Saturday, May 19, 2012

Այսօր Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցն է.Հայաստանը պարտավոր է ճանաչել.

Zham.am. 19-5-2012- Այսօր հույները նշում են Օսմանյան կայսրության կողմից Պոնտոսի հույների ցեղասպանության տարելիցն ու հարգում անմեղ զոհերի հիշատակը: 1916-1923 թթ. ցեղասպանության արդյունքում բնաջնջել են 353.000 հույների:Օսմանյան Թուրքիայում հույների հանդեպ բռնությունների առաջին ալիքը թափ առավ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուն պես` հայերի և ասորիների ցեղասպանության հետ միաժամանակ: 1916թ-ին սկսվեց հույների զանգվածային բռնագաղթն ու սպանությունները: Թուրքական իշխանությունները չէին էլ թաքցնում, որ հույների բնաջնջումը Հայոց ցեղասպանության նույն սցենարով է ընթանում: 1919-1922թթ.-ների ընթացքում` հունա-թուրքական պատերազմի ժամանակ, պոնտոսցի հույների ցեղասպանությունն իրականացվում էր արդեն Թուրքական Հանրապետության կառավարության կողմից. "Պոնտոսը բյուզանդական կայսրության վերջին տարածքն էր, որն ընկավ Օսմանների ձեռքը: 20-րդ դարասկզբին Պոնտոսում ապրում էր 700 հազար հույն, նրանցից 353 հազարը կոտորվեց մինչեւ 1923 թվականը: Ամբողջությամբ ոչնչացվեցին մինչ այդ գործող 1134 եկեղեցի եւ 960 դպրոց: Փրկվածները ապաստան գտան Հունաստանում եւ այլ պետություններում, այդ թվում` Հայաստանում: Մի երկիր, որը նույնպես վերապրել է նույն ողբերգությունը",- պատմել է ՀՀ-ում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Իոաննիս Կորինթիոսը։ Սա արձանագրվել է պատմության մեջ իբրև քսաներորդ դարի երկրորդ եղեռն Հայոց ցեղասպանությունից հետո: Վերջերս Հայաստանի խորհդարանում օրակարգ էր մտցվել «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների եւ այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» օրինագիծը: Սակայն քննարկման արդյունքում այն չընդունվեց լրամշակելու ու ճշգրտելու պատճառաբանությամբ: Հուսով ենք շուտով ՀՀ խորհրդարանը կրկին կանդրադառնա այս հարցին ու, ի վերջո, օրինագիծը կընդունվի ինչքան հնարավոր է սեղմ ժամկետներում, քանի որ անարդարացի է չընդունել նույն բախտին արժանացած ժողովուրդների ողբերգությունն ու այն պաշտոնապես չամրագրել`անտեսելով նաև մեր երկրում ապրող հույն ու ասորի փոքրամասնությունների իրավունքներն ու ցավը:

No comments: