
1in.am. 28-5-2012- «Փակ շուկա»-ի վանդալիզմը տեղի ունեցավ ընտրություններից հետո, երբ այլևս պոպուլիզմ խաղալու կարիք չկա: Այսօր նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանն` անդրադառնալով երեկ Երևանի կենտրոնում տեղակայված պատմամշակութային հուշարձան «Փակ շուկայի» կամարաձև տանիքի քանդմանը:
Ստեփան Սաֆարյանը նշեց, որ իր պատկերացմամբ՝ նախարարներից որևէ մեկը կամ քաղաքապետը, ով «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում օպերատիվ կերպով տեղադրում է իր նկարները, պետք է արձագանքեին տեղի ունեցածին և պարզաբանումներ տային կամ դատապարտեին տեղի ունեցածը: Բայց, ըստ նրա, ինչպես նկատելի է, նման բան չի կատարվում: «Այն փաստը, որ մինչև այս պահը շենքի տարածքում փակցված չէ շուկայի վերակառուցման կամ կառուցապատման հետ կապված որևէ ցուցանակ, որը հանրությանը հնարավորություն կտա իմանալ, թե ինչ տեսք է ունենալու այս շենքը նմանատիպ միջամտություններից հետո, վկայում է այն մասին, որ դեռևս թույլտվությունները չկան: Բնականաբար, շատերը հիշում են, որ հարցը մի քանի անգամ բարձրացվեց Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում՝ ԱԺ-ում, և այն ժամանակ պաշտոնական գրություններով պարզ դարձավ, որ շինարարական թույլտվություններ չկան, հայտարարվեց, որ շինարարությունը դադարեցվել է, և կառուցապատողի հետ նախարարությունը քննարկելու է այն նախագիծը, որով հնարավոր կլինի նման ճարտարապետական նշանակություն ունեցող կոթողները ենթարկել որևէ ձևափոխության»,- հիշեցրեց Ստեփան Սաֆարյանը` հավելելով, որ ակնհայտորեն հայտարարությունները եղել են սուտ, և որևէ պայման չի պահպանվել: Նրա խոսքերով` եզրակացությունը մեկն է. այս վանդալիզմը տեղի է ունենում ընտրություններից հետո, երբ այլևս պոպուլիզմ խաղալու կարիքը չկա, կատարվում է այն ժամանակ, երբ կառավարությունը լուծարման փուլում է, և անտերություն է, որևէ գերատեսչություն պարզապես չի կարող կատարել իր պարտականությունները և չի իրականացնում պատշաճ վերահսկողություն: Հիշեցնենք, որ երեկ երեկոյան համացանցում տեղեկություններ տարածվեցին, որ Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» կամարաձև տանիքը կառուցապատողները քանդում են: Այս փաստով այսօր Ստեփան Սաֆարյանը շուրջ 60 քաղաքացիների ստորագրությամբ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց Ոստիկանություն:
No comments:
Post a Comment