Thursday, May 24, 2012

Ֆեթհիյե Չեթինը թուրք նախարարին հրավիրել է Հաբափի աղբյուրներից ջուր խմելու և առերեսվելու

Tert.am. 23-5-2012- Հրանտ Դինքի փաստաբան Ֆեթհիյե Չեթինը A haber հեռուստաընկերության եթերում պատմել է իր հայազգի տատիկի գյուղի` Հաբափի վերակառուցված աղբյուրների մասին և Թուրքիայի ներքին գործերի նախարար Իդրիս Նաիմ Շահինին հրավիրել դրանցից «մի թաս ջուր խմելու»: Հաբափի աղբյուրները հայկական ճարտարապետության լավագույն նմուշներից են` բազմակն, բազմակամար: Սակայն դրանք անմխիթար վիճակում են եղել և Ֆեթհիյեն որոշել է վերանորոգել դրանք: «Եթե Հրանտ Դինքը կենդանի լիներ, այդ աղբյուրների վերակառուցման համար շատ կուրախանար: Այդ նախագիծը նրան շատ էր հուզում: Եթե Հրանտը կենդանի լիներ, վստահ եմ, որ գյուղ առաջին մեկնողը կլիներ»,- ասել է Չեթինը: Կիրակի օրը Էլազիգ նահանգի Հաբափ գյուղում աղբյուրների բացման առիթով տոնակատարություն է տեղի ունեցել, ինչին Չեթինը հրավիրել է նաև Թուրքիայի ներքին գործերի նախարարին: «Եթե նախարարը գոնե գար և մի բաժակ ջուր խմեր, ներողություն խնդրած կլիներ մինչև հիմա ասածների և արածների համար»,- ասել է Ֆեթհիյե Չեթինը: Լրագրողի հարցին, թե եթե Օգյուն Սամասթը ցանկանա այդ աղբյուրից ջուր խմել, ինչպե՞ս կարձագանքի, Ֆեթհիյե Չեթինը պատասխանել է.«Բոլորը, յուրաքանչյուր ոք պետք է խմի այդ աղբյուրների ջրից: Այդ ժամանակ վստահ եմ, որ բոլորիս վերքերը կլավանան: Մահացածների հոգիների համար մեկ թաս ջուր խմել ցանկացող ամեն ոք կարող է գալ այնտեղ»: Չեթինն ասել է, թե կցանկանար, որ պետական ծառայողներն էլ գային աղբյուրի մոտ` առերեսվելու. «Երանի գան և ասեն, որ իրենք Դինքին պաշտպանել չեն կարողացել, իրենց պարտականությունները չեն կատարել և ներողություն խնդրեն: Երանի գան…»: Անդրադառնալով աղբյուրների վերակառուցման ընթացքին, Չեթինն նշել է, որ ողջ ընթացքում իրենց վրա ճնշումներ են եղել: «Նախ երկու ճարտարապետների հետ գյուղ գնացինք: Բացի մեկ-երկու ընտանիքներից բոլորը մեզ դեմ էին: Մտահոգված էին, որ մենք եկել ենք մեր ունեցվածքը տանելու: Մտածում էին, որ եկել ենք իրենց չգտած գանձերը տանելու: Մեզ լավ ընդունած գյուղացիներին ճնշում էին: Երբ մենք հեռացել էինք այնտեղից, փորել էին աղբյուրի հիմքն ու գանձ որոնել: Դա մեզ շատ խանգարեց»: Սակայն հետո ամեն ինչ փոխվել է: Գյուղացիները սկսել են օգնության ձեռք մեկնել, սկսել են հսկել, որ գանձեր որոնողները չվնասեն աղբյուրը: Աղբյուրի վերանորոգման ընթացքում Հայաստանից, Ֆրանսիայից հյուրեր եկան: Հայ, թուրք, քուրդ երիտասարդները միասին աշխատել են` աղբյուրների վերակառուցման համար: «Մեծ մայրս» գրքի հեղինակ Ֆեթհիյե Չեթինը, խոսելով Հրանտ Դինքի սպանության մասին, ասել է, որ դա համակարգի սխալի արդյունք է: «Թե իմ, թե Հրանտ Դինքի գիրքը շատ դատավորներ են կարդացել, դա գիտեմ: Սակայն քանի դեռ համակարգն այսպիսին է, դա ոչինչ փոխել չի կարող»,- ասել է նա:

No comments: