Thursday, May 24, 2012

Ծառուկյանը պահանջում է Տիգրան Սարգսյանի՞ն

Իշխող կոալիցիայի ձեւավորման վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություններում, որ հրապարակվում են հայկական մամուլում, նշվում է այն մասին, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը կոալիցիայի շուրջ բանակցությանը դնում է վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը: ԲՀԿ այդ պահանջը հասկանալի է ու բնական: Այստեղ ոչ միայն, եւ գուցե ոչ այնքան Տիգրան Սարգսյանի գործունեության արդյունավետության հարցն է, որքան ԲՀԿ-ի այսպես ասած արժանապատվության: Բանն այն է, որ Բարգավաճ Հայաստանն արդեն մոտ երկու-երեք տարի է, ինչ թե քողարկված, թե թափանցիկ ակնարկներով, թե բացահայտորեն քննադատել է Տիգրան Սարգսյանին: Ընդ որում, այդ քննադատությունը հաճախ հասել է սուր դիմակայության եւ լուրջ խնդիրներ առաջ բերել ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ: Ներկայում, երբ ԲՀԿ-ն կրկին քննարկում է կոալիցիայի գնալու հարցը, հատկապես նախընտրական ընդդիմադիր կեցվածքի պարագայում, Տիգրան Սարգսյանի պաշտոնանկության հարցը ԲՀԿ-ի համար դառնում է աժանապատվության, դեմքը փրկելու միջոցներից մեկը: Ընդ որում, Բարգավաճ Հայաստանին թերեւս չի էլ հետաքրքրում, թե Սերժ Սարգսյանն ու կնշանակի նոր վարչապետ: Իհարկե, Գագիկ Ծառուկյանը գուցե ուրախ լիներ այդ պաշտոնում տեսնել իր խնամուն՝ Հովիկ Աբրահամյանին, բայց ԲՀԿ առաջնորդի համար իհարկե գլխավոր, սկզբունքային հարցը դա չէ, այլ Տիգրան Սարգսյանին չտեսնելը: Բանն այն է, որ եթե ԲՀԿ-ն կոալիցիա մտավ Տիգրան Սարգսյանի վարչապետությամբ, դա արդեն կլինի ԲՀԿ-ի կրկնակի խոնարհում ՀՀԿ-ի առաջ, ինչը Գագիկ Ծառուկյանը բավական լավ է հասկանում: Մյուս կողմից, սակայն, Տիգրան Սարգսյանին պահելն էլ կարծես թե սկզբունքային հարց է դարձել Սերժ Սարգսյանի համար: Բայց, այստեղ իհարկե սկզբունքայինը թերեւս պայմանական, չակերտավոր նշանակություն ունի: Բանն այն է, որ Սարգսյանը ներկայիս վարչապետին պահելու «պարտավորություն» ունի Արեւմուտքի առաջ, քանի դեռ չի ներկայացրել համարժեք այլ թեկնածու: Համարժեքն իհարկե առաջին հերթին երեւի թե այն է, որ նոր թեկնածուն չլինի մականունավոր քրեաօլիգարխիայի դասից, չլինի ռուսական տիրույթից եւ միեւնույն ժամանակ նաեւ հանդիսանա մեկը, ում շուրջ հնարավոր կլինի իշխանության այսպես ասած պահեստային տարբերակ կառուցել 2017-18 թվականների համար, Սերժ Սարգսյանի իշխանության անցումն անցնցում իրականացնելու համար: Այդ իմաստով, Սերժ Սարգսյանը Տիգրան Սարգսյանին բավական երկար պահեց, իսկ Սարգսյանն էլ լիակատար կերպով հնազանդվելով Սերժ Սարգսյանին եւ իր ամեն քայլում հղում անելով նրան, փաստացի կարողացավ ամրապնդվել իշխանական բուրգում, Սերժ Սարգսյանի համար բարդացնելով իրենից հրաժարվելու եւ իրեն փոխարինելու հեռանկարը: Իսկ արեւմտյան վարչապետի խնդիրը սկզբունքային է նաեւ Արեւմուտքի համար, քանի որ խորհրդարանի ընտրության գլխավոր ինտրիգն անշուշտ հենց կառավարության, ոչ թե խորհրդարանական մեծամասնության հարցն է, քանի որ Արեւմուտքի համար պարզ է, որ այդ մեծամասնությունը եղել է, կա եւ դեռ երկար ժամանակ լինելու է հիմնականում կոճակ սեղմող: Ըստ երեւույթին, հենց այստեղ է կոալիցիայի թնջուկի առանցքներից մեկը՝ Գագիկ Ծառուկյանը հանուն իր արժանապատվության պահանջում է Տիգրան Սարգսյանի պաշտոնանկություն, Սերժ Սարգսյանն այդ պահանջը մերժում է քաղաքական աննպատակահարմարությունից ելնելով: Ընդ որում, վարչապետի պաշտոնանկությամբ բնականաբար շահագրգռված կլինի նաեւ ԲՀԿ-ի այսպես ասած քոչարյանական թեւը, քանի որ այդ դեպքում պաշտոնանկությունն այդ թեւը կարող է համարել նաեւ իր հաղթանակն ու այդ պատճառաբանությամբ պահպանել իր տեղը ԲՀԿ խմբակցությունում, ժամանակի ընթացքում այնտեղ առավելություն ձեռք բերելու եւ կուսակցության ղեկը ամբողջությամբ վերցնելու ակնկալիքով: Հատկանշական է, եւ գաղտնիք չէ, որ Տիգրան Սարգսյանն իր պաշտոնավարման առաջին իսկ օրվանից լուրջ ընդդիմություն ունի նաեւ ՀՀԿ-ում: Այստեղ սակայն իրավիճակը բավական բարդ է, քանի որ այդ ընդդիմությունն ամենեւին միատարր եւ միատեսակ չէ: Եվ, ըստ երեւույթին, հենց դա է նաեւ, որ որոշակիորեն օգնում է Տիգրան Սարգսյանին, քանի որ եթե նրա պաշտոնանկության հարցում ՀՀԿ-ում շատերն են շահագրգռված, ապա այդ շատերի մոտ չկա միասնական շահագրգռություն նոր վարչապետի թեկնածության հարցում: Ի տարբերություն ԲՀԿ-ի, ՀՀԿ ներսում Տիգրան Սարգսյանի «ընդդիմախոսների» համար գլխավորը միայն նրա պաշտոնանկությունը չէ, այլ վարչապետի պաշտոնում նախընտրելի սեփական թեկնածուին տեսնելը: Ընդ որում, հավանական է, որ եթե չլիներ Բարգավաճ Հայաստանի կոալիցիա մտնելու խնդիրն ու Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելու ԲՀԿ պահանջը, ապա Սերժ Սարգսյանը գուցե նաեւ գնար վարչապետի պաշտոնի փոփոխության, փորձելով դա ծառայեցնել նախագահի ընտրության իր նպատակին՝ հատկապես նկատի ունենալով վարչապետի պաշտոնանկության սոցիալական պահանջի զգալի առկայությունը, իսկ Արեւմուտքին էլ բավարարելով Տիգրան Սարգսյանին ԱԺ նախագահի պաշտոնը վստահելով եւ իշխանության ծանրության կենտրոնը փոքր ինչ դեպի ԱԺ տեղափոխելով: Այլ կերպ ասած, մի քիչ էլ Տիգրան Սարգսյանի միջոցով փորձելով բարձրացնել ԱԺ դերը: Ընդ որում, դա միանգամայն կտեղավորվեր նաեւ Տիգրան Սարգսյանի գործունեության տրամաբանության մեջ: Բանն այն է, որ նա Հայաստանում համակարգային փոփոխությունները պայմանավորում է օրենսդրական, ինստիտուցիոնալ քայլերի անհրաժեշտությամբ: Այդ դեպքում, քանի դեռ այդ քայլերը չկան կամ բավարար չեն, Տիգրան Սարգսյանը կառավարությունում է զուտ որպես թիրախ կամ որպես շղարշ, շատ դեպքերում արդարացի, որոշ դեպքերում մտացածին, արհեստական: Հետեւաբար, եթե Հայաստանում համակարգային վերափոխումների խնդիրը գտնվում է օրենսդրության դաշտում, ապա այդ վերափոխումները իրականցնողները թերեւս պետք է ձգտեն ԱԺ, ոչ թե կառավարություն, քանի որ օրենքներ ընդունում եւ կառավարության գործունեությունն ուղղորդում ու վերահսկում է հենց ԱԺ-ն, ըստ Սահմանադրության: ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ

No comments: