների բոլոր պատասխանատուներին, վերականգնել համայնքին հասցված նյութական վնասը և պատասխանատվության ենթարկել ՀՀ քաղաքացիների օրինական շահերը ոտնահարած պաշտոնյաներին և այդ ապօրինությունների արդյունքում քաղաքացիների նկատմամբ բռնություն կիրառած ոստիկաններին: Մենք շարունակելու ենք մեր քաղաքացիական եւ օրինական պայքարը՝ հանուն մեր սահմանադրական իրավունքների նվաճման եւ կենսագործման, մեր հանրային սեփականության, ազգային հարստության եւ ժողովրդի գերակա շահերի պաշտպանության: Մենք ենք այս քաղաքի տերը քաղաքացիական նախաձեռնություն Մեր քաղաքը հանրային-քաղաքացիական նախաձեռնություն Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնություն Թռչկան քաղաքացիական նախաձեռնություն Մաշտոցի պուրակի ինքնորոշված քաղաքացիներ

No comments: