Sunday, July 8, 2012

Ադրբեջանը սպառնացել է Գաբալայի շուրջ բանակցությունները տապալելու դեպքում ՌԴ-ին փոխարինել ԱՄՆ-ով ու Թուրքիայով

1in.am. 8-7-2012- 1985 թվականին Ադրբեջանի Գաբալա քաղաքից ոչ հեռու տեղակայված «Դարյալ» տիպի ռադիոտեղորոշիչ կայանը (ՌՏԿ) 2002 թվականին 10 տարով վարձակալության է վերցվել Ռուսաստանի կողմից: Գաբալայի ՌՏԿ-ի գործունեության հեռահարությունը կազմում է 6000 կիլոմետր: Դա բավական է, որպեսզի կայանն արձանագրի Հնդկական օվկիանոսի ջրատարածությունում հրթիռների արձակումը և հետևի դրանց թռիչքի հետագծին: Գաբալայի ՌՏԿ-ի տեսադաշտում ամբողջությամբ գտնվում են Թուրքիան, Իրաքը, Իրանը, Հնդկաստանը և Մերձավոր Արևելքի բոլոր երկրները: Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի խոսքերով՝ Գաբալայի ՌՏԿ-ն Ռուսաստանի հակահրթիռային պաշտպանության 9 կարևոր բաղադրատարրերից մեկն է: Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության ժամկետն ավարտվում է այս տարվա դեկտեմբերի 24-ին, և դրա՝ մինչև 2025 թվականը երկարաձգման շուրջ ռուս-ադրբեջանական բանակցությունները դեռ շարունակվում են: Որոշակի տվյալներով՝ Ադրբեջանը Ռուսաստանից պահանջել է 43 անգամ ավելացնել վարձավճարը՝ 7 միլիոն դոլարից հասցնելով 300 միլիոն դոլարի: Բացի այդ, Ռուսաստանը տարեկան 5 միլիոն դոլար է վճարում կայանի գործածած էլեկտրականության և 10 միլիոն դոլար՝ այլ ծառայությունների համար: Ներկայումս Ռուսաստանը պլանավորել է մինչև 2019 թվականը Գաբալայում գործող հին սերնդի «Դարյալ» տիպի կայանը փոխարինել նոր տիպի «Վորոնեժ-ՎՊ» կայանով, քանի որ այս կայանները մինչև 2020 թվականը պետք է կազմեն հրթիռային հարձակման վաղ զգուշացման ռուսական հեռանկարային համակարգի հիմքը։ Ի տարբերություն «Դարյալ» տիպի կայանի` «Վորոնեժ-ՎՊ» կայանը, որը լինելու է Ռուսաստանի սեփականությունը, մոբիլ կայան է։ Այսինքն՝ այն ցանկացած պահի կարելի է ապամոնտաժել և տեղափոխել այլ վայր։ Ադրբեջանական կողմը՝ հանձինս փոխարտգործնախարար Արազ Ազիմովի, սպառնացել է բանակցությունների տապալման դեպքում Ռուսաստանին փոխարինել երրորդ երկրներով և մասնավորապես ԱՄՆ-ով ու Թուրքիայով: Գաբալայի ՌՏԿ-ի վերաբերյալ իրենց կարծիքներն են հայտնել օտար փորձագետները: Վրացական «Արսենալի» ռազմա-վերլուծական հանդեսի գլխավոր խմբագիր, ռազմական փորձագետ Իրակլի Ալադաշվիլիի կարծիքով՝ Գաբալայի ՌՏԿ-ն Մոսկվայի համար ունի ռազմավարական նշանակություն. «Մյուս կողմից էլ` ներկայիս պայմաններում այդպիսի վիթխարի ՌՏԿ-ներն արդեն իսկ այդքան արդյունավետ չեն: Ժամանակակից ՌՏԿ-ները մոբիլ են, դրանք կարելի է արագ ապամոնտաժել և ընդամենը մեկ մեքենայով փոխադրել նշանակման վայր: Ռուսաստանը կարիք չունի Գաբալայի ՌՏԿ-ի տարեկան վարձավճարի դիմաց Ադրբեջանին վճարել 300 միլիոն դոլար: Ռուսաստանն արդեն իսկ հակաօդային պաշտպանության նոր համակարգեր է ստեղծում Հյուսիսային Կովկասում: Սակայն պետք է հաշվի առնել այն, որ Կովկասյան լեռները փակում են անմիջաբար Ռուսաստանի տարածքում տեղակայված ՌՏԿ-ների տեսադաշտը: Պատահական չէ, որ խորհրդային ժամանակներում որպես ՌՏԿ-ի կառուցման վայր է ընտրվել Գաբալան: Դրա համար էլ Ռուսաստանին հարմար է Գաբալայում աշխատելը»: Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը հուսով է, որ բանակցությունները հաջող ավարտ կունենան, և կողմերին կհաջողվի գտնել ոսկե միջինը. «Կրեմլը մշտապես Գաբալայի ՌՏԿ-ն գործածել է իր խնդիրների լուծման համար: Մենք ցանկանում ենք ավելացնել վարձավճարը, իսկ ռուսական կողմը ներկայացնում է իր առաջարկները: Չեմ կարծում, թե Ռուսաստանը կարող է թեթևությամբ հրաժեշտ տալ այդ կայանին»: Ռուսական Քաղաքական ու ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը գտնում է, որ Գաբալայի ՌՏԿ-ն պետք չէ Ռուսաստանին, և որ այն Բաքվի համար ծառայում է որպես Մոսկվայի դեմ շանտաժի գործիք. «Ես մեծապես հուսով եմ, որ Ռուսաստանը վերջապես կդադարեցնի ռազմական տեսանկյունից այդ անօգուտ օբյեկտի վարձակալությունը, որը նրան պետք չէ: Գաբալայի ՌՏԿ-ն ծառայում է միայն Ռուսաստանին Ադրբեջանի շանտաժի ենթարկելուն: Ռուսաստանը ցայժմ այդ քայլին չի գնացել միայն քաղաքական դրդապատճառներով»: Ադրբեջանցի քաղաքագետ, Բաքվի Արևմտյան համալսարանի պրոֆեսոր Ֆիքրեթ Սադիխովի կարծիքով՝ Ռուսաստանը շահագրգռված է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալությամբ և երբեք էլ չի թաքցրել դա. «Բանակցությունների ժամանակ կողմերը պետք է հաշվի առնեն փոխադարձ շահերը: Սակայն եթե Ռուսաստանը որոշի հրաժարվել Գաբալայից և նոր ՌՏԿ կառուցել իր տարածքում, ապա Ադրբեջանը չի տուժի դրանից: Այդ դեպքում տեսականորեն ճիշտ կլինի կայանը երրորդ երկրին հանձնելը, թեև դա քիչ հավանական է՝ հաշվի առնելով, որ նախկինում ԱՄՆ-ը հրաժարվել է կայանը Ռուսաստանի հետ համատեղ օգտագործելուց: Ներկայումս նույնպես ԱՄՆ-ը հազիվ թե ցանկանա դա, քանի որ ավելի մեծ ուշադրություն է դարձնում արբանյակային դիտարկմանը, արբանյակային տեխնոլոգիաներին»: Սադիխովի հետ այս հարցում համակարծիք է ռուսական Հասարակական-քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Վլադիմիր Եվսեևը. «Այդ կայանը բացարձակապես անհրաժեշտ չէ ԱՄՆ-ին: ԱՄՆ-ը սովորաբար տեղակայում է X-դիապազոնի կայաններ, ինչպես որ արել է Թուրքիայում: Դրանք ունեն փոքր հեռահարություն՝ 1500-1900 կիլոմետր և աշխատում են սանտիմետրային դիապազոնով: Այդպիսի կայաններն ամբողջովին ադապտացված են այն համակարգերին, որոնք առկա են ԱՄՆ-ում: Գաբալայի ՌՏԿ-ն չի կարող ադապտացվել դրան: Ռուսաստանը պատրաստ է Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալման համար վճարել 30 միլիոն դոլարից ոչ ավելի»: Ռուս ռազմական փորձագետ Ալեքսանդր Գոլցը Ռուսաստանի համար Գաբալայի ՌՏԿ-ն համարում է օգտակար, սակայն ոչ կենսականորեն անհրաժեշտ. «Չեմ կարծում, թե Ռուսաստանը լուրջ զիջումների կգնա վարձավճարի ավելացման հարցում, և եթե Ռուսաստանը հեռանա Գաբալայից, ապա դա որևէ լուրջ հետևանք չի առաջացնի տարածաշրջանի համար: Նույնը պետք է ասել Ռուսաստանի անվտանգության համար, քանի որ Արմավիրի ՌՏԿ-ն ի վիճակի է ծածկել Իրանի հետ հնարավոր հակամարտության գոտին»: Ադրբեջանցի ռազմական փորձագետ Ազադ Իսազադեն էլ գտնում է, որ ներկայումս Գաբալայի ՌՏԿ-ն Ռուսաստանին ավելի է անհրաժեշտ, քան՝ օրինակ 20 տարի առաջ. «Մերձավոր Արևելքում, Իրանում ստեղծված իրավիճակը և արաբական հեղափոխությունները մեծացրել են Ռուսաստանի համար այդ ՌՏԿ-ի այժմեականությունը, քանի որ հենց Գաբալայից կարելի է հեշտությամբ հետևել այդ գոտուն (Մերձավոր ու Միջին Արևելք, Պարսից ծոց, Հնդկական օվկիանոսի ջրատարածության մի մաս)»: Ռուս ռազմական փորձագետ, Քաղաքական և ռազմական վերլուծությունների ինստիտուտի (ИПВА) ռազմական կանխատեսման ղեկավար Անատոլի Ցիգանյուկը հնացած է համարում Գաբալայի ՌՏԿ-ն՝ գտնելով, որ այն կարիք ունի արդիականացման. «Ռուսական փորձագիտական շրջանակի համար բավական անհասկանալի է, թե ինչու Ադրբեջանը որոշեց դրա տարեկան վարձավճարը հասցնել մինչև 300 միլիոն դոլարի: Պետք է հաշվի առնել այն, որ Ռուսաստանը Միջին Ասիայում ունեցած իր 8 ռազմաբազաների վարձակալության համար տարեկան վճարում է 160 միլիոն դոլար: Ես լիովին համոզված եմ, որ Ադրբեջանը միտումնավոր է բարձրացրել Գաբալայի ՌՏԿ-ի վարձավճարը, որ Ռուսաստանը ստիպված լինի հրաժարվել դրանից, և նրան փոխարինեն ամերիկացիները՝ Իրանի օդային տիրույթի վերահսկման համար»:

No comments: