Sunday, July 8, 2012

Թուրքական TRT-ն այսօր Հայաստանի մասին վավերագրական ֆիլմ կցուցադրի

News.am. 8-7-2012- Թուրքիայի պետական TRT հեռուստաընկերությունը հուլիսի 8-ի երեկոյան 22։45-ին  (Երեւանի ժամանակով 23։45) ցուցադրելու է «Հեռու հարեւան» ֆիլմը, որը պատմում է Հայաստանի եւ մասնավորապես Երեւանի մասին։ NEWS.am-ի հետ զրույցում «Հեռու հարեւան» ֆիլմի հեղինակ Գյուլգյուն Ջունդեյբեյօղլուն նշեց, որ ֆիլմը քաղաքական նպատակներ չի հետապնդում, այն նպատակ ունի օտարներին ներկայացնել Հայաստանի մայրաքաղաքի հասարակական եւ մշակույթային կյանքը: Նա նշեց, որ ֆիլմում հայկականությունը պահելու համար օգտագործվել են հայ երաժիշտների ստեղծագործությունները։ Գյուլգյուն Ջունդեյբեյօղլուի խոսքով՝ ֆիլմը TRT-ով ցուցադրելուց հետո նախատեսում են մասնակցել նաեւ միջազգային փառատոնների։ Ֆիլմի ռեժիսոր Օզլեմ Օքուլը նշեց, որ ֆիլմը շատ հրաշալի է ստացվել: «Երեւանը գեղեցիկ քաղաք է: Ֆիլմն էլ գեղեցիկ է ու ունի հուզիչ ավարտ»,-ասաց Օզլեմ Օքուլը: Ֆիլմի նկարահանման աշխատանքներն իրականացվել են «Ինտենյուս Հայաստան», «Ինտերնյուս նեթվորք» եւ Ստամբուլի Մշակույթի համալսարանի «Համաշխարհային քաղաքական միտումների կենտրոն»-ի (GPOT) կողմից: Ֆիլմի նկարահանումներն անցկացվել են Երեւանում 2011-ի հունիսին: Ֆիլմի նկարահանման աջակիցներից «Ինտերնյուս Հայաստան» կազմակերպության ներկայացուցիչ Արմեն Սարգսյանը կարեւոր է համարում այն հանգամանքը, որ Երեւանի մասին ֆիլմը նկարահանվել է ոչ թե մասնավոր, այլ պետական հեռուստաընկերության կողմից: Արմեն Սարգսյանի խոսքով՝ ֆիլմի նկարահանման ժամանակ նկարահանող խմբի անդամներն ու ֆիլմի ռեժիսորը նշել են, որ զարմացած են Հայաստանի զարգացածությամբ, քանի որ Թուրքիայում թյուր պատկերացում կա Հայաստանի մասին:

No comments: