News.am. 2-5-2012- Բրիտանական «The Guardian» պարբերականը հոդված է նվիրել «պատվի» սպանություններին եւ մասնավորապես անդրադարձել է ստամբուլահայ Գյոնայ Օղմենի կողմից քրոջն ու թուրք փեսային սպանելու դեպքին: «2010-ի դեկտեմբերին նա իր ավտոմեքենայում սպանել էր երիտասարդներին, պատճառը «պատիվն էր»,- գրում է «The Guardian»-ը: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը, Թուրքիայում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել ստամբուլահայ Գյոնայ Օղմենին, ով 2010-ի դեկտեմբերի 12-ի երեկոյան սպանել էր 10 օր առաջ ամուսնացած քրոջն ու թուրք փեսային։ Գյոնայ Օղմենի փաստաբանը հայտարարել էր, թե սպանությունը կանխամտածված չի եղել եւ պահի տակ է իրագործվել։ Փաստաբանը նշել է, թե սպանվածը խիստ հայհոյանքեր է տեղացել իր պաշտպանյալի պատվի եւ կրոնի հանդեպ, ինչից բորբոքված իր պաշտպանյալն իրականացրել է սպանությունը։ Նշենք, որ դեկտեմբերի 12-ի երեկոյան Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է 10 օր առաջ ամուսնացած հայազգի Սոնեյի եւ մահմեդական Զեքերիայի դիակները։ Աղջկա եղբայրը ներկայացել է ոստիկանություն՝ հայտարարելով, որ ինքն է սպանել իր քրոջն ու փեսային։ «Մեր ընտանիքը կրոնական անհամատեղելիության պատճառով դեմ էր նրանց ամուսնությանը։ Մենք առաջարկել ենք, որ Զեքերիան քրիստոնեություն ընդունի եւ հարսանիքը եկեղեցում իրականացնենք։ Այդ օրը սրճարանում հանդիպել եմ քրոջս եւ նրա ամուսնու՝ Զեքերիայի հետ եւ զրուցել հարսանիքի հետ կապված։ Սակայն խոսակցությունը հարթ չի ընթացել, եւ ես առաջարկել եմ դուրս գալ եւ ավելի հանգիստ տեղ զրուցել։ Մենք մեքենայում շարունակել ենք խոսակցությունը։ Ես Զեքերիային հասկացրեցի, որ մեր ավանդույթները, նամուսը թույլ չեն տալիս առանց եկեղեցու ամուսնացնել, իսկ նա վիրավորեց եւ հայհոյեց թե ինձ, թե մեր նամուսն ու ավանդույթները։ Ես չդիմացա վիրավորանքին եւ ատրճանակով սպանեցի Զեքերիային։ Այդ պահին քույրս վախից կարկամել էր, ում ուղղությամբ եւս կրակ արձակեցի եւ հեռացա մեքենայից»,-ոստիկանությունում պատմել է աղջկա եղբայրը։ Ըստ «The Guardian»-ի, «պատվի» պատճառով բռնությունները տագնապալի արագությամբ են տարածվում: Խնդիրը միայն Թուրքիային եւ Մերձավոր Արեւելքին բնորոշ չէ, նման դեպքեր կատարվում են նաեւ Մեծ Բրիտանիայի սրտում: «Առավել եւս, որ «պատվի հանցագործություն» հասկացությունը շատ մշուշոտ ու մոլորեցնող է: Քանի որ ճշմարտությունն այն է, որ առանց ազատության չկա երջանկություն, եւ չկա «պատիվ» սպանության մեջ»,-գրում է բրիտանական պարբերականը:
Wednesday, May 2, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment