Monday, July 9, 2012

Օլիգարխների ազատությունը կամ ինչպե՞ս է վերահսկվում կապիտալի արտահոսքը Հայաստանում

1in.am. 8-7-2012- Այն, որ Հայաստանում արդյունաբերության զարգացման համար խոշոր ներդրումներ են հարկավոր` գաղտնիք չէ ու վաղուց է բազմիցս ասված: Այն, որ մեր օլիգարխներն իրենց կապիտալը սեփական հայրենիքին չեն վստահում ու գերադասում են արտերկրում ներդրումներ անել` դա էլ նորություն չէ: Դրա վառ օրինակներն են վրացական ծովափերում բարգավաճող հայ գործարարները, ԱԺ պատգամավոր, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ներդրումները Բուլղարիայում՝ «Գորնա Բանյա» շշալցման ընկերությունում 25 միլիոն եվրո, կամ Լատվիայի մայրաքաղաքում՝ «Ռիգա» հյուրանոցային համալիրում 60 մլն եվրո, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներդրումները աֆրիկյան հանքավայրերում: Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը «ծավալվել» է ԱՄՆ-ում, ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանը 200 միլիոն եվրոյով գնեց ավստրիական Զալցբուրգ քաղաքում շոկոլադի գործարանը, առողջապահության նախկին նախարար Հարություն Քուշկյանն էլ Սոչիում էր հիվանդանոց բացել և այլն, և այլն: Իսկ վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ մի առիթով արդարացրել էր օլիգարխների օտարերկրյա ներդրումները՝ դա անվանելով իր սիրած բառով՝ «դիվերսիֆիկացիա»... «բիզնեսի դիվերսիֆիկացիա»... Ընդ որում՝ այդ «բիզնեսի դիվերսիֆիկացիան», վարչապետի բնորոշմամբ, «ապահովում է մեր երկրի տնտեսական կայունությունը»! Հենց այսպես՝ ոչ ավել, ոչ պակաս: Այսինքն` երկրի ներսում ժողովրդի հաշվին կուտակած գումարներով մարդիկ ապահով բիզնես են սկսում արտերկրում, ու դա կայունացնում է մեր տնտեսությունը: Ընդգծենք, որ ոչ մի պետական կառույց չի էլ վերահսկում ու հստակ տեղեկություն չունի, թե որ օլիգարխը որքան գումար է արտահանում հայրենիքից ու ինչ նպատակով: Առավել ևս` այդ գումարները չեն հարկվում: Ֆինանսական միջոցները երկրից դուրս են բերվում հիմնականում բանկերի միջոցով` առանց ստուգելու, թե այդ գումարները փոխանցողները որքան չվճարված հարկային պարտավորություններ ունեն: Մի ժամանակ մասնագետները հաշվարկել էին, որ 2002թ. կապիտալի արտահոսքը երկրից կազմել է 245 մլն դոլար, 2003-ին՝ 314 մլն դոլար, 2004-ին՝ 494 մլն դոլար, 2005-ին՝ 613 մլն դոլար, 2006-ին՝ 794 միլիոն դոլար, 2007-ին հատել է 1 մլրդ դոլարի սահմանը։ Պաշտոնական վիճակագրություն սրա մասին չկա: Ընդհանուր բնակչության մեկ շնչին ընկնող կապիտալի արտահանումը գնահատվում է 340 դոլար, որն ահռելի թիվ է մեր խեղճ ու կրակ երկրի համար: Ինչպե՞ս են վերահսկվում արտերկրում ՀՀ քաղաքացիների կատարած ներդրումները` «Առաջին լրատվական»-ի հարցադրմանն ի պատասխան ՊԵԿ-ից պատասխանել են, որ «Կոմիտեն, ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված իրավասության շրջանակներում, վերահսկում է ոչ թե ՀՀ քաղաքացիների` արտերկրում կատարած ներդրումները, այլ ՀՀ հարկային ռեզիդենտների` Հայաuտանից դուրu uտացած եկամուտները, որոնք ներառվում են Հայաuտանում հաշվարկվող տարեկան եկամտի ընդհանուր գումարում և հաշվի են առնվում եկամտահարկի չափը որոշելիu: Հայաuտանում հարկային ռեզիդենտների վճարած (գանձված) եկամտահարկը պակաuեցվում է հարկի այն գումարի չափով, որը նրանցից գանձվել է oտարերկրյա պետություններում` դրանց oրենuդրությանը համապատաuխան, բացառությամբ այն եկամուտներից oտարերկրյա պետություններում գանձված հարկի գումարի, որը ՀՀ oրենuդրությանը համապատաuխան ենթակա է նվազեցման համախառն եկամտից: Ընդ որում` պակաuեցվող (հաշվանցվող) հարկի գումարի չափը չի կարող գերազանցել oտարերկրյա պետություններում uտացված եկամտից` «Եկամտահարկի մասին» ՀՀ oրենքի դրույթներին համապատաuխան Հայաuտանում վճարման ենթակա հարկի գումարը»: Այսինքն, մարդկայն լեզվով ասած՝ օրենքը լիովին թույլ է տալիս, որ օլիգարխները դրսում ստացված եկամուտները ՀՀ բերելուց այստեղ այլևս հարկ չվճարեն: Իհարկե, ըստ էության, օլիգարխները չեն էլ բերում ու դրսի կապիտալը դրսում էլ պահում են: Ի դեպ, շատ պաշտոնյաներ իրենց գույքի և եկամուտների հայտարարագրերում նշում են մինչև 100% բաժնետոմսերի սեփականություն որևէ ձեռնարկությունում, այդ թվում և՛ տեղական, և՛ արտասահմանյան, սակայն եկամուտ չեն հայտարարագրում: Կամ հայտարարագրերում հաճախ որպես եկամտի աղբյուր նշվում է միայն աշխատավարձը, իսկ բանկային հաշվեհամարներին՝ միլիոնավոր գումարներ: Ինչպե՞ս է սա բացատրվում, ո՞վ է վերահսկում: Այս հարցերին ՊԵԿ-ի պատասխանները շատ խուսափողական էին՝ 2012թ. հունվարի 1-ից ուժը կորցրել է «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքը, և ՊԵԿ-ը պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրման հարաբերություններին առնչվող որևէ գործառույթ այլևս չի իրականացնում, և, հետևաբար, այդ հարցում իրավասու չէ, իսկ նախկին հայտարարագրերում ներառված տեղեկությունները դրամական միջոցների մասին (այդ թվում` բանկերում ունեցած) հրապարակման ենթակա չեն: Իսկ, ընդհանուր առմամբ, միայն տվյալ տարվա աշխատավարձի տեսքով ստացված կամ այլ եկամուտը չի կարող անմիջականորեն որոշել անձի դրամական միջոցների մեծությունը: Ըստ ՊԵԿ-ի՝ դա կարող է կապված լինել ոչ միայն հաշվետու տարվա ընթացքում, այլ նաև նախկին տարիներին անձի ունեցած դրամական միջոցների և եկամուտների մեծության հետ: Այս վերջին արտահայտությունը խիստ համահունչ է Վարդան Օսկանյանի՝ իր ամերիկյան տունը ձեռք բերելու վերաբերյալ «պարզաբանումներին», թե «Օսկանյանների ընտանիքը Մարաշից սկսած երեք սերունդ զբաղվել է ոսկերչությամբ և ադամանդագործությամբ…», այսինքն՝ հարստությունը պապենական է: Հարց կա՞:

No comments: