Sunday, May 27, 2012

ԱՄՆ պետդեպարտամենտի տարեկան զեկույցը որեւէ կերպ չի կանխորոշում ԼՂ բանակցությունների արդյունքը. ԱՄՆ դեսպանատուն

News.am. 26-5-2012- Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում հաղորդագրություն է տեղադրել, որտեղ անդրադառնում է ԱՄՆ պետքարտուղարության 2011 թ-ի Մարդու իրավունքների զեկույցում Լեռնային Ղարաբաղի խնդրին առնչվող հատվածին: Հաղորդագրությունում, մասնավորապես, ասվում է. «Լեռնային Ղարաբաղի մասին 2011 թ-ի Մարդու իրավունքների զեկույցում ներկայացված շարադրանքը բխում է բոլոր երկրների վերաբերյալ զեկույցի պատրաստման մեր ուղենիշներից: Այն որեւէ կերպ չի կանխորոշում ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Լեռնային Ղարաբաղի բանակցային գործընթացի արդյունքը: Մենք շարունակում ենք պաշտպանել ուժի կիրառման կամ ուժի կիրառման սպառնալիքի բացառման, տարածքային ամբողջականության, հավասար իրավունքների եւ ազգերի ինքնորոշման Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքները` որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության ցանկացած լուծման հիմնարար տարրեր»: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ԱՄՆ պետքարտուղարության ամենամյա զեկույցում, Հայաստանին եւ Ադրբեջանին վերաբերող հատվածում նշվում է. «Էթնիկ հայ անջատողականները, Հայաստանի աջակցությամբ շարունակում են վերահսկել երկրի Լեղնային Ղարաբաղի տարածաշրջանի մեծ մասը եւ հարակից 7 ադրբեջանական տարածքները»: Այս կապակցությամբ, ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն այդ զեկույցով վիժեցնում է ԼՂ խնդիրը բանակցությունների ճանապարհով կարգավորելու հեռանկարները: ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարել էր. «Այդ կարճ նախադասությամբ, որտեղ զարմանալիորեն շատ փաստական սխալներ եւ կանխակալության կան, Պետքարտուղարությունը կարող է ժողովրդավարության եւ ինքնորոշման գործը հետ տանել կես դարով կամ ավելի: Այդ ստանդարտով շարժվելու դեպքում, վերջին 50 տարում ՄԱԿ-ին անդամակցած 80 երկրներից շատ քչերին թույլ կտրվեր դառնալ ազատ ազգերի միավորման անդամ»:

No comments: