Sunday, July 8, 2012

Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովը վերադարձել է հայրենիք

1in.am. 8-7-2012- Ադրբեջանի առաջին նախագահ (1991-1992թթ.) Այազ Մութալիբովը երեկ երեկոյան ՌԴ-ից վերադարձել է Բաքու: Վերջին 20 տարիներին նա բնակվել է Ռուսաստանում, որոշ տվյալներով` վերջին տարիներին եղել է Մոսկվայում: Ինչպես տեղեկացնում է Vesti.ru-ն, նախկին նախագահին Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում դիմավորել են նրա հարազատներն ու մտերիմները: Պետության կողմից Մութալիբովին տրամադրված թիկնազորի ուղեկցությամբ նա ուղևորվել է Բաքվի ծայրամասում գտնվող իր տուն: Մութալիբովի վերադարձը Ադրբեջան հնարավոր է դարձել երկրի խորհրդարանի կողմից ընդունված «Նախկին նախագահին և նրա ընտանիքի անդամներին ապահովելու մասին» օրենքի շնորհիվ: Օրենքի համաձայն` նախկին նախագահը կստանա ամսական թոշակ`գործող նախագահի աշխատավարձի 50 տոկոսի չափով: Հավելյալ ծախսերի համար նրան կտրամադրվի գումար` գործող նախագահի աշխատավարձի 20 տոկոսի չափով: Պետության նախկին ղեկավարի մահվան դեպքում նրա թոշակը կփոխանցվի կնոջը: Օրենքը նախատեսում է նախկին նախագահին տրամադրել ավտոմեքենա, անձնական վարորդ և 3 թիկնապահ: Նախկին նախագահի և նրա կնոջ անձեռնմխելիությունը կպաշտպանվի օրենքով: Այազ Մութալիբովին մեղադրում էին ղեկավարման ընթացքում իրականացրած մի շարք ծանր հանցագործությունների մեջ:

No comments: