Thursday, May 24, 2012

Սլովակիան օրինագիծն ընդունեց, բայց մամուլն ուշադրություն չդարձրեց

Aysor.am. 23-5-2012- Այսօր ասուլիսի ժամանակ Եվրոպայի հայկական միությունների ֆորումի նախագահ Աշոտ Գրիգորյանը, խոսելով Սլովակիայում Հայոց ցեղասպանության մերժման քրեական օրենքի ընդունման մասին, նշեց, որ թեև Սլովակիան բարեհաջող ընդունեց օրինագիծը, սակայն հայկական մամուլը դրա մասին քիչ խոսեց և ուշադրություն չդարձրեց: Ապա նշեց, որ համաձայն օրինագծի, Սլովակիայի տարածքում ցանկացած ոք, ով կհերքի Ցեղասպանության փաստը, կազատազրկվի, իսկ Սլովակիայից դուրս՝ ցանկացած սլովակ, եթե հերքի, հինգ տարի կազատազրկվի: «Ադրբեջանում և Հայաստանում Սլովակիայի դեսպանը ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ նման օրենք չի ընդունվել և երբևէ չի էլ ընդունվի: Մենք նամակով դիմեցինք նրան` պարզաբանում ստանալու համար, սակայն մնացինք անպատասխան: Հետո ստացա այն պատասխանը, թե ԱԳ նախարարը դեմ է, որ մենք բարձրաձայնենք Սլովակիայում ընդունված օրենքի մասին»,- ասաց Ա. Գրիգորյանը, հավելելով, որ իրենք աշխատում են նաև այն ուղղությամբ, որ Սլովակիայի օրենքը բարձրաձայնվի, սակայն, ըստ նրա, հրահանգված է դեսպաններին, որ ոչ մի բան չասեն այդ կապակցությամբ: «Եթե հիշում եք, Ֆրանսիայի Սենատում Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի քննարկման սկզբում Սենատի նախագահը հիշեցրեց, որ նման օրենք արդեն Սլովակիան ընդունել է: Ես հիմա արդեն կոկորդով պետք է բողոքեմ, որ ձեռք ձեռքի տված պայաքարելու փոխարեն խնդրում ենք, որ եթե չեք օգնում, մի խանգարեք, իսկ եթե խանգարում եք, ամոթ ձեզ, ինչպե՞ս կարող եք խանգարել: Մենք շուտով կներկայացնենք այն ծրագիրը, որը պետք է իրականացնենք, որպեսզի մինչև 1915թ. ընդունեն Ցեղասպանության փաստը: Մենք առաջարկելու ենք օգտվել Սկովակիայի փորձից և նման օրենք սահմանել: Եթե օրենք ընդունեն, ապա թուրքերն այլևս իրենց տարածքում դեմ չեն խոսի Ցեղասպանությանը»,- ասաց Ա. Գրիգորյանը:

No comments: