Saturday, May 19, 2012

Իրանը դատի է տալու Google-ին

Իրանի իշխանությունները հայտարարել են, որ Google-ի դեմ հայց են ներկայացնելու: Պատճառն այն է, որ քարտեզագրական ծառայությունում բացակայում է Պարսից ծոց անվանումը: Այս մասին հայտնում է «Ասոշիեյթիդ Պրեսը»: Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, որոշ ժամանակ առաջ Google Maps ծառայությունում Իրանը արաբական մի շարք երկրներից անջատող ջրային ավազանի Պարսից ծոց անվանումն ամբողջությամբ հանվել է: Mehr գործակալությանը Իրանի ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Ռամին Մեհմանպարաստն ասել է, որ եթե գրությունը շատ մոտ ժամանակներս չվերականգնվի, ապա Google-ը կրելու է «մեծ վնասներ»: Բացի այդ, Մեհմանպարաստը հայտնել է, որ Թեհրանն արդեն ընկերությանը տեղյակ է պահել դատական հայցի մասին: Նշենք, որ վերջին ժամանակներս սրվել են Իրան-ԱՄԷ հարաբերությունները` կապված Պարսից ծոցում (արաբներն այն անվանում են Արաբական) մի քանի կղզիների հետ: Աբու Մուսա, Մեծ և Փոքր Թոմբ կղզիներն արդեն երկար ժամանակ է Թեհրանի և Աբու Դաբիի միջեւ տարածքային վեճի առարկա են: ԱՄԷ-ի իշխանությունների կարծիքով, Իրանն օկուպացրել է այդ կղզիները:

No comments: