News.am. 18-5-2012- Իրանի համար վտանգավոր են ոչ այնքան ռազմական սպառնալիքները, որքան` տնտեսական պատժամիջոցները: Այսօր` մայիսի 18-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք է հայտնել իրանագետ Արմեն Իսրայելյանը: «Պատժամիջոցներն ավելի մեծ վնաս կտան Իրանի ժողովրդին, քան ռազմական ուժ կիրառելու սպառնալիքները: Երկրում արդեն 2 անգամ թանկացել են ապրանքները, սպասվում է նավթի եւ գազի թանկացում, ինչը կհանգեցնի իշխանությունների նկատմամբ դժգոհության: ԱՄՆ-ի համար նման ուղին ավելի շահավետ է, քան ռազմականը»,-ասել է նա: Իրանագետը հիշեցրել է, որ Իրանի կառավարության եւ խորհրդարանի միջեւ տարաձայնությունները պահպանվում են, որոնք հիմնականում տնտեսական են, մասնավոապես բենզինի եւ սննդի որոշ տեսակների սուբսիդավորման համակարգի ներդրման վերաբերյալ: Հիշեցնենք, որ մայիսի սկզբին Իրանի խորհրդարանը` խոսնակ Ալի Լարիջանիի գլխավորությամբ. մեղադրել էր կառավարությանը երկրի ներսում բենզինի գինը բարձրացնելու փորձերի համար: Այդուհանդերձ, ըստ Իսրայելյանի, իմաստ չունի կենտրոնանալ այդ տարաձայնությունների վրա, քանի որ վերջին ընտրություններում իսլամիստները խորհրդարանում կայուն մեծամասնություն են ապահովել: Մեկ այլ իրանագետ Ռուդիկ Յարալյանն էլ հավելել է, որ պետք է չէ շեշտադրել նաեւ Իրանին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ այաթոլլա Համենեիի միջեւ տարաձայնությունները: «Կրոնաքաղաքական իմաստով լուրջ տարաձայնություններ չկան, որոնք կարող են հանգեցնել հեղաշրջման»,-ընդգծել է նա: «Մյուս կողմից չեմ կարծում, որ Արեւմուտքը որեւէ կերպ փոխել է իր դիրքորոշումն Իրանի նկատմամբ: Հայտարարություններն Իրանի նկատմամբ հեռու են մեղմ լինելուց: Արեւմտյան ուժերի քաղաքականությունը կառավարելի քաոս ստեղծելն է, սակայն չեմ կարծում, որ դա կհանգեցնի աշխարհաքաղաքական շարժի կամ Իրանի դեմ ռազմական գործողությունների»,-հավելել է նա: Փորձագետները կարծում են, որ Իրանի դեմ ռազմական ագրեսիայի դեպքում Հայաստանի տնտեսությունը լուրջ հարված չի ստանա, քանի որ գործողությունները տեղի կունենան Իրանի հարավում, սակայն անուղղակի ազդեցություն կլինի` Իրանից փախստականների Հայաստան հոսքի տեսքով:
Saturday, May 19, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment