Wednesday, July 4, 2012

«Իրանի շուրջ լարված իրավիճակից փորձում է օգտվել Ադրբեջանը». Ի՞նչ է նա պատրաստ տալ ԼՂ հարցում ազատ գործելու իրավունքի դիմաց

Panorama.am.3-7-2012- «Թեհրանի դեմ ռազմական գործողություները կարող են սկսվել ոչ շուտ քան
ԱՄՆ նախագահի ընտրությունները և ոչ ուշ` քան Իրանի», - այսօր Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ Երևան-Մոսկվա տեսակամուրջի ընթացքում կարծիք հայտնեց ՌԳԱ Արևելագիտության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող Վլադիմիր Սաժինը: Ըստ բանախոսի` այսօր Իրանի իշխանական ճամբարում նկատվում են որոշ խմորումներ` տարբեր թևերի միջև, և 2013 թվականի ամռանը նախատեսված նախագահական ընտրությունները կհամալրեն իշխանությունը նրանցից մեկի ձերքերում, բնական է`ավելի հեշտ կլինի կոնսոլիդացնել երկրի բնակչությանը: Բացի այդ, փորձագետի կարծիքով` ներկա պահին ռազմական գործողություններից փորձում են խուսափել նաև Թեհրանի հետ բանակցող «վեցնյակի» երկրները, որոնցից ամեն մեկ ունի իր ներքին խնդիրները և դեռ պատրաստ չէ իրադարձության կտրուկ սրմանը: Բանախոսի գնահատմամբ, հուլիսի 1-ից Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցներն արդեն իսկ մեծ լարվածություն են ստեղծում այդ երկրում: «Տարեսկզբից դոլլարը թանկացել է երկու անգամ, գնաճը, ըստ պաշտոնական տվյալների, հասել է 20, իսկ ոչ պաշտոնական` 40 տոկոսի: Հանրության տարբեր օղակներում դժգոհ են նաև Ահմադինեժադի տնտեսական քաղաքականությունից», - նշեց նա: Տեսակամուրջի մյուս մասնակից` Կովկասի ինտիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն իր հերթին կարծիք հայտնեց, որ Իրանի շուրջ իրավիճակը արդեն ոչ առաջին տասնամյակը չէ, որ լարված է: «Իրանական միջուկային զենքի հարցը արևմտյան երկրները չեն կարողանա լուծել այդ երկրի տարածքի ռմբակոծմամբ, իսկ լայնամասշտաբ ցամաքային պատերազմի նրանք պատրաստ չեն, մանավանդ, որ դեռ չի լուծվել Սիրիայի հարցը», - նշեց նա: Տեսակամուրջի մյուս մասնակից` ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն իր հերթին նշեց, որ Իրանի շուրջ լարված իրավիճակից փորձում է լայնորեն օգտվել Ադրբեջանը, որը պատրաստ է տրամադրել իր տարածքը` Թեհրանի դեմ ռազմական գործողություններ ծավալելու համար, բայց որպես փոխհատուցում ստանալ Ղարաբաղյան հարցում ազատ գործելու թույլտվությունը: «Բնական է, որ նման տեսանկյունից` մեզ համար Ղարաբաղյան հարցում նման վտանգը Իրանի շուրջ իրավիճակի անբաժան մասն է», - ասաց նա:

No comments: